ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀՔԾ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 170 փաստաբան դատարան է դիմել՝ Գլխավոր դատախազությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը մեղադրելով անգործության մեջ։ Նրանք դատարանից պահանջում են խախտված համարել իրենց իրավունքները։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո փաստաբանները դիմել էին Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ռազմական գործողություններից առաջ եւ ընթացքում պետական դավաճանության հոդվածով։

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգիրքը եւ պնդում, որ Գլխավոր դատախազությունն իրենց դիմումից հետո երեք գործողություն պետք է աներ՝ քրեական գործ հարուցեր, մերժեր հարուցումը կամ էլ իրենց դիմումն ուղարկեր քննչական որեւէ մարմին՝ որոշում կայացնելու։ «Մենք ասում ենք, որ պետք է այդ վարկածն էլ քննել, որովհետեւ մինչեւ պատերազմը մենք որոշակի իրադարձություններ ենք վկայակոչել, թեկուզ վարչապետի կողմից այնպիսի արտահայտություններ, որոնք որ կարող էին որոշակի ագրեսիայի բերել, օրինակ՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» բանակցային գործընթացը ձախողելուն կարող էր ուղղված լինել։ Բացի դրանից, օրինակ, Տավուշում տեղի ունեցած դեպքը 2020 թվականի հունիսի 12-ին ու դրանից հետո, եթե հիշում եք, 55 զինծառայող «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրվեց, գումարած 16 հոգի էլ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, այսինքն՝ մոտ 75 զինծառայող պարգեւատրվեց։ Դա այնպես ցուցադրվեց, որ, բնականաբար, կարող էր հակառակորդ պետության մոտ որոշակի բան առաջացնել», – ասել է Զոհրաբյանը։
Փաստաբանների պալատի նախագահը պնդում է՝ իրենց դիմումի հիման վրա իրավապահները դավաճանության հոդվածի շրջանակում պետք է քննեն՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի իր մեղքի բաժինը պատերազմի սկսման հարցում, եւ արդյոք այդ գործողություններում առկա է պետական դավաճանություն, թե ոչ։
«Դրան գումարած՝ հոկտեմբերի 5-ին 2020 թվականի, եթե հիշում եք, պատերազմի ժամանակ մարտակոչ վերջին մեկ տարում զորացրված զինվորներին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը եւ զինվորների քանակ հրապարակեց, որոնք որ մեկ տարի է՝ զորացրվել էին։ Հիմա՝ հարց մեկ՝ այո՛, կարող է անփույթ է գտնվել, փորձ չունի նման իշխանություն զբաղեցնելու, բայց կարող է հակառակն էլ լինի, որ դիտավորությամբ թշնամուն նման ձեւով օժանդակություն է ցուցաբերել, եւ նա առավելություն է ունեցել մեր նկատմամբ», – նշել է Զոհրաբյանը։
Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ գործը հարուցելով՝ կարելի էր պարզել իրականությունը։
«Բոլոր իրադարձությունները, մենք ասում ենք, մեկ անգամ եւս նայեք դավաճանության հանցակազմի աչքերով: Ինչո՞ւ. որովհետեւ եթե իշխանությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք դավաճանության հետ կապ չունեն, այսինքն՝ սա անփութության կամ ինչ-որ բացթողման հետեւանք է, ես կարծում եմ, որ հենց իշխանությունը պետք է շահագրգռված լինի, որ մաքսիմում այս հիմքով քրեական գործ հարուցվի, եւ հենց այս աչքերով բոլորը դիտարկեն, ամեն ինչը դիտարկեն այս աչքերով եւ սրանից հետո հասկանան՝ իրականում դավաճանույթուն եղել է, թե ոչ», – ասել է նա:
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ նիստ էր նշանակել, որը հետաձգվեց։ Հաջորդը նշանակվել է փետրվարի 26-ին։ Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն դեռեւս չեն արձագանքում փաստաբանների նախաձեռնած դատական գործընթացին։

 

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը եւ կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը եւ քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

 

 

ԵՐԵԽԱՆ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
2021 թվականի փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010 թվականին ծնված դստեր նկատմամբ իրենց հարեւանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ: Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Երեխան ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչ, 62- ամյա տղամարդը սեփական սեռական պահանջմունքները բավարարելու նպատակով, դիտավորությամբ, գիտակցելով երեխայի՝ ակնհայտ տասներկու տարին լրացած չլինելու փաստը՝ 2021թ. փետրվարի 7-ին՝ կեսօրին, նրան կանչել է իր տուն, որտեղ երկրորդ հարկի ննջարաններից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ: 62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ակնհայտ տասներկու տարին չլրացած երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով, եւ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին։ Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկներից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երեւույթի, կարող են դիմել ոստիկանություն:

 

 

 

ԿԴԻՄԻ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Այս պահին էլ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից մի քանի մետր են հեռու, նույնիսկ այգիների մի մասն է անցնում ադրբեջանցիներին, անհասկանալի է՝ ինչպես է համայնքը դուրս մնացել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրից։ Այս մասին ասել է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը։ Նշենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտարարել էր, որ Խնձորեսկ եւ Քարահունջ բնակավայրերը սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս են մնացել։
«Սա անընդունելի է։ Զարմանում եմ՝ ինչպես եւ ինչ չափորոշիչներով են նման բան որոշել, որ մեր գյուղը դուրս է մնացել սոցիալական աջակցության ծրագրից։ Զարմանում եմ՝ ինչպես կարող է Քարահունջը դուրս մնալ աջակցությունից։ Ինձ թվում է՝ սա թյուրիմացություն է։ Անհնար է, որովհետեւ միջպետական այդ ճանապարհն անցնում է հենց Քարահունջով։ Սահմանապահներն այս պահին Քարահունջի հողում են կանգնած։ Եթե սա թյուրիմացություն չեղավ, ապա դիմելու ենք կոշտ միջոցների։ Մեր գյուղով անցնող գլխավոր ճանապարհը կփակենք, թող իմանան»,- ասել է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը։
Ըստ նրա՝ գյուղն այս պահին արոտավայրեր չունենալու խնդիր ունի. «Գարունը բացվեց, չգիտենք՝ ինչ է լինելու»։ Վերիջնիս խոսքով՝ գյուղում այս պահին վիճակը համեմատաբար խաղաղ է. «Սակայն հետագայում չենք կարող երաշխավորել բնակչի անվտանգությունը»:




Լրահոս