Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին արտակարգ ռեժիմով բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացն իրականացնելու և Հայաստանին աջակցելու համար:

Զրույցի ընթացքում փոխվարչապետը, ընդգծելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար, գոհունակությամբ է նշել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին:

Զրուցակիցները քննարկել են 2021-2027թթ. համար ՀՀ-ԵՄ բազմամյա ծրագրի մշակման ընթացքը՝ երկուստեք ընդգծելով փաստաթղթի կարևորությունը համագործակցության զարգացման համար:

Քննարկվել են նաև 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգման ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը:

Զրուցակիցների կողմից ընդգծվել է տնտեսական ակտիվության վերականգման նպատակով Եվրոպական միության կողմից իրականացվող ֆինանսական գործիքների կիրառման անհրաժաշետությունը Հայաստանում: Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը:




Լրահոս