Վերջին 10 օրում Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը մարել է: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական Հրաչյա Պետրոսյանի խոսքով` փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի 100 հետցնցում է գրանցվել, բոլորն էլ թույլ էին։ Մասնագետի խոսքով՝ հարեւան երկրներում նույնպես ցնցումներ են եղել։ Եղանակը կապ չունի, երկրաշարժը տարածաշրջանում սեյսմիկ ռեժիմի ակտիվության հետեւանք է:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է իր այն հայտարարության մասին, թե երկրաշարժը վերահսկվում է: Մենք փոխնախարարից փորձել ենք պարզել, թե ինչ քայլեր են իրականացնում հանրության շրջանում խուճապային տրամադրվածությունը հանդարտեցնելու, երկրաշարժի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
-Պարո՛ն Փամբուխչյան, նախօրեին ամբողջ Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ, եւ հիմա էլ հանրության շրջանում խուճապային տրամադրություններ են: Դուք նման հայտարարությամբ հանդես եկաք, որ վերահսկելի է իրավիճակն այս պահին: Բոլորին համար անհասկանալի է, քանի որ տեղեկություններ կան, որ երկրաշարժն անվերահսկելի երուույթ է: Ինչո՞ւ նման հայտարարություն արեցիք:
-Նման հայտարարությունն ուներ հիմք, որովհետեւ մեր սեյսմիկ ծառայության մոնիթորինգային մի քանի համեմատականներ իրար հետ համադրելով՝ ցույց է տալիս, որ տվյալ օջախում, որտեղ եղել էր երկրաշարժը, այդտեղի ընդերքի վերլուծությունը ցույց էր տալիս, որ գնում է դեպի մարման: Այսինքն՝ այդ վերահսկելի բառը ուղղված է եղել դրան, որ գնում է դեպի մարման, այսինքն՝ տվյալ պահին անհանգստանալու ոչինչ չկա: Մենք այդ օրը մի քանի հայտարարություններով հանդես եկանք. մեկն այն, որ գնում է մարման, բայց հետցնցումներ կլինեն, առայժմ բնակչությունը թող մնա բաց տարածքներում, որից մոտ 2 ժամ անց սեյսմիկ ծառայությունից եկած հաջորդ վերլուծության համաձայն՝ արդեն գնում է դեպի մարման, կլինի փոքր բալով երկրաշարժ, ու կլինեն փոքր ցնցումներ, որոնք բնակչությունը գուցե զգա, սակայն իրենից վտանգավորություն չի ներկայացնում: Ու հենց այդպես էլ եղավ. գիշերը 1:27 եղել էր 2-3 բալ երկրաշարժ, բնակչության մի հատվածն ընդհանրապես չէր զգացել, մի հատվածը զգացել էր, բայց իրազեկված էր: Կիրակի օրը նույնպես մենք հայտարարեցինք, որ արդեն գնում է դեպի մարման, այսինքն՝ այն գուշակությունները, որ սոցցանցերում արվում էին, մենք ցույց տվեցինք, որ առկա վերլուծություններով նման ցուցանիշներ չկան, որոնք կարող են կանխորոշել ուժեղ երկրաշարժ: Ուզում եմ նշել, որ երկրաշարժն անկանխատեսելի բնական աղետ է, որի կանխատեսումը շատ դժվար է, բայց կանխատեսումները, մշտական մոնիթորինգը, ընդերքի ջրերի եւ այլնի ուսումնասիրությունները ինչ-որ չափով իրեն դարձնում են ոչ թե կանխատեսելի, այլ սպասելի:
-Այս պահի դրությամբ ինչ-որ ուսումնասիրություն իրականացրե՞լ է սեյսմիկ ծառայությունը, թե բնակիչն ինչ կարող է սպասել:
-Սեյսմիկ ծառայությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Իրականացնում է մոնիթորինգներ եւ պարբերաբար հասարակությանը հաղորդում է այն, ինչ կատարվում է:
-Խուճապային տրամադրությունները ստեղծվում են, երբ հանրությունն իջնում է բակ ու չի իմանում՝ ինչ անել: Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք իրազեկումներ անել, բակերում հանրությանը զգուշացել՝ ինչ քայլեր անեն: Կա՞ նման մտադրություն:
-Մեր կայքի միջոցով իրազեկումները կան: Գուցե ոչ հաճախ, բայց նման իրազեկումներ լինում են մի քանի ծանոթացնող նյութեր, թե երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անել: Իսկ առաջիկայում մենք կունենանք ավելի ընդգրկուն տեսահոլովակներ, որոնք կիրազեկեն քաղաքացիներին:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՕՊԵՐԱՅՈՒՄ
«Հայրենիքի փրկության շարժումը» շաբաթ օրը՝ փետրվարի 20-ին, մեծ հանրահավաք է հրավիրել: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին քաղաքական ընդդիմությունը պատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրահավաքը մեծաթիվ կազմակերպելու համար:
Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պահին որոշված է, որ ընդդիմության լիդերները եւս պետք է ներկա գտնվեն հանրահավաքին ու ելույթներ ունենան: Արդեն հստակ է, որ հանրահավաքին ներկա կգտնվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, եւ նրանք նաեւ ելույթներ կունենան:
Արդեն որոշված է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ներկա կգտնվեն հանրահավաքին, բայց բեմահարթակներից ելույթներ չեն ունենալու, քանի որ քաղաքական լիդերները իրենց հանդիպման վերջին ժամանակ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ իրենց կուսակցության նկատմամբ դեռեւս անհանդուրժողականություն կա հանրության շրջանում, ինչի համար պետք է միառժամանակ ՀՀԿ-ականները ելույթներ չունենան:
Նշենք, որ փետրվարի 20-ն ընտրվել էր այն բանի համար, որ, եղանակային պայմաններով պայմանավորված, կարողանային ընդդիմության ներկայացուցիչները հանրությանը փողոց դուրս հանել, բայց, արի ու տես, կրկին վատ եղանակային պայմաններ են լինելու: Մեր տեղեկություններով՝ շարժման ներկայացուցիչները մտահոգված են նաեւ այդ հանգամանքով, որ այդ օրը իրենց կրկին չի հաջողվելու հոծ բազմություն հավաքել: Իսկ թե մինչեւ այդ քաղաքական լիդերները կրկին հանդիպում կունենան, դեռեւս անհայտ է, քանի որ նրանք վերջնական որոշում այս պահին չունեն:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ
2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջեւ գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ էր տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը: Սակայն նկատենք՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարվել էր ռազմական դրություն, եւ շատերին է հետաքրքրում հարցը՝ արդյոք արական սեռի ներկայացուցիչները կարող են դուրս գալ երկրից: Նախ՝ նշենք՝ կառավարության դեռ սեպտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ ՀՀ արական սեռի 18-55 տարեկան քաղաքացիների ելքը թույլատրվում էր միայն տարածքային զինկոմների գրավոր թույլտվությամբ: Հետագայում ընդդիմությունը փորձեց խորհրդարանում նախագիծ ներկայացնել եւ վերացնել ռազմական դրությունը՝ պատճառաբանելով նաեւ ելքի արգելքը, որը, սակայն, մերժվեց իշխանական ուժի կողմից, սակայն դրա փոխարեն սահմանափակումները մեղմացան:
Մասնավորապես, դեկտեմբերի 2-ին, կառավարության որոշմամբ, փոփոխություններ կատարվեցին Հայաստանում հայտարարված ռազմական դրության որոշման մեջ. չեղարկվեցին հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, ՀՀ մուտքի եւ ելքի սահմանափակումները։ Եվ հենց այդ որոշմամբ էլ չեղարկվեց հայտարարված պահեստազորի սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի մինչեւ 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
ՀՈՒՆԻՍԻՑ ՀԵՏՈ
«Մենք ունենք ճանապարհային քարտեզ մինչեւ հունիս, հունիսից հետո նորից կանդրադառնանք արտահերթ ընտրությունների թեմային. այս խոսակցությունը դեռ շարունակվելու է հունիսին»,- ասել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: «Մենք կգնանք մեր քաղաքական օրակարգով, իսկ հունիսին նորից կխոսենք ժողովրդի հետ»,-նշել է նա: Հարցին, թե այդ դեպքում ինչու իշխանությունը խոսեց արտահերթ ընտրություններից, եթե չէր պատրաստվում դրանք կազմակերպել, Արփի Դավոյանը պատասխանեց. «Որովհետեւ ընդդիմությունն անընդհատ պահանջում էր վարչապետի հրաժարական, որ իրենց թեկնածուն դառնա վարչապետ: Մենք էլ ասացինք, որ այդպես չէ, ժողովուրդը պետք է ընտրի իշխանություն, ԱԺ-ն էլ ընտրի վարչապետ: Բայց արտահերթ ընտրությունների գաղափարը մերժվեց: Պատգամավորը համաձայն չէ, որ հանրության մեջ կա վարչապետի հրաժարականի պահանջ. «Եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ լինի հանրության մեջ, հանրությունից կգան այդ ազդակները. նման ազդակներ հիմա չեն գալիս: Մենք քաղաքացիների հետ շփվում ենք այնպես, ինչպես միշտ շփվել ենք նախկինում»: