ՀԻՄՔԵՐԸ ԿՈՐԵԼ ԵՆ ԿԱՄ ՉԵՆ ԷԼ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Արաբկիրում 2010 թվականի մայիսին Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու մասնակցությամբ կատարված Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Վռամ Բաղդասարյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները կորել են, ինչի կապակցությամբ էլ օրերս կրկին հարցաքննվել է Հովհաննես Թամամյանը:Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն այս առիթով ՀՔԾ-ում տեղի ունեցած 4 ժամանոց հարցաքննության ժամանակ բավականին հետաքրքիր ցուցմունքներ է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ: Բանն այն է, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի գրության համաձայն` ԱԱԾ-ն ձեռք է բերել օպերատիվ տվյալներ, որով իբրեւ հիմնավորվել է, որ Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով խեղաթյուրվել են փաստական հանգամանքները: Այդ գրությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ դրա հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ, որով Վռամ Բաղդասարյանն ընդգրկվել է որպես  մեղադրյալ, ում առաջադրվել է մեղադրանք սպանության համար: Նկատենք, որ Թամամյանի ձերբակալությունից հետո այս գործը նոր շրջադարձային ընթացք ստացավ, եւ Վռամ Բաղդասարյանը կալանավորվեց: Վռամ Բաղդասարյանի նոր դատապաշտպան Գայանե Խաչատրյանն էլ երեկ Epress-ին հայտնել է, որ պաշտոնական նամակ է ուղարկել ԱԱԾ` խնդրելով տրամադրել բոլոր գաղտնալսումներն ու օպերատիվ տեղեկությունները, որոնց հիման վրա Վռամ Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: ԱԱԾ-ից ասել են, թե դրանք ուղարկվել են ՀՔԾ, սակայն այնտեղ էլ չկան: Վռամ Բաղդասարյանի մայրը` տիկին Անահիտը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դատախազ Կորյուն Փիլոյանի մեղադրական ճառում կամ դատավարության ընթացքում ունեցած ելույթներում երբեւէ չի շոշափվել այդ գաղտնալսումների բովանդակությունը: Այն դեպքում, երբ միմիայն դրանց հիման վրա կարող էր քրեական գործ հարուցվել Վռամի նկատմամբ: «Սա արվել է մի բանի համար, որպեսզի մի այլ պաշտոնյայի բարեկամի վրայից հանեն մեղադրանքը: Սրա մեջ խառնված են Գորիկ Հակոբյանը, Աղվան Հովսեփյանը, Հովիկ Շահինյանը: Իմ կարծիքով, քանի որ շոշափվել է նաեւ Սերժ Սարգսյանի անունը, ուրեմն նա էլ մեջը կա»,-կայքին ասել է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը:Այսպիսով` Թամամյանի ձերբակալությունից հետո գործն ավելի է խճճվել:




Լրահոս