ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին պատկան մարմինները քաղաքացիներին հորդորում էին մնալ տանը, իսկ 2021 թվականին հորդորում են մնալ դրսում. պատճառը երկրաշարժն էր, որին, ինչպես պարզվեց, կրկին պատրաստ չենք, քանի որ իրազեկված չենք՝ նման պայմաններում ինչպես վարվել։

Բանն այն է, որ փետրվարի 13-ին Հայաստանում գրանցվեց երկրորդ երկրաշարժը, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նոր որոշել է իրազեկող հոլովակներ պատրաստել, այնինչ դա պետք է արվեր հենց առաջին երկրաշարժի օրվանից սկսած:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հյուսիս-արեւելք` օջախի 10 կմ խորությամբ, եւ այդ ժամանակ ԱԻՆ-ը բավարարվեց միայն հայտարարություն տարածելով, թե Հայաստանում սպասվում են թույլ եւ ուժեղ երկրաշարժեր: Արդեն 8 օր անց  գրանցվեց երկրորդ երկրաշարժը, որն ավելի ուժեղ էր, քան նախորդը, սակայն կրկին չկար իրազեկում, թե ինչպես պետք է վարվեն բնակիչները, ինչ պետք է անեն, այնինչ փաստ է՝ երկրաշարժ եղել էր, եւ հենց ԱԻՆ-ն էր հայտարարել, թե կրկին լինելու է:

Իսկ ո՞վ կամ ո՞ր կառույցը պետք է իրազեկումն ապահովեր։ Հայաստանում կա Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, որի գործառույթների մեջ նշված է. «… նպատակը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, այսինքն` բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած՝ պետության տնտեսական եւ սոցիալական կորուստների նվազեցումը»: Իսկ նպատակներում գրված է. «Սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության իրազեկության եւ պատրաստվածության բարձրացում»: Սակայն հենց այս կարեւոր դրույթն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Եվ սա այն դեպքում, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ունի երկու տնօրեն, 24 բաժին, իսկ թե ինչով են զբաղված, պարզ չէ։ Փաստ է, որ կառույցն այդպես էլ չի կատարում իր գործառույթները, եւ միայն երկու երկրաշարժից հետո է որոշել իրազեկող հոլովակներ պատրաստել, որոնք, հայտնի չէ նաեւ, երբ պատրաստ կլինեն։

Ու տպավորություն է, որ անտեղյակների կառավարություն ունենք. պատերազմին պատրաստ չէինք, երկրաշարժին պատրաստ չենք, նույնիսկ ձյուն է գալիս, շփոթվում են։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին՝ ցերեկը, եղել է ՀՀ Ազգային Ժողովում: Նա հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Վերջինս ցանկացել է տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը: Մեր տեղեկություններով՝ նախապես որոշվել է, որ, բացի այդ հարցից, այլ հարցերի չեն անդրադառնալու, քանի որ հավաքվելու գլխավոր պատճառը եղել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Մեր աղբյուրները նշում են, «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել: Իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը եւս չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով: Լավատեղյակ աղբյուրները նշում են նաեւ, որ իշխանությունը որոշել է հարցը ուղղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչի համար էլ շտապ հավաք է եղել, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին այն ուղղարկել հանձնաժողովի քննությանը: Միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո իշխանությունները կկարողանան հարցը ընդգրկել խորհրդարանի օրակարգ:

 

 

 

 

Չնայած խորհրդարանը փետրվարի 11-ին չընդունեց ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, սակայն օրենքի խախտումները չեն դադարում: Նախ՝ նշենք՝ պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ եւ իմանալ իրենց կարգավիճակը: Սակայն առավել ուշագրավ է, որ Հայաստանում պայքար է տարվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, բայց գլխավոր օրենքի շեղմամբ: Բանն այն է, որ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»: Սակայն օրենքի այս դրույթը հեղափոխական իշխանությունը խախտել է եւ փակել հանրապետական կենտրոնը՝ այն փաստացի տարրալուծելով «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի մեջ: Այսինքն՝ օրենքում գրված է այլ բան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Այսինքն՝ կառավարությունը, նաեւ խորհրդարանը նախորդ տարվա փետրվարին որոշել են կենտրոնը լուծարել, սակայն դրա իրավունքն օրենքով վերապահված չէ: Ընդգծենք, որ արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջապահության նախարարությանը եւ պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումար: Եվ մեծ հավանականությամբ կհաղթի, քանի որ ապօրինությունն ակնհայտ է։

 

 

 

Չնայած 2021 թվականը դեռ նոր է մեկնարկել, սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն մեկ անձից կատարվող գնումների է ձեռնամուխ եղել: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախարարությունն արդեն իսկ պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ փոստային ծառայությունների, էլեկտրականության բաշխման, ինչպես նաեւ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ մատուցելու համար: 256 հազար դրամ արժողությամբ ծառայության մասին պայմանագիրը կնքվել է «Սիլ ինշուրանս» ընկերության հետ, որի հիմնադիրը գործարար Խաչատուր Սուքիասյանն է: Առհասարակ, վերջին շրջանում այս ընկերության հետ կնքված պայմանագրերի թիվը կտրուկ ավելացել է։ 2020 թվականին եւս նախարարությունը հենց այս ընկերության հետ էր 195 հազար 700 դրամի չափով պայմանագիր կնքել: 2020 թվականին կնքված պայմանագրերը բազմազան են եղել, սակայն մեծ տեղ են գրավել դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը, որոնք գնվել են մեկ ընկերությունից: Խոսքը «Խաս-Խազ» ՍՊԸ-ի մասին է, որից գնումներ են կատարվել ընդհանուր 243 հազար դրամի չափով: Մեկ անգամ էլ 100 հազար դրամի չափով գնումներ են կատարվել «Անտիբակ» եւ «Արսանիտ» ՍՊԸ-ներից: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերությունը Երեւանի տարբեր վարչական շրջաններում խանութներ ունի՝ «Հազար ու մի մանրուք»-ը:

 




Լրահոս