ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. ՀՀ և ՌԴ հայտարարությունների տարբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական փակ հանդիպումը։ Ընդ որում, հանդիպմանը զուգահեռ կայացել է նաև երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։

Կրեմլի տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության որոշ արդիական հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Իսկ Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Հայկական կողմը, ըստ հաղորդագրության, մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նույնպես նշված է, որ հայկական կողմը բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը։ Հավելենք, որ Սերգեյ Լավրովը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակցի` Ջեյհուն Բայրամովի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս