ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նրանք զրուցել են ոլորտի խնդիրների շուրջ: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:

 

-Նախարարի հետ հանդիպում եք ունեցել. քննարկե՞լ եք «Բարձրագույն կրթության մասին» օրենքի այն հատվածը, որը վերաբերում է ակադեմիային:

-Մենք քննարկել ենք օրենքը, որը գտնվում է Ազգային Ժողովում, ոչ միայն այն հատվածը, իրականում՝ այն մասը, որը վերաբերում է գիտությանը, եւ կրթության հետ առնչվող այլ հարցեր:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց եք Դուք դժգոհ, կամ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում օրենքի փոփոխությունում:

-Այն ձեւով, որով հիմա ներկայացված է, լրիվ չի արտահայտում ակադեմիայի այսօրվա կարգավիճակը: Այն կապված է մեր համակարգի  ամբողջ բովանդակությանը: Բացի մեր ակադեմիայի անդամներից, մեր համակարգը ներառում է նաեւ մեր ինստիտուտները: Այ օրենքի թերությունը, որի համար մենք պայքարում ենք, դրան է վերաբերում:

-Իսկ նախարարը կո՞ղմ էր, թե՞ դեմ Ձեր առաջարկություններին: Ի՞նչ դիրքորոշում ուներ նա:

-Դե, այդ հարցի կապակցությամբ անորոշություններ կան: Իրենք ասում են՝ կաշխատենք մի փոքր խմբագրել:

-Մենք տեղեկացանք, որ Ձեր եւ նախարարի  միջեւ ընդհարում է եղել, տարաձայնություններ ունեք: Ո՞րն է խնդիրը:

-Ի՞նչ ընդհարում. եղել է սովորական վեճ այս կամ այն հարցի շուրջ:

-Այսինքն՝ մինչեւ օրենքի գրելն ու քննարկելը Դուք նախապես քննարկում չե՞ք ունեցել: Նախարարի հետ հանդիպում չե՞ք ունեցել:

-Նախ՝ մենք դժգոհություն հայտնեցինք այդ հանձնաժողովում, որը մշակել էր այդ օրենքի նախագիծը: Այդ հանձնաժողովում Գգիտությունների ազգային ակադեմիայից մարդ չի եղել հրավիրված: Ես հաշվում եմ, որ դա կոպիտ սխալ է, որովհետեւ հանրապետությունում գիտության կեսը մեր մոտ է: Ճի՞շտ էր, որ հանձնաժողովներում ինչ քննարկումներ արվել են, ներկա եղել են բուհական ներկայացուցիչներ, ակադեմիայից ներկայացուցիչներ չեն եղել:

-Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ ներկայությունը չեն ապահովել բոլոր բնագավառներից:

-Նրանք չեն ընդունում, որ չեն ապահովել: Իրենք ասում են, որ մենք ավելի այլ ինստիտուտներին, որոնք այսօր գործում են, տվել ենք  ավել մեծ ազատության հնարավորություն: Մենք էլ պնդում էինք, որ այդ ինստիտուտները անազատ վիճակ չունեն:

-Դուք ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ նախարարի աշխատանքը: Կարծես նախկին նախարարից դժգոհություն շատ էր, նոր նշանակում կատարվեց: Կարողանո՞ւմ  եք աշխատել նոր նախարարի հետ:

-Դե, ընդամենը նոր է նշանակվել: Հնարավորությունները՝ իր հետ քննարկելու, վիճելու, ավելի հեշտ է դառնում, քան նախորդ նախարարի հետ էր: Ընդամենը երկու անգամ եմ հանդիպել նախարարին:

-Կարելի՞ է ասել, որ փոխհամաձայնության եք եկել նախարարի հետ, Ձեր խնդիրների հետ կապված լուծումներ տվե՞լ են:

-Լրիվ ոչ, բայց խոստացել է, որ նորից կնայեն մեր առաջարակները: Վերջում կերեւա՝ որքանով է համապատասխանում մեր ցանկությանը:

