ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վտանգներ էր ներկայացնում Ազգային ժողով բերված ՄԻԱՎ-ին վերաբերող աղմկահարույց նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

45 կողմ, 46 դեմ, եւ 10 ձեռնպահ պատգամավոր, եւ Ազգային ժողովը չընդունեց կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններին նախագծերի փաթեթը:

Նախագծի որոշ դրույթներ մի շարք պատգամավորների մոտ մտահոգություն էր առաջացրել: Օրինակ, նրանցից մեկի՝ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով առողջապահության փոխնախարարի՝ ԱԺ բերած նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքից հանել անձին՝ ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու համար տուգանք սահմանելու կետը։ Իսկ ահա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արժանապատիվ բուժաշխատողների միության» նախագահ Սամվել Գրիգորյանի խոսքով, հիմնական իմաստն այս օրենքի նախագծի, իրավական հիմքեր ստեղծելն էր ՁԻԱՀ-ի կենտրոնի հետագա վերակազմավորման փաստացի լրացման համար.

«Առողջապահության նախարարության մատուցմամբ նախագիծը, մեր համոզմամբ ապօրինի է, քանի որ այստեղ անտեսվեց ՁԻԱՀ-ի օրենքում այն հասկացությունը, երկրորդ հոդվածի երկրորդ պարբերությունը, որով սահմանվում է, որ Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիտորինգի նպատակով գործում է ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնը: Ահա այս նորմը շրջանցելով` կառավարությունը կայացրեց որոշում վերակազմավորվել, փաստացի վերացնել ՁԻԱՀ-ի կենտրոնը: Դա անցյալ տարի կառավարությանը հաջողվեց, այս տարի արդեն մտավ նախագիծ, որը պետք է պոստֆակտում լեգիտիմացներ այդ ապօրինի որոշումը»:

Բայց ինչպես տեսնում եք, նախագիծն անցավ ԱԺ առողջապահության սոցիալական հարցերի հանձնաժողովով, հասավ ԱԺ լիագումար նիստ եւ առաջին ընթերցմամբ ի պատիվ մի խումբ պատգամավորների մեծամասնության, չընդունվեց: Բացի այս, նշենք, որ Հակահամաճարակային ալյանս կոչվող մասնագիտական հարթակի կողմից հրապարակվել է այդ քննարկման ժամանակ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից հնչեցված ստերի շարքը, որոնք, ի դեպ, հասել են 22-ի:

«Փաստացի փորձ էր կատարվել պատգամավորների հանրությանը, անգամ լրատվամիջոցներին մոլորության մեջ գցել, մանեւրել ինչ-որ կեղծիքի միջոցով այլ պատճառաբանություններ բերել այս օրինագծերի համար: Իսկ իրականում, ինչպես նշեցի ամենակարեւոր հանգուցային նպատակը, դա այդ ապօրինի որոշումը, որ կայացվել էր եւ պետք է ասեմ՝ կառավարությունը այդ օրենքի, մեր համոզմամբ, նաեւ այլ դրույթներ է խախտել (Խոսքը ՁԻԱՀ կենտրոնի մասին է-Ս.Հ.):

ՁԻԱՀ-ի կենտրոնի վերացմամբ 50-ից ավել աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից: Բազմափորձ մասնագետներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են այդ բնագավառում, 7-8 տարի ներգրավված են եղել գիտահետազոտական աշխատանքների մեջ, նրանց վրա կատարվել են հսկայական ներդրումներ, տասնյակ հազարավոր դոլարների չափով, կրթման, վերապատրաստման համար եւ այդ մասնագետները ցրվել են հանրապետությունով մեկ»,- մեծ ափսոսանքով նկատեց Գրիգորյանը: Զրույցի ընթացքում մասնագետն ափսոսանքով նկատեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը փաստացի դադարել է գոյություն ունենալուց:

«ՁԻԱՀ-ի կենտրոնը փաստացի միավորվեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, բայց այդ հիվանդանոցն էլ ընդամենը մեկ ամիս հետո, մեր մասնագետների աշխատանքից ազատումից հետո, դարձավ կորոնակենտրոն: Հիմնավորումներ էին բերում, որ ինֆեկցիոն հիվանդություններից մեկն է ՁԻԱՀ-ը, եկեք դիտարկենք ինֆեկցիոն հիվանդությունների համատեքստում, այսօր նման բան չկա: Նորք ինֆեկցիոնը դարձել է կորոնակենտրոն, այնտեղ հետազոտվում, ախտորոշվում, բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք, եւ այդ իսկ պատճառով նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների կազմակերպման, կառավարման գործընթացը հասել է տապալման եզրին: Անունն է մնացել, մինչդեռ պետք է լիներ ուսանողների կրթության դպրոց, որտեղ պետք է նրանք տեսնեին, թե ինչպես են վարվում ինֆեկցիոն հիվանդությունները, բուժվում, այդ բոլորը չկա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Կհիշեք՝ փետրվարի 11-ին խորհրդարանի ամբիոնից առողջապահության նախարարության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարեց, որ այսօր Covid-19-ն է խնդիր մեզ համար, իսկ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ը՝ ոչ, քանի որ ունենք բուժում: Իսկ ահա Սամվել Գրիգորյանի խոսքով, քսան տարի է, ինչ ՄԻԱՎ վարակը գտնվում է շրջապատի համար վտանգ հանդիսացող հիվանդությունների ցանկում, որը հաստատում է կառավարությունը. «Բայց միայն դա չէ խնդիրը. այլ մենք գտնվում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ վարակի զարգացման, տարածման աճի տեմպերը աշխարհում, ամենաբարձրերից մեկն են: Եւ այս տարածարջանում մենք գիտենք միգրացիոն ինչպիսի պրոցեսներ ունենք: Աշխատանքային միգրացիան… պատգամավորն օրինակ բերեց ռուսական մի հրապարակումից, որ արդեն բազմաթիվ մարզեր, շրջաններ կան Ռուսաստանում, որտեղ մեկ տոկոսից բարձր է ՄԻԱՎ-ի տարածվածությունը, իսկ դա, ըստ դասակարգման՝ արդեն համաճարակի վերջնային փուլն է»:

Բայց ինչպես մասնագետն է ասում՝ բուժումն ուղղված է կյանքի երկարացմանը, որակի լավացմանը: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի խոսքով, բուժումը ծախսատար է, եւ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն հիվանդության կանխարգելմանը, ոչ թե բուժմանը:

«Իսկ կանխարգելումը առողջապահության նախարարության գործառույթներից հիմնականներից մեկն է: Եւ ինչպես ցույց տվեց Covid-19-ի համաճարակի դեմ պայքարի կազմակերպումը, այդ կանխարգելիչ գործառույթները թերացված են, դրանք, կարելի է ասել, տապալված են, եւ դրա կառավարումը թույլ վիճակում է: Հիմա ՄԻԱՎ վարակի ասպարեզում ունենալով այսպիսի միջազագային համբավ ունեցող կենտրոն՝ միայն կարելի էր զարգացնել գործառույթները, որովհետեւ կենտրոնը բերում էր պետությանը մեծ դիվիդենտներ, միջազգային օգնություն, գիտահետազոտական աշխատանքներ, մասնագիտական հզոր պոտենցիալ, որոնք այսօր փոշիացված են»,- ցավով նկատեց մեր զրուցակիցը

Այս նախագծի հետ կապված պատգամավորների մտահոգության մյուս առարկան այն է, որ նախարարությունը փորձ էր անում 16 տարեկանի շեմն իջեցնել՝ հասցնելով 14-ի: Պատգամավորները մտավախություն ունեին, որ 14 տարեկան երեխան կարող է գնալ ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել եւ իր վարակված լինելու մասին տեղեկությունը գաղտնի պահել. «Դա հակասության մեջ էր մտնում առողջապահության մայր օրենքի հետ. բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման օրենքի հետ, որտեղ սահմանված է 16 տարեկանից բարձր անձը, երեխան կարող է առանց ծնողի ստանալ բժշկական հետազոտության մասին տեղեկատվություն: Եթե երեխան գնար 14 տարեկանում հետազոտվեր, ստանար պատասխան, բայց բժշկական օգնությունը, միեւնույն է՝ ինքը պետք է ստանար ծնողի կամ ներկայացուցչի համաձայնությամբ 16 տարեկանից: Այսինքն երկու տարվա բաց էր առաջանում»,- տեղեկացրեց Սամվել Գրիգորյանը: Բայց մասնագետը վստահեցնում է, նախագծի այս կետը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում. «Տեսեք, երեխան առանց ծնողի աջակցության ինչպես պետք է ապրի իր հիվանդության հետ, իսկ եթե դիմեր ծայրահեղ քայլերի, արդյո՞ք նա կգիտակցեր հիվանդության ամբողջ ծանրությունը, արդյո՞ք աջակցության կարիք չունի նա: Արդյո՞ք նա գիտակցում է իր քայլերի վտանգավորությունը նաեւ՝ ՄԻԱՎ վարակի տարածման տեսանկյունից. չէ՞ որ ՄԻԱՎ վարակ ունեցող անձը կարող է այն տարածել՚:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս