Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրյա պետություններում կիրառվող սահմանափակումների մասին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված տեղեկությունները, որոնք պարբերաբար թարմացվելու են։
Ըստ այդմ՝ դեպի ԱՄՆ օդային ճանապարհը օտարերկյա քաղաքացիների համար բաց է միայն այն դեպքում, եթե նախորդ 14 օրերի ընթացքում քաղաքացիները չեն եղել հետևյալ երկրներից մեկում . Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրանի ԻՀ, Չինաստան, Բրազիլիա, Հրվ.Աֆրիկա: Անհրաժեշտ է ունենալ նաև թռիչքից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք, վերջին 90 օրվա ընթացքում COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ տեղեկանք:
Բելառուսի տարածք մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 72-ժամյա PCR-թեստի պատասխան և ինքնամեկուսանան 10 օր:
Արգելվում է ցամաքային և օդային ճանապարհով Գերմանիայի սահմանի հատումը: Ռիսկային սահմաններից Գերմանիա մուտքը արգելվում է, եթե նրանք չունեն Գերմանիայում մշտական բնակության իրավունք, իսկ Հայաստանը 2020 թվականի հունիսի 25-ից այդ ցանկում է:
Դեպի Եգիպտոս օտարերկրացիների համար մուտքի և ելքի սահմանափակումներ գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում:
Իրանի օդային սահմանը բաց է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար, բայց ցամաքային սահմանը փակ է ՀՀ քաղաքացիների համար: ԻԻՀ մուտք գործելիս օտարերկրացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները պետք է ունենան 96 ժամ վաղեմության COVID-19-ի բացասական արդյունքով թեստ։
Լիբանանում օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար գործում են նախկինում կիրառվող ռեժիմները. Լիբանան մուտք գործելու համար 72 ժամ վավերականությամբ ՊՇՌ բացասական թեստի առկայությունը պարտադիր է:
Չինաստանում գործում է փոխադարձության սկզբունքով առանց վիզայի մուտքի ռեժիմ՝ 180 օր բնակվելու իրավունքով: Համաձայն Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունից ստացված տեղեկության, բոլոր ՉԺՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիները, մինչև իրենց երկրի տարածքը լքելը, պարտավոր են հանձնել NAT (nucleic acid test) և IgM (antibody test) թեստեր՝ Հայաստանում ՉԺՀ դեսպանության կողմից լիցենզավորված լաբորատորիայում, որից հետո արդյունքները պետք է վավերացվեն դեսպանության կողմից։
Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ 228–p որոշման համաձայն որոշում է ընդունվել՝ 2021 թվականի փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել Հայաստանի հետ միջազգային ավիահաղորդակցությունը (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ):
Իսկ օդային ճանապարհով ցանկացած երկրից Վրաստան ժամանող բոլոր երկրների քաղաքացիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, կարող են մուտք գործել երկիր, եթե սահմանային անցակետում կներկայացնեն COVID-19-ի ցանկացած տեսակի պատվաստանյութի լրիվ կուրս (երկու դեղաչափ) ընդունած լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ։
ՀՀ քաղաքացիների համար ցամաքային ճանապարհով մուտքը Վրաստան փակ է։