-«Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելիս որոշված է, որ պետք է համալսարանների ռեկտորներին այսուհետ նշանակի նախարարը. 3 հոգի ընտրեն եւ, ի վերջո, մեկին պետք է նախարարը ընտրի: Դուք կո՞ղմ եք այդ կետին: Չե՞ք կարծում, որ դա կքաղաքականացվի:

-Այդ մեթոդը,  որ 3 հոգի ընտրվում են, հետո դրանցից մեկին նշանակում են վերադաս, դա հայտնագործություն է: Դա ես եմ արել, երբ 1993-2006թթ. եղել եմ համալսարանի ռեկտոր: Այդ ժամանակ, երբ ֆակուլտետի դեկանները պետք է նշանակվեին, ես, ուսումանսիրելով աշխարհում գոյություն ունեցող տարբեր մոտեցումներ, եկա այն եզրահանգման, որ ֆակուլտետի գիտաուսումնական կոլեկտիվը առաջադրում, ընտրում է 3 մարդու եւ ներկայացնում վերադասին: Երկրի ղեկավարը այդ երեքից մեկին նշանակում է: Հիմա այդ սկզբունքն են կիրառել, բայց շատ նեղ ձեւով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉ ԷՐ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

l «Ես համաձայնել եմ մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ իրականացնեմ Կազանյան փաստաթուղթը»,- Իր ծավալուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ էր ենթադրում Կազանյան փաստաթուղթը: Փաստաթուղթը 2011 թվականին ընդունվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից Կազանում  կայացած եռակողմ հանդիպման արդյունքում: Այն ենթադրում էր քայլերի հետեւյալ հաջորդականություն.

 

l հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններից (ավելի քան 4 հազ. քառ. կմ),

l Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաեւ Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միջանկյալ ժամկետի ընթացքում՝ մինչեւ իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր եւ գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն,

l Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցկացվում է քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը,

l Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:

Հավելենք, որ Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը՝ ներկայացնելով մոտ մեկ տասնյակ փոփոխություններ:

Կազանի փաստաթուղթն իր փիլիսոփայությամբ շատ մոտ էր 1997 թվականի փուլային տարբերակին, որին, բազմաթիվ վերապահումներով, Հայաստանի առաջին նախագահը իր համաձայնությունն էր տվել, սակայն իշխանության ուժային թեւը՝ Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դեմ էին, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

 

 

 

ԼԻԴԵՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան ընդդիմության լիդերները հանդիպում են ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ ներկա են եղել նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու իրենց կողմից առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ քննարկել են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցերը: Բանն այն է, որ լիդերները նպատակ ունեն այդ օրը բազմամարդ հավաք անել, ինչի համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պահին որոշված է, որ ընդդիմության լիդերները եւս պետք է ներկա գտնվեն հանրահավաքին ու ելույթներ ունենան: Արդեն հստակ է, որ հանրահավաքին ներկա կգտնվեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, եւ նրանք նաեւ ելույթներ կունենան: Արդեն որոշված է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ներկա կգտնվեն հանրահավաքին, բայց բեմահարթակներից ելույթներ չեն ունենա, քանի որ քաղաքական լիդերները իրենց հանդիպման վերջին ժամանակ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ իրենց կուսակցության նկատմամբ դեռեւս անհանդուրժողականություն կա հանրության շրջանում, ինչի համար, պետք է միառժամանակ ՀՀԿ-ականները ելույթներ չունենան:

 

 

 

ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼ

Բաքու է ժամանել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուջթաբա Զոննուրի գլխավորությամբ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ իրանցի խորհրդարանականները բանակցություններ կանցկացնեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների եւ խորհրդարանի ղեկավարության, ինչպես նաեւ Նախիջեւանի ինքնավարության ղեկավարի հետ։ Բանակցությունների օրակարգի մանրամասները չեն հրապարակվում։ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների պատմական եւ մշակութային ընդհանրությունները՝ Ադրբեջանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականությունում, եւ իրանական պատվիրակության այցը կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը։

 




Լրահոս