«Անանուն աղբյուր» տերմինի փոխարեն՝ «չնույնականացված աղբյուր». փոփոխություններ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողով էին հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ: Խորհրդարանում քննարկում էին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշեց դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:

Ըստ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել:

Պատգամավորները պնդեցին, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» տերմինով: Նրանք ընդգծեցին, որ նախագծում չի լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը:

ՄԻՊ-ը նաեւ նշեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության:

ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ:




Լրահոս