ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ծավալուն հարցազրույց ունեցավ՝ անդրադառնալով հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի: Ըստ էության, նախկին նախագահն իր այս հարցազրույցով, որը հրապարակվեց երկու մասով, մի քանի նպատակ էր հետապնդում։ Նախ նա փորձեց ձերբազատվել այն տարածված կարծիքից, թե Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ծրագիրն է: Բացի այդ, նա անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության բանակցային պոցեսին եւ բավականին մանրամասն տրամաբանական բացատրություններով փորձեց ապացուցել, որ իր իշխանության տարիներին Հայաստանի դիրքերն իսկապես լավ են եղել:
Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, իր հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»։ Ըստ էության, այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում էր նվազեցնել Կարեն Կարապետյանի վարկանիշը, բայց չստացվեց: Ի վերջո, եթե իշխանությունը փոխանցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ 2018 թվականի մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ մայիսի 01-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։ 2018թ. մայիսի 08-ի ընտրությանը Հանրապետականը կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, Հանրապետական կուսակցության բուն կորիզը չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն կուսակցության հորդորով խմբակցության մի քանի պատգամավորներ ընտրեցին հենց Փաշինյանին, եւ, ըստ այդմ, Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սա էլ ամենը չէ. արդեն հոկտեմբերին Հանրապետական խմբակցության պատգամավորները երկու անգամ չընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, որն էլ հանգեցրեց խորհրդարանի ինքնալուծարմանը: Այսինքն՝ ամենաքիչը երեք անգամ Հանրապետական կուսակցության ուղղակի ջանքերի շնորհիվ է հենց իշխանությունը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:
Այս իրողությունները շրջանցելով ի՞նչ խնդիր էր այդպես լուծում Սերժ Սարգսյանը. նա փորձում էր իր նոր հայտարարություններով հանրության մոտ առկա բացասական տրամադրությունները շեղել դեպի Կարեն Կարապետյանը: Ի վերջո, տարբեր հարցումներով Կարեն Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչներից միակն է, որը բարձր վարկանիշ ունի Հայաստանում։ Նշենք, որ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ չի արձագանքել։
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Իհարկե, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեւական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվոմ պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տեւական ժամանակ կորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին հրահանգված է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել իր բառապաշարի համար: Խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է եւ պետք է ավելի կոռեկտ լինի, սակայն չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր անակնկալ կլքեր խմբակցությունը: Չի բացառվում, որ նրանից պահանջվի վայր դնել նաեւ մանդատը: Բայց Պետրոյանը մտադիր է առանձին ակտիվ գործունեություն սկսել։ Այնպես որ, առաջիկայում կարող են հետաքրքիր զարգացումեր լինել:
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին դեռ փետրվարի 13-ին հայտարարել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը: Եվ եթե ԵԱՏՄ-ն նախկինում մշտապես դիտարկվել է միայն նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրացիա, ապա Իրանի միացմամբ այն դուրս կգա այդ շրջանակներից: Հնարավոր անդամակցության պարագայում Իրանը կկարողանա որեւէ կերպ չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները, նաեւ նոր համագործակցության հարթակ կհանդիսանա Հայաստանի համար: Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի՝ ԵԱՏՄ անդմակացությամբ հատկապես շահագրգռված են իրանցի պահպանողականները: «Նրանք կարծում են, որ կառույցի եւ հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է խորացնել եւ օգտվել նաեւ Հարավային Կովկասում ավտոճանապարհների ապաշրջափակմամբ: Իրանը սա դիտարկում է որպես ուղիղ կապ Նախիջեւանի ճանապարհով դեպի ՌԴ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ճանապարհով: Եվ ինչպես երեւում է, ռուսական կողմը եւս շահագրգռված է այսպիսի հնարավորությամբ», – նշում է նա: Փորձագետի խոսքով՝ Իրանը ԵԱՏՄ-ից սպասում է տնտեսական կապերի զարգացում, նաեւ քաղաքական եւ ռազմական համագործակցություն: Մասնավորապես, իրանական կողմը սպասում է, որ քաղաքական եւ ռազմական համագործակցությունը կարող է անվտանգություն ապահովել Իրանի համար:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրինակ՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-37-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ: Այսպես, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով։ Իսկ, ահա, առեւտրի օբյեկտներում գնորդին վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում եւ օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը եւ հետ չվերցնելը կամ հետ վերցնելուց եւ փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը կառաջացնի տուգանքի նշանակում` 50 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամի չափով: Իսկ մինչ այս նկատենք, որ ոչ պարենային ապրանքների խանութներ կան, որտեղ ոչ միայն հետ չեն ընդունում ապրանքը, այլեւ մինչեւ գնելը սպառողին զգուշացնում են, որ իրենց «ներքին կանոններով» չեն կարող հետ ընդունել ապրանքը, ծայրահեղ դեպքում առաջարկում են փոխանակել նույն գինն ունեցող մեկ այլ ապրանքով: Հուսանք` տնտեսվարողները օրենքի այս փոփոխությունից կզգոնանան եւ, ի վերջո, կսկեն հարգել ու հաշվի նստել սպառողի իրավունքների հետ: