ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հաղորդակցության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Իրանին դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ վստահելի գործընկեր: Անդրադարձ կատարելով արցախյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները: Որպես առաջնահերթություն օր առաջ իրականացնել ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Խորհրդարանի խոսնակը նաեւ հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ արցախահայերի ինքնորոշման իրավունքը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունն ի օգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում:
Դեսպան Զոհուրին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը եւ վերահաստատել է ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման եւ հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր: