«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մեկնարկում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, հանրապետության բոլոր մարզեր են ուղարկում դաբաղի դեմ պատվաստանյութերը: Համաճարակաբանները կստանան ինչպես պատվաստանյութերը, այնպես էլ բաշխման պլանները, եւ ՊՈԱԿ-ի հետ համագործակցող անասնաբույժների միջոցով կբաշխեն դրանք, այնուհետեւ կսկսվեն պետպատվերով պատվաստումները ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների համար: Ամբողջ տարվա ընթացքում պլանավորվում է խոշոր եղջերավորներ կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պատվաստում՝ 1 մլն 762 հազար 630 միջոցառում, եւ մանր եղջերավորների համար՝ 218 հազար 452 միջոցառում: Հնարավոր է, որ այդ միջոցառումների քանակն ավելանա, քանի որ Արցախից Հայաստան են տեղափոխվել կենդանիներ՝ խոշոր եւ մանր եղջերավորներ:
«Ըստ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ գյուղկենդանիների հաշվառուման տվյալների՝ մենք ունենք շուրջ 599 հազար 901 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ՀՀ-ում, դրանցից մոտ 261 հազարը՝ կթվող կովեր, մոտ 666 հազար էլ՝ մանր եղջերավորներ»,- ասում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բաժնի պետ Լեւոն Եղոյանը:
Կարեւոր է, որ դաբաղի դեմ պատվաստումն իրականացվի ճիշտ ժամանակին: Դաբաղի դեմ պատվաստումները կարեւոր են ե՛ւ տնտեսական, ե՛ւ առողջապահական տեսանկյունից: Դաբաղը տնտեսական տեսանկյունից ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Եթե աշխարհում որեւէ երկիր ճանաչվում է դաբաղի տեսանկյունից ոչ ապահով, անցնում է կարանտինային երկրների ցանկ, մսամթերքի, այլ կենդանիների առուվաճառքի շարժերը սկսում են կանգնել: Բացի այդ, կարող է տեղի ունենալ կենդանիների անկում, ինչն էլ հանգեցնում է տնտեսական խնդիրների, գլխաքանակի նվազեցման, կաթնատվատվության, մթերատվության անկման: Ուստի հորդորում ենք համայնքներին եւ անասնապահներին համագործակել ՊՈԱԿ-ի անասնաբույժների հետ եւ չխոչընդոտել պատվաստումներին:
Դաբաղի դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով՝ աշնանային եւ գարնանային, 6 ամիսը մեկ: Իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը պատվաստվում են 4 ամսականից 3 ամիսը մեկ՝ մինչեւ 18 ամսականը, որից հետո պատվաստումներն իրականացվում են 6 ամիսը մեկ հաճախականությամբ:
2021-ին եւս պետպատվերի շրջանակում, պլանային պատվաստումներից բացի, Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու են նաեւ գյուղատնտեսական բոլոր կենդանիների, մասնավորապես՝ խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների եւ ձիերի ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջոցառումներ: Նախատեսվում են խոշոր եւ մանր եղջերավորների՝ բրուցելոզի, խոշոր եղջերավորների լեյկոզի եւ տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաեւ ձիերի խլնախ հիվանդության դեմ ախտորոշիչ միջոցառումը: Ինչ վերաբերում է պլանային պատվաստումներին, իրականացվելու են նաեւ խոշոր եղջերավորների հակասիբիրախտային, խշխշան պալար եւ հանգուցավոր մաշկաբորբ հիվանդությունների դեմ պատվաստումներ:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բոլոր միջոցառումների համար վճարում է հենց ՊՈԱԿ-ը, անասնաբույժների մատուցած բոլոր միջոցառումներն անվճար են գյուղացիների համար:
37 ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Փետրվարի 14-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2649 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2370 դեպք: Կատարվել է 20,097 թեստավորում:
ԿԸՆԴԳՐԿՎԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում. նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաեւ 2020թ. պատերազմական գործողությունների հետեւանքով սահմանամերձ դարձած Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։ Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաեւ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
ՉՎԵՐԹՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է
Ռուսաստանը վերականգնել է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: «Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա-Երեւան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը»,-հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: 2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղեւորափոխադրումները: 2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջեւ գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը: ՌԴ կառավարությունը փետրվարի 3-ի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերականգնվում է օդային հաղորդակցությունը նաեւ Ադրբեջանի հետ՝ Մոսկվա-Բաքու շաբաթական երկու չվերթով: