ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բուհերի ինքնավարության խնդիր կա». ինչ հարցեր են բարձրացրել ռեկտորները նախարարի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը երեկ հանդիպել է պետական բուհերի ռեկտորներին եւ քննարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը  մի քանի հարց է ուղղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին:

-Տիկի՛ն Գալոյան, ի՞նչ մտահոգություններ եք Դուք անձամբ հայտնել նախարարի հետ հանդիպման ժամանակ:

-Կոնկրետ իմ մտահոգությունը եղել է ծրագրային հավատարմագրումը եւ բուհերի լիցենզավորումը: Երկար քննարկել ենք այս հարցը, նաեւ պարոն Թոփչյանն է այնտեղ եղել, եւ մենք մեր մտահոգությունները հայտնելուց հետո ստացել ենք դրական պատասխան, որ այդ բոլոր հարցերը համապատասխան լուծում կստանան: Գիտեք՝ նախորդ խմբագրությունը, որը կար ավելի ընդունելի էր, այս տարբերակում շատ են վրիպակները, անհասկանալի ձեւակերպումները: Մենք այդ բոլոր հարցերի շուրջ երեկ 5 ժամ քննարկում ենք ունեցել նախարարի հետ եւ հուսով ենք դրանք համապատասխան լուծում կստանան:

-Ամենաքննարկված փոփոխություններից մեկը բուհերի ռեկտորների նշանակման հարցն է: Առաջարկված տարբերակը որքանո՞վ է մտահոգիչ Ձեզ համար:

-Իհարկե, այդտեղ բուհերի ինքնավարության խնդիր կա, բայց կոնկրետ ինձ համար օրենքում ավելի սկզբունքային հարցեր կան, քան ռեկտորների ընտրության խնդիրն է: Դա ամենավերջին հարցն է, որ ես կուզեմ անդրադառնալ: Իհարկե, կարող են մտահոգություններ լինել, դրանք անհիմն չեն:

Հավելենք, որ ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումն ենթադրում է տևական գործընթաց և վճարումների կատարում:

Հենց հանդիպման ժամանակ բարձրացվել է նաև բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձևավորման և ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական և բուհի հետ համագործակցող գործարար համայնքը:

Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչև երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, և ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս