Չնայած 2021 թվականը դեռ նոր է մեկնարկել, սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն մեկ անձից կատարվող գնումների է ձեռնամուխ եղել: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախարարությունն արդեն իսկ պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ փոստային ծառայությունների, էլեկտրականության բաշխման, ինչպես նաեւ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ մատուցելու համար: 256 հազար դրամ արժողությամբ ծառայության մասին պայմանագիրը կնքվել է «Սիլ ինշուրանս» ընկերության հետ, որի հիմնադիրը գործարար Խաչատուր Սուքիասյանն է: Առհասարակ, վերջին շրջանում այս ընկերության հետ կնքված պայմանագրերն ավելացել են: 2020 թվականին եւս նախարարությունը հենց այս ընկերության հետ էր 195 հազար 700 դրամի չափով պայմանագիր կնքել:
Ինչպես հայտնի է, պետությունն իր կարիքների համար գնումներ իրականացնելիս մրցույթներ է հայտարարում: Պետական գնումներում պայմանագրերը պետք է կնքվեն առավելապես մրցակցային ընթացակարգերով՝ լինելով հրապարակային, արդար, թափանցիկ եւ մասնակիցների համար հավասար հնարավորություններ ու վերաբերմունք ապահովող: Մուտք գործելով www.e-gov.am կայք եւ այնտեղից ընտրելով մեկ անձից կատարվող գնումներ բաժինը՝ հնարավոր է տեսնել, թե պետական որ մարմինը մեկ անձից ինչպիսի գնում է կատարել, եւ ուսումնասիրել կնքված պայմանագիրը: Մեկ անձը, լինելով ոչ մրցակցային ձեւ, կոռուպցիոն ռիսկերի մեծացման հնարավորություն է ընձեռում: Այդպես է ողջ աշխարհում: Հայաստանում ավելանում է եւս մեկ հանգամանք՝ մեր շուկայի մենաշնորհայնացման համեմատաբար ավելի բարձր աստիճանը:
2020 թվականին նախարարության կնքված պայմանագրերը բազմազան են եղել, սակայն մեծ տեղ են գրավել դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը, որոնք գնվել են մեկ ընկերությունից: Խոսքը «Խաս-Խազ» ՍՊԸ-ի մասին է, որից գնումներ են կատարվել ընդհանուր առմամբ 243 հազար դրամի չափով: Մեկ անգամ էլ 100 հազար դրամի չափով գնումներ են կատարվել «Անտիբակ» եւ «Արսանիտ» ՍՊԸ-ներից: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերությունը Երեւանի տարբեր վարչական շրջաններում խանութներ ունի՝ «Հազար ու մի մանրուք»-ը:
Նկատենք, որ մեկ անձից կատարվող գնումները մշտապես խնդրահարույց են համարվում եւ կոռուպցիոն ռիսկերով լի: 2018-ի առաջին կիսամյակում պետական գնումներում մեկ անձից գնումների մասնաբաժինը կազմել է 55 տոկոս: Մեկ անձից գնումները հիմնավորվում են հրատապ լինելու հանգամանքով: Դա խնդրահարույց է, որովհետեւ անընդհատ մեջբերել այդ հրատապության, անհետաձգելիության հիմքը հանրության մոտ հարցեր է առաջացնում, կասկածելու տեղիք տալիս: Մեկ անձից գնումները մրցակցային պայմաններում չեն կայանում, ինչն էլ հարցեր է առաջացնում:
Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունը սեփական կարիքների համար կատարվող գնումներն իրականացնում են համաձայն «Գնումների մասին» օրենքի։ Այս օրենքը սահմանում է գնումների ընթացակարգներն ու դրանց իրականացման կարգը։ Այսպես, ըստ օրենքի, գնման ընթացակարգերը տարբեր են՝ բաց մրցույթ, հրատապ բաց մրցույթ, գնանշման հարցում, մեկ անձից գնում եւ այլն։
Ե՛վ օրենքով, եւ՛ ընդունված կարգով՝ գնումների իրականացման նախընտրելի ձեւը մրցութային ընթացակարգն է։ Պատճառն այն է, որ մրցութային կարգով իրականացվող գնումները հնարավորինս նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը եւ առավել թափանցիկ են դարձնում գործընթացը։
Մեկ անձից գնումների պարագայում ավելի մեծ է կոռուպցիայի ու կողմնակալության խնդիրը։ «Գնումների մասին» օրենքը կարգավորում է այն դեպքերը, երբ պետական մարմինները կարող են գնումներ իրականացնել մեկ անձից գնման եղանակով։ Դրանք այն դեպքերն են, երբ, օրինակ, տվյալ ապրանքն արտադրում է կամ կարող է մատակարարել միայն մեկ կազմակերպություն, կամ ժամկետների առումով անհնար է կազմակերպել գնման մրցույթ։
Ն. Հ.
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ռուսաստանից Հայաստանի ու Նախիջեւանի տարածքով դեպի Իրան երկաթուղու շինարարության մասին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մեկնարկում է Հորադիզ-Աղբենդ երկաթգծի շինարարությունը: Հաղորդվում է, որ 100 կիլոմետր երկարությամբ ճանապարհը թույլ կտա ուղիղ երկաթուղային հաղորդակցում ստեղծել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ:
ՀԱՇՎԱՐԿՆԵՐ՝ ԱՐՑԱԽԻՑ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռեւս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում է գտնվում շուրջ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթեւան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասել է Բեգլարյանը:
ԴԵՍՊԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առեւտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին եւ նահանգի մի շարք գործարարների։ Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակն ու տնտեսության առանձնահատկությունները։
ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Փետրվարի 14-ին՝ ժամը 21:00-ին, Արցախի մայրաքաղաքի բնակչուհի, 58-ամյա Գ. Ա.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ փետրվարի 13-ի ժամը 12:00-ի սահմաններում իր դուստր 21-ամյա Հ. Ա.-ն տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Անի Ամիրշադյանին սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։ Ըստ այդմ՝ 2021 թվականի ՀՀ վարչապետի աշխատակազմը նախատեսում է ձեռք բերել 40 հատ համակարգչային աթոռ, որոնց համար կվճարի 1,400,000 դրամ, եւս 60 հատ ղեկավարի բազկաթոռի համար կվճարի 4,700,000 դրամ։ Պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու համար կհատկացվի 27.918.900 դրամ, իսկ ռեգուլյար տեսակի համար՝ 93.043.776 դրամ։ Մի քանի գնմամբ վարչապետի աշխատակազմը կգնի 446,000 դրամ ընդհանուր արժեքով 2588 հատ զուգարանի թուղթ։ 3.779.400 դրամի կգնի 60 հատ ծաղկային կոմպոզիցիաներ, եւս 1.541.800 դրամի էլ ծաղիկներ կգնի։ Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսվում է ծախսել 56.700.000 դրամ։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը 278.400 դրամի թվով 232 փողկապ կգնի։ Բացի այդ, կառավարությունը 19,768,000 դրամ կտրամադրվի վարչապետի աշխատակազմի մեկ աշխատակցի վերապատրաստման համար։
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը եւ առաջարկվող լուծումները: Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղեւորափոխադրումների եւ տաքսի ծառայությունների կանոնակարգմանը: Կարեւորվել է նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:
ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ
Հունվարի 27-ից փետրվարի 10-ը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության եւ ԲԸՏՄ տարածքային բաժինների մասնագետները ՀՀ մարզերում իրականացրել են համատեղ շրջայցներ որսի կանոնների խախտման եւ ապօրինի որսի դեպքերի բացահայտման ու կանխարգելման նպատակով: ՀՀ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում արձանագրվել են որսի կանոնների տարբեր խախտումներ, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ, առգրավվել է 4 միավոր որսորդական զենք, որոնցից 3-ն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Ստուգվել է 33 քաղաքացու որս կատարելու թուլտվություն: