«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ». ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է Մգեր  Արմենիա անունով, հայտարարեց, որ պատրաստվում է մուտք գործել քաղաքականություն: Ավելին՝ երգիչը պատրաստվում է կուսակցություն հիմնել եւ այս ընթացքում առաջին համագումարի նախապատրաստման աշխատանքներն է կատարում:

 

Ի վերջո, ինչո՞ւ երգիչը նման որոշում կայացրեց:

Այս հարցի պատասխանը ArmLur.am-ը փորձեց ստանալ հենց նրանից:

-Մգե՛ր, օրերս հայտարարեցիք, որ պատրաստվում եք մտնել մեծ քաղաքականություն եւ բացել Ձեր կուսակցությունը։ Ի՞նչը Ձեզ դրդեց գնալ նման քայլի։

-Երկրում ստեղծված իրավիճակն ինձ ստիպեց մտնել քաղաքականություն։

-Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում Ձեր հստակ քայլը ո՞րը պետք է լինի։

-Բառիս ամբողջական իմաստով՝ ազգային համախմբումը։

-Մգե՛ր, այս պահին կուսակցությունը ստեղծելու ո՞ր փուլում եք  գտնվում, եւ ի՞նչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ։

-Հիմա գտնվում ենք համագումար կազմակերպելու փուլում։

 -Հայտնի՞ է արդեն համագումարի օրը, ե՞րբ է այն տեղի ունենալու։

-Ո՛չ, դեռ հայտնի չէ, կարծում եմ՝ շատ շուտով։

-Կուսակցության անունն արդեն հայտնի՞ է։

-Այո՛, մեր կուսակցությունը կոչվելու է «Ազգի ձայն»։

-Ո՞վ է Ձեզ աջակցում կուսակցություն ստեղծելու գործում, կա՞ քաղաքական որեւէ ուժ, որի հետ Դուք համագործակցում եք։

-Ոչ մի ուժի հետ չենք համագործակցում, այս պահին զբաղված ենք համագումարի կայացման աշխատանքներով։

-Ո՞ր ուժերի հետ եք հանդիպումներ, պայմանավորվածություններ ձեռք բերել։

-Ոչ մի ուժի հետ չենք հանդիպել եւ ոչ մի պայմանավորվածություններ ձեռք չենք բերել։

-Մգե՛ր, ֆինանսապես ո՞վ է Ձեզ աջակցում։ Մամուլում էլ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ քաղաքականություն Ձեր մտնելու հիմնական նպատակներից մեկը Ձեր մեծ վարկերն են։ Կա՞ նման բան։

-Իհարկե, նման բան չկա: Ես կարծում եմ, որ աբսուրդ է այն ձեւակերպումը, որ քաղաքականություն իմ մտնելը գումար վաստակելու միջոց է. դա պարզապես աբսուրդ է, իսկ վարկեր, պարտքերի մասին կարող եմ ասել, որ այսօր ամբողջ  ազգը վարկեր ունի։

-Մգե՛ր, կարող ենք ենթադրել, որ այսուհետ Ձեր երգչի կարիերան ավարտվա՞ծ է։

-Ոչ, ես շարունակելու եմ իմ երգչի գործունեությունը երաժշտական, մշակութային ասպարեզում։

-Արդյոք քաղաքականությունը չի՞ խանգարի։

-Ոչ, ամենեւին։

-Մգեր, եթե առաջիկայում կամ մոտ ապագայում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Դուք Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք։

-Այո։

-Առաջնահերթ ի՞նչ հարցերի ուշադրություն կդարձնեք։

-Գլոբալ այն հարցերին ու խնդիրներին, որոնք առաջացել են այս վերջին ժամանակաշրջանում, որոնք լուծումներ են ստանալու։

-Մգե՛ր, ինչո՞ւ պետք է ժողովուրդը Ձեզ վստահության քվե տա։

-Մենք լինելու ենք ազնիվ, եւ իրենք դա անպայման կզգան։

-Ինչպե՞ս պետք է զգան։

-Առաջինը՝ վերացնելու ենք պոպուլիզմը, շատախոսությունը, կառաջարկենք այնպիսի ծրագրեր, որ կստանանք ժողովրդի աջակցությունը։

-Մգե՛ր, Ձեր հիմնած կուսակցությունում կա՞ն մշակութային ոլորտից մարդիկ։

-Այո՛, կան։

-Իսկ ովքե՞ր են նրանք։

-Առայժմ մանրամասներ հայտնել չեմ կարող։

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Հանրահայտ ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմ կբարձրանա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

 

Բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան փետրվարի 17 եւ 18-ին:

Այս ստեղծագործությունը ընտանեկան ֆանտաստիկ կատակերգություն է, նախատեսված  է 16+ լսարանի համար։ Ներկայացումը պատմում է մի սովորական զույգի մասին, որի ընտանեկան տարաձայնությունների լուծմանն ուղղված բոլոր փորձերը հանգեցնում են զվարճալի իրավիճակների: Վառ կերպարներ ու անհավանական իրադարձություններ, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում եթե ոչ ձեզ, ապա ձեր հարեւաններից որեւէ մեկի հետ, պարզապես այդ մասին բոլորը գերադասում են լռել:

Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է: Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Լիա Զախարյանը, Լեւոն Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սաթենիկ Հազարյանը եւ Արա Սարգսյանը:

Րաֆֆի Շարթը ֆրանսիական եւ միջազգային փառատոնների մրցանակակիր է, ֆրանսահայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ եւ կոմպոզիտոր է։ Նա այսօր ստեղծագործող ֆրանսիացի ամենաշատ ցուցադրվող հեղինակն է աշխարհում։

Ծնվելով նկարիչների (հայրը՝ հանրահայտ նկարիչ Սերժ Շարթն է) եւ երաժիշտների (պապը՝ հանրահայտ ֆրանսահայ երգահան Ժորժ Կառվարենցն է, տատն աշխարահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրյանը, մայրը՝ օպերային երգչուհի Մարի Կառվարենցն է) ընտանիքում Շարթի ուղին կանխորոշված էր. արդեն 18 տարեկանում նա նկարահանում է իր առաջին՝ «Ամառային արեւ» ֆիլմը, որը հետագայում գնում է 20th Century Fox հանրահայտ կինոստուդիա եւ ցուցադրվում  Ամերիկայում եւ Անգլիայում։ Ավելի քան 10-ամյա փորձը գովազդային ոլորտում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Kenzo, Peugeot, Lipton, Lotus, Ducros, Essilor եւ Rowenta, թույլ տվեցին նրան հետագայում ստեղծել ժամանակակից պիեսների եւ ֆիլմերի մի ամբողջ հավաքածու, որոնք դարձան հովանավորների բրենդի եւ ապրանքի տեղադրման ամենաարդյունավետ օրինակներից ամբողջ աշխարհում։ Շարթը բազմաթիվ հաջողված պիեսների հեղինակ եւ համահեղինակ է, որոնք զարմացնում են իրենց աշխարհագրական տարածվածությամբ։

Շարթի «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացումը ցուցադրվել է 62 երկրում եւ գրավել ավելի քան 10 մլն հանդիսատեսի սրտեր։ Հաջողված պիեսի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Warner Bros. France-ը։ Շարթը «Մոռացության երեխաները» վեպով անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նրա թատերական ներկայացումներն այժմ ցուցադրվում են աշխարհի տարբեր անկյուններում՝ տարիների ընթացքում պահպանելով արդիականությունը:

 

 

 

ՄՈՏ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՆ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը մոտ է Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգայի» հետ պայմանագիր կնքելուն: 25-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Դուբայ, որտեղ այս օրերին հավաք է անցկացնում «Ռիգան»: Բաբայանի՝ «Ինստագրամ»-ում հրապարակումներից երեւում է, որ նա բուժզննում է անցել լատվիական ակումբի համար: Հիշեցնենք, որ այս ամիս Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը եւ խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։ Դանիայի առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում Էդգար Բաբայանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Բաբայանը 2017-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 111 հանդիպում, դարձել 20 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է կես միլիոն եվրո։ 2014 թվականին հիմնադրված «Ռիգան» Լիտվայի եռակի չեմպիոն է, տիտղոսները նվաճել է 2018-ին, 2019-ին ու 2020-ին:

 

 

 

ԹՐԻՓԼ-ԴԱԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում 105:122 հաշվով պարտվել է «Դենվերին», որի կազմում թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել 23 միավոր հավաքած սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը: «Լեյքերսի» կազմում ամենաարդյունավետը Լեբրոն Ջեյմսն էր՝ 22 միավոր: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

 

 

ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին: «Ես ասել եմ ու էլի կասեմ՝ մեր պատերազմը մարդու դեմ չէ, այլ երկրի վրա ապրող խավարի տիրակալների դեմ։ Աստված վկա, թուրքի դատաստանի օրը դեռ կգա… Զինվենք Աստծո սպառազինությամբ։ Թուրքը դեռ պատասխան է տալու ամեն անմեղ թափած արյան համար։ Նրանք պատերազմում են Աստծո ժողովրդի, Եկեղեցու դեմ։ Շուն թուրքը չի էլ գիտակցում, որ երբեք խավարը չի հաղթում լույսին»,- նշել է Ս. Մարտիրոսյանը:

 




Լրահոս