Արցախի տարածքում առայսօր հաշվառվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված 6943 շենք-շինություն, որից 4435-ը` Ստեփանակերտում:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
«Այդ թվում Ասկերանի շրջանում գրանցվել է պատերազմի հետևանքով վնասված 250 շինություն, Մարտունու շրջանում` 1300, Մարտակերտում` 658:Շինարարական վերականգնողական ու վերանորոգման աշխատանքներ են սկսվել Ստեփանակերտի 600 շինություններում, որոնցից արդեն ավարտվել են 270-ի աշխատանքները: Ասկերանում 50 շինությունից ավարտվել է 20-ի շինարարությունը, Մարտունում` 210-ից՝ 72-ի, իսկ Մարտակերտում՝ 46-ից՝ 7 շինությունում ընթացող վերականգնման շինաշխատանքները:Ներկայումս, ընդհանուր առմամբ, Արցախի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում 930 բնակելի շինություններում: Հրետակոծությունից վնասված պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ են ընթացել 2620 քաղաքացիների բնակարաններում, իսկ 1915 բնակչի տրամադրվել է շինանյութ»,-մանրամասնեց Սարգսյանը:
Քաղաքաշինության նախարարի խոսքով, ըստ փորձագիտական եզրակացության՝ մասնավորապես Ստեփանակերտում գրանցվել է ռազմական գործողությունների հետևանքով հիմնովին ավերված 23 շինություն, որոնց նախագծերն արդեն պատվիրված են և շուտով կմեկնարկեն նաև շինարարական աշխատանքները:Մարտունիում հիմնովին ավերվել է 17 տուն, Ասկերանում` 5, Արցախի մյուս շրջաններում հիմնովին ավերված տներ չեն գրանցվել:
«Մայրաքաղաքում և շրջկենտրոններում ընթանում են նաև հին բնակֆոնդի վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ: Նախատեսվում է՝ մինչև ընթացիկ տարվա մայիս, ունենալ լիովին նախապատրաստված տարածքներ՝1500 արագ հավաքվող կոնստրուկցիաներով տների համար»,-ասաց Արցախի քաղաքաշինության նախարարը՝ հավելելով, որ հանրապետության ամբողջ տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ 112 կազմակերպություն: