«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ վաճառել է իր ընկերությունը: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով:
Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ եւ, երեկ տարածված տեղեկությունների համաձայն, փորձում է տեռորի ենթարկել մյուս ընկերություններին եւ մենաշնորհային դիրք գրավել:
Թե ինչու է «Ռան Օյլ» ընկերության սեփականատերն այն վաճառելու որոշում կայացրել, փորձեցինք պարզել հենց նրանից: Գալուստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մասամբ է վաճառել ընկերությունը եւ այժմ էլ համասեփականատեր է հանդիսանում Խաչատուր Սուքիասյանի հետ միասին: Հարցին՝ ինչու է այն վաճառվել, եւ ինչու հենց Խաչատուր Սուքիասյանին, գործարարը նշեց. «Դա իմ ցանկությունն է, ճիշտն ասած, այդպես էր մեզ պետք:
Այնպես չէ, որ կոնկրետ Խաչատուր Սուքիասյանին եմ ընտրել. նա գնորդ է եղել, ես էլ վաճառել եմ: Այնպես չէ, որ հատուկ է այդպես վարվել: Ընկերությունն էլ մասնակի ենք վաճառել, ոչ ամբողջովին», – նշեց նա: Հավելենք, որ «Սիլ կոնցեռն»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ նշում է, թե ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել եւ զբաղվել տարատեսակ բիզնեսներով, այդ թվում` վառելիքի ներկրմամբ, առքով եւ վաճառքով:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։