ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հետ պարզելու համար, թե արդյոք ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում են պնդել, որ Հայաստանի կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական ներկայացնի:
-Պարոն Գրիգորյան, արդյո՞ք ԲՀԿ-ի օրակարգում շարունակում է մնալ իշխանափոխության հարցն ու կառավարության հրաժարականը:
-Մի քանի օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ որևէ բան չի փոխվել, քանի որ ներկայիս իշխանությունները շարունակում են ձախողել և տապալել խնդիրների լուծումը: Արդեն նշել ենք, որ ժողովուրդը հոգնել է միայն խոսքեր լսել, մարդիկ ուզում են՝ առօրյայում իրենց հարցերին լուծումներ տրվեն: Եթե հիշում եք, դեռ ամռանն էր Գագիկ Ծառուկյանը հայտարարել, որ այս իշխանությունները ձախողել են ամեն ինչ, պետք է հրաժարական ներկայացնեն, ու այն ինչ ասվել էր, եղել է, իսկ մեր պահանջում որևէ բան չի փոխվել:
-Ինչպե՞ս եք պատկերացնում երկրում փոփոխությունները, ի՞նչ պետք է անել, որպեսզի պետությունը դուրս գա այս ծանր վիճակից:
-Անելիքների պակաս իսկապես չկա, բայց առաջնահերթ կարծում ենք պետք է լիարժեք վերականգնել փոխհարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ։ Տեսեք՝ մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, պետք է ամրացնենք փոխհարաբերությունները մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ, ու իսկապես ոչ թե միայն խոսքերով, ահլև դա պետք է անել գործով, մեր ամենօրյա աշխատանքով: Սա շատ կարևոր հարց է, որը մեր կուսակցության օրակարգային, ամենօրյա աշխատանքային քննարկումներում առկա է: Մենք պատերազմի ժամանակ շատ լավ տեսանք, որ Ռուսաստանն է, որ հայ ժողովուրդի բարեկամն է ու այդ բարեկամությունը պետք է խորացնել, ամրապնդել ու առաջ շարժվել:
Իհարկե մեզ համար կարևոր է նաև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին միտված առաջնահերթ քայլերը, մասնավորապես՝ Հայաստանում շատ ներդրողներ բերելը։Պետք է շատ ներդրումներ կատարվեն, որպեսզի այսքան խնդիրներին հնարավոր լինի լուծում տալ: Գագիկ Ծառուկյանը բազմիցս է խոսել այդ մասին, մենք այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանքներ պետք է տանենք:
-Առաջ շարժվելու համար ընդդիմությունն առաջարկում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, նոր կառավարություն ու խորհրդարան ունենալ, բայց իշխանությունը որոշեց, որ հանրային պահանջ չկա: Ի՞նչ եք կարծում ապագայում, երբ հնարավոր կլինի գնալ արտահերթ ընտրությունների ու արդյո՞ք ԲՀԿ-ն կմասնակցի:
-ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, ու ԲՀԿ առաջնորդն ասել է, որ միայնակ, առանց դաշինքի: Արտահերթ ընտրություններ կլինեն, քանի որ այս իշխանությունը 6 ամսվա ճանապարհային քարտեզ էր ներկայացրել, իբրև թե երկիրը ուշքի բերելու համար, բայց արդեն երեք ամիս է անցել ու որևէ փոփոխություն չկա: Իսկ սա բերելու է նրան, որ իշխանությունն ինքնակամ արտահերթ ընտրությունների է գնալու: Պարոն Ծառուկյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ընտրությունների կգնանք միայն նրա հրաժարականի դեպքում, որը շարունակում ենք պնդել: Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը