ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բացարձակապես նույն եղանակով, ինչ 2007 թվականի աշնանն արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց: Նա առայժմ չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:«Ժողովուրդ»-ը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մտադրությունների մասին զրուցեց տարբեր քաղաքական` ՀՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին,  ապա Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այս պահի դրությամբ խնդրի առնչությամբ պաշտոնական տեսակետ չհայտնեց` ասելով. «ԲՀԿ-ն այդ հարցի կապակցությամբ մեկնաբանություն չունի»: Իսկ Դաշնակցության լիդերներն առհասարակ անհասանելի էին. Հրանտ Մարգարյանը չէր պատասխանում, Վահան Հովհաննիսյանը վատառողջ էր, իսկ Արմեն Ռուստամյանը` Ստրասբուրգում: «Ներքեւներն» էլ չէին տիրապետում իրավիճակին եւ պատասխան չունեին: ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ, ՀՀԿ մամլո խոսնակ -Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց:-Յուրաքանչյուր պաշտոնաթող նախագահ, այդ թվում` երկրի երկրորդ նախագահն իրավունք ունի տնօրինելու իր ծրագրերը եւ որոշելու` երբ եւ ինչ պայմաններում վերադառնա քաղաքականություն եւ ինչպիսի հայտ ներկայացնի: Ինձ այնտեղ մի բան է ուրախացնում կամ ես համամիտ եմ, որ երկրորդ նախագահը, ինչպես եւ մենք մեր ասուլիսների ժամանակ բազմաթիվ անգամ ասել ենք, բացառում է տարբեր երկրների սցենարների կրկնումը Հայաստանում կամ իր վերադարձը չի կապում այս կամ այն երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձության հետ: Այսինքն` այն, ինչ-որ մենք էինք ասում, փաստորեն, այսօր ինքն էլ է ասում:-Իսկ արտագաղթի, սոցիալական ծանր վիճակի հիշատակումն արդյո՞ք չի նշանակում, որ Քոչարյանն ակնարկում է, թե ՀՀԿ-ն է այս վիճակի պատասխանատուն: -Ինչ վերաբերում է գնահատականներին, ցանկացած քաղաքական գործիչ, այդ թվում պաշտոնաթող նախագահը, ազատ է գնահատականներ տալու իր իրավունքի մեջ: -Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն այս հարցազրույցն ընկալո՞ւմ է որպես քաղաքականություն վերադառնալու հայտ:-Ես դա համարում եմ երկրորդ նախագահի հայտարարություն: Ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ինքը եւս իրավունք ունի հայտարարություն անելու:-Ի՞նչ եք կարծում, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա, ո՞ր քաղաքական ուժերի հետ կհամագործակցի:-Այդ հարցը պետք է ուղղել պարոն երկրոդ նախագահին կամ նրա գրասենյակի ղեկավար պարոն Սողոմոնյանին: -Քոչարյանի մասին խոսելիս օրերս հեգնանքով նշել էիք, որ հազիվ ավարտվեցին վիկիլիքսյան ընթերցումները, սկսվեցին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին ռոմանսները: Չե՞ք տեսնում, որ ռոմանսներն իրական են դառնում:-Չէ՛, ես որեւէ քաղաքական գործչի որեւէ քաղաքական հարցազրույց ռոմանս չեմ դիտարկում, այլ որպես հարցազրույց, այս դեպքում պաշտոնաթող նախագահի հարցազրույց:-Այնուամենայնիվ, եթե Քոչարյանը վերադառնա ոչ որպես վարչապետ, այլ, ասենք, նախագահի թեկնածու, ՀՀԿ-ն, ի դեմս նրա, կտեսնի՞  ուժեղ մրցակցի:-Ես եթեներով հարցերին հակված չեմ պատասխանել, որովհետեւ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է: Ես մի բան կարող եմ շեշտել, որ մեր կուսակցությունը համախմբված է նախագահ Սարգսյանի շուրջ եւ վճռական է նրա գլխավորությամբ շարունակելու բարեփոխումները երկրում:ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ-Պարո՛ն Այվազյան, չե՞ք կարծում, որ Քոչարյանի հարցազրույցն, ըստ էության, քաղաքականություն վերադառնալու հայտ էր: -Հավանական չեմ համարում: Իր նշած նախապայմանները ոչ միայն չկան, այլեւ չեն էլ կարող լինել, բացառությամբ սոցիալականի (դրա վերաբերյալ գնահատականի-Ա.Դ.), իսկ մնացած բոլոր բացասական երեւույթները, որ ինքը ներմուծեց Հայաստան, կրկնում եմ, ապացուցում է, որ նման հասարակական պահանջ չկա եւ չի կարող լինել: Հետո` ես կարծում եմ` պահի ինչ-որ պոռթկում էր: -Դուք ասում եք` չկա, բայց ակնհայտ է, որ ինքը կգնահատի ու կասի, որ կա: -Էդ երկրորդ կետն իր պրոբլեմը կլինի արդեն: Չեմ կարծում, սա ինչ-որ էմոցիոնալ պոռթկում է, քանի որ չեմ կարողանում հավատալ, որ ինքը կարողացել է տվյալ պահին սառը հաշվարկ կատարել: Մի խոսքով` անլուրջ եմ համարում:-Պարո՛ն Այվազյան, այնուամենայնիվ, եթե Քոչարյանը փորձի վերադառնալ, Ձեր կարծիքով, ի՞նչ ճանապարհով դա կանի՝ որպես վարչապե՞տ, թե՞ նախագահ: Այս իմաստով կարեւոր են Սերժ Սարգսյանի մտադրությունները:-Սա այդ երկուսի խաղն է: Իրենք լրջագույն խնդիր ունեն` իշխանությունը պահելու հետ կապված, համոզված չեն իշխանությունը պահելու մեջ: Եւ ասեմ, որ տպավորություն է, չնայած, մենք մեկ տարի առաջ գիտեինք, որ Պուտինն է առաջադրվելու, որ ինքը ենթագիտակցաբար փորձում է ներշնչել, որ Ռուսաստանի ներկայացուցիչն է այստեղ, տեղապահը: Բայց քանի որ, կրկնում եմ, իր վերադառնալու որեւէ հնարավորություն չեմ տեսնում, ապա քննարկել ներիշխանական խաղերն  անիմաստ է: Նախ եւ առաջ նրա համար, որ Քոչարյանի հասարակական պահանջ չկա ու երբեք չի եղել, եւ ժողովրդի 95 տոկոսը, որ պահանջում է փոփոխություններ, չի պահանջում  դրանք, որ Քոչարյանը վերադառնա: -Որքանո՞վ այս հայտը կարող է խառնել Հայ ազգային կոնգրեսի խաղաքարտերը: -Բացարձակապես չի կարող խառնել, եւ ընդհանրապես չեմ կարծում, որ նրա այդ հարցազրույցը որեւէ մեկի խաղաքարտերը կարող է խառնել:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս