«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմանը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչեւ ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաստանից: Խմբակցությունում այդքան էլ ոգեւորված չեն այս որոշումով, քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղեկավար շատ հարցերին լուծումներ գտնել: Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Աարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանություններ նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։