Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները։ Սա Արա Այվազյանի հերթական աշխատանքային այցն է Ռուսաստան, որի շրջանակում էլ կայանալու են նրա բանակցությունները Սերգեյ Լավրովի հետ։
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:
Լավրովն ու Այվազյանը վաղը կխոսեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով սպասվող աշխատանքների մասին: Պաշտոնական Մոսկվան հետպատերազմյան շրջանում պարբերաբար հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր առաքելությունը։ Փետրվարի 10-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՁԸհհ-ին տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել էր, որ Մինսկի խումբը կարեւոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն պաշտոնական Բաքվի եւ Անկարայի, չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է։ Ավելին` Ռուսաստանի փոխարտգործնախարարն անցած շաբաթ շեշտել էր, թե համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը նորից օրակարգում է, եւ որ այդ խնդրով պետք է զբաղվի Մինսկի խումբը։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն եւ կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի հետ կապված հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա», – ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նպատակահարմար է, որ Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը։
Այվազյան-Լավրով հերթական հանդիպման նախօրեին պաշտոնական Մոսկվայի տարածած հաղղորդագրությունում կարգավիճակի մասին ասված չէ։
Ինչեւէ, Այվազյանը Մոսկվա այցի նախօրեին՝ փետրվարի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարները շեշտել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում եւ մտքեր են փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
Հավելենք՝ պաշտոնական Մոսկվան հայտարարում է պարբերաբար, որ այսօր կարգավիճակից խոսելը վաղ է, եւ շեշտում է, որ նախ պետք է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում ու զբաղվել ճանապարհների ապաշրջափակման հարցերով։
Եվ վերջում՝ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում էր ունեցել ռուսաստանցի լրագրողների հետ, որի ժամանակ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի փոխանցմամբ, ասել էր, թե հպարտանում է, որ կարողացել է կանգնեցնել պատերազմը Ղարաբաղում։
Հավելենք, նոյեմբերի 9-ի այդ թվում Պուտինի ստորագրած հրադադարի կետերից առնվազն մեկը՝ գերիների վերադարձի մասին կետը, ադրբեջանական կողմը չի կատարում։ Այսօր էլ Ադրբեջանում են գտնվում մեծ թվով հայ գերիներ։
Ն. Հ.
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱՆԵՐ
Արցախի կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման եւ աճուրդի մասին: Համաձայն հրապարակված ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինը, ըստ տարեթվի ու մակնիշի, գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչեւ 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի՝ ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ: Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի են ներկայացվելու նաեւ Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 ավտոմեքենա՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ:
ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Երեկ ոստիկանության Մասիսի բաժին եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, եւ հնարավոր է՝ տուժածներ լինեն։ Ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։ Իսկ նշված վայրից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։
ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Վարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախկին պատգամավորը, որը 2020թ. նոյեմբերի 25-ին հայտարարել էր օրենսդրի մանդատը վայր դնելու եւ Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու մասին: Իսկ ներկա պաշտոնից հրաժարվելը Կարապետյանը պատճառաբանել է նրանով, որ ստեղծված իրավիճակում երկրից բացակայելու ժամանակը չէ: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս է գալիս: «Երկրում արդեն տեւական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը եւ իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլեւս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը»,-ասել է նա: Պետրոսյանի պնդմամբ՝ կշարունակի Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր։
ԵՐԿՈՒ ՍԵԶՈՆ ԿԱՇԽԱՏԵՆ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային եւ ձմեռային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանրային սննդի սեզոնային ծառայության համար օրենսդրական համապատասխան կարգավորումներ է առաջարկում կատարել, եւ այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամառային սեզոնի համար նախատեսված ժամանակահատվածը մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն է, իսկ ձմեռայինինը՝ նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը: Ըստ ՏԿԵՆ-ի՝ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան կհանդիսանա Երեւանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաեւ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր:
ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄ
Եթե մտադիր եք հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ մատուցել եւ չունեք թույլտվություն, ապա կտուգանվեք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների իրականացումը եւ մատուցումը առաջացնում է տուգանքի նշանակում` 1 մլն դրամի չափով: Իսկ, ահա, նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում կտուգանվեք 2 մլն դրամի չափով: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների, պայմանների խախտմամբ տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում նշված արարքը կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կկազմի 1 մլն 300 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամի չափով: