ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները եւ դրանց ներդրման կարգը»: Մոդելների ներդրման արդյունքում հանրապետության բազմաբնակավայր համայնքներում կձեւավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովելով մատչելիություն, ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ: Բացի դրանից, նախադպրոցական կրթական ծառայություններ չմատուցող բնակավայրերում կձեւավորվեն ցածր արժողությամբ (ծախսարդյունավետ) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող համայնքահեն հաստատություններ: Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ:
Ծառայությունները 3.5-4 ժամ տեւողությամբ են, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։
2.8-ժամյա ծառայությունը կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, եւ համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։
4-4.5 ժամ տեւողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, եւ չկա մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչեւ 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։
8 ժամ ծառայությունը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի համապատասխան շինություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչեւ 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։
Կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության` համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով, կամ առանց որեւէ մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործունեություն իրականացնելու միջոցով:
Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար. այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:
Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար. նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչեւ 15 է, եւ նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է, որ մասնագիտական թիմը 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում կմատուցի նախադպրոցական ծառայություններ։
Գործընթացը կընթանա հետեւյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում եւ հաշվետվությունների ընդունում: Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաեւ պետությունից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաեւ հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։
Նախարարությունը ֆինանսական միջոցները կհատկացնի դրամաշնորհի միջոցով, որոնք նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով եւ սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման եւ երեխաների հետ աշխատող մայրերի համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար: Արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռնվի այլընտրանքային մոդելների ներդրման միջոցով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել այդ տարիքի բոլոր երեխաների համար:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը թեեւ նախորդ տարի՝ 2020-ին, 2019-ի համեմատ, էականորեն նվազել է, սակայն որոշ երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Չեխիայից, Չինաստանից, ուղարկվել է ավելի մեծ ծավալով օգնություն: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
2020-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ներմուծվել 24 մլն 551.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն՝ 2019-ի նույն ժամանակի 110 մլն 860.5 հազար դոլարի մարդասիրական օգնության նկատմամբ: Թեեւ ընդհանուր առմամբ ուղարկված մարդասիրական օգնության ծավալը նվազել է 77.9 տոկոսով, սակայն որոշ երկրներից օգնության քանակը, 2019-ի համեմատ, զգալիորեն ավելացել է: Մասնավորապես՝ Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը, 2019-ի համեմատ, ավելացել է 94.6 տոկոսով՝ կազմելով 1 մլն 173.1 հազար դոլար: Չեխիայից մարդասիրական օգնության ծավալը 2020-ին աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 62.3 հազար դոլար: Չինաստանը նախորդ տարի Հայաստան է ուղարկել 3 մլն 363.2 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որը, 2019-ի համեմատ, ավելի է 38.6 տոկոսով:
Թեեւ Միացյալ Նահանգներից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին նվազել է 40.8 տոկոսով, սակայն 2020-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալում ամենամեծ մասը բաժին է ընկել հենց Նահանգներին՝ 5 մլն 168.4 հազար դոլարի: Հաջորդ ամենամեծ ծավալով օգնությունը եկել է Գերմանիայից՝ 4 մլն 621.1 հազար դոլարի, դրան հաջորդում է Չինաստանը: Ռուսաստանից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին կազմել է 100.5 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ, օգնության կարգով Հայաստան ուղարկված ապրանքներում մեծ տեղ են զբաղեցրել քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները՝ 12 մլն 629.7 հազար դոլարի, սակայն այն, 2019-ին ստացածի համեմատ, նվազել է 84.9 տոկոսով: Նախորդ տարի մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ուղարկվել 4 մլն 924.4 հազար դոլարի մանածագործական իրեր, 2 մլն 109.6 հազար դոլարի սարքեր եւ ապարատներ, սակայն դա, 2019-ի համեմատ, նվազել է 24.8 տոկոսով: 2019-ի համեմատ՝ շուրջ 2.1 անգամ աճել է օգնության կարգով Հայաստան ուղարկված կաշվի հումքի, կաշվի, մորթու եւ դրանցից պատրաստված իրերի ծավալը, 4.6 անգամ՝ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից իրերի ծավալը, իսկ 3.6 անգամ՝ ուղարկված թղթի եւ թղթից իրերի ծավալը:
2020 թվականին մարդասիրական օգնության ծավալը նվազել է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չվերթների դադարեցման, բեռնափոխադրումների կրճատման պատճառով։ Տարեվերջին, սակայն, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ չվերթներով Հայաստան բերվեց մարդասիրական օգնություն։
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳԻՏԻ
ԱԺ պատգամավորներ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Անի Սամսոնյանը, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում հանդիպումներ ունեցան։ Նախ հանդիպում կայացավ Այրում քաղաքի մշակույթի տան հրապարակում, ապա՝ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը։ Մշակույթի տան դահլիճն ամբողջությամբ լեցուն չէր։
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո Հայաստանում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերները, պատասխանեց ներկաների հարցերին։ Նոյեմբերյանցիներին, քաղաքական հարցերից զատ, հետաքրքրում էր սահմանագոտու բնակչության հետ կապված խնդիրների լուծումը։ Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտարարեց, որ հունիսին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, որտեղի՞ց է Էդմոն Մարուքյանը տեղեկացել, որ հունիսին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
ՁԻԵՐԸ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 12-ին Իջեւան քաղաքում՝ Տավուշի մարզկենտրոնի հարավային ծայրին՝ միջպետական ավտոճանապարհին, ձիեր էին թափառում։ Այն օրը՝ կեսօրից հետո, միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջեւան-Դիլիջան հատվածում՝ Հովք գյուղ չհասած, ձիերի երամակ էր կանգնած ավտոճանապահին։ Տավուշի մարզի ճանապարհներին հայտնվող անասունների խնդիրը տարիներ շարունակ առկա է, սակայն չի լուծվում: Տավուշի մարզի տարածքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, հատկապես՝ Իջեւան-Դիլիջան հատվածում, ամեն օր կարելի է տեսնել առանց հսկողության կովերի նախիրներ, ձիերի երամակներ:
Ճանապարհի եզրին արածող կենդանիները Աղստեւ գետից ջուր խմելու համար հատում են ճանապարհը, հաճախ հայտնվում ճանապարհի մեջտեղում՝ ստեղծելով վթարային իրավիճակ: Թափառող կենդանիները երթեւեկող ավտոմեքենաների համար մեծ վտանգ են ներկայացնում հատկապես գիշերային ժամերին: Ճանապարհին հայտնված անասունների պատճառով Տավուշի մարզում բազմաթիվ վթարներ են եղել, շատ ավտոմեքենաներ են ջարդվել: Անցյալ տարի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի որոշմամբ, մարզպետարանում հանձնաժողով ստեղծվեց այդ խնդիրը լուծելու համար, սակայն հիմնահարցն այդպես էլ չի լուծվել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