«ԿՈՂՄ ԵՄ՝ ՌՈՒՍԵՐԵՆԸ ԼԻՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ԱՐՑԱԽԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ազգային Ժողովի օրակարգում ներկայացվել է նախագիծ՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Մասնավորապես, Արցախի Հանրապետության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է ռուսերենը եւս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։ Արցախի «Միասնական Հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, թե կողմ է, որ Արցախում ռուսերենը լինի պաշտոնական լեզու: Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում, երբ շփումներն ավելացել են ռուսական կողմի հետ, պետք է բոլորը իմանան այդ լեզուն:

 

-Ո՞վ է որոշել նման նախագծով հանդես գալ: Դուք կողմնակի՞ց եք, որ Արցախում ռուսերեն լեզուն եւս լինի պաշտոնական:

-Նախաձեռնությունը կրթության հանձնաժողովի տարբեր խմբակցություններից 3 հոգու կողմից է ներկայացվել: Երկրորդ պաշտոնական լեզու ճանաչելու համար կարծիքս դրական է: Ռուսերեն լեզուն էնպես չէ, որ դուրս էր եկել Արցախից որպես պաշտոնական լեզու: Այս կամ այն հարթակներում միշտ էլ լինում էր թե՛ մարդկանց խոսակցականում, թե՛ պաշտոնական գրագրություններում: Իմիջիայլոց, դա գալիս է նաեւ խորհրդային տարիների եղած իրավիճակից, քանի որ ԼՂԻՄ-ը եղել է Ադրբեջանի ԽՍՀՄ կազմից կցված, ու ցանկացած ձեւով հենց Ադրբեջանի կողմից  կատարվում էր հայոց լեզվի դիրքի իջեցման պրոցես: Եվ արդեն 1988-ականներին գրեթե բոլոր հայկական դպրոցներում մտցրել էին ադրբեջաներեն դասընթացներ: Ու Արցախի ժողովուրդն ինչ-որ կերպ փորձում էր դիմակայել դրան: Այդ կերպով հայոց լեզվի հետ նաեւ ռուսաց լեզուն մտել է արցախցու առօրյայի մեջ: Հիմնական պատճառը դա է: Դրանով հայոց լեզվի դերը չի իջնելու, քանի որ մենք  ծնվել, դաստիարակվել ենք հայոց լեզվով, գրականությամբ: Ըստ իս՝ ավելի փոքր ազգությունները պետք է ունենան նաեւ երկրորդ պետական լեզուն, որպեսզի ավելի հեշտ լինի շփվել արտաքին աշխարհի հետ:   Ամեն դեպքում, ես դրական եմ արձագանքում: Իհարկե, գոյություն ունի նաեւ խաղաղապահների գործոնը, նրանց հետ շփումն իրականացվում է ռուսաց լեզվով: Սա նաեւ  նպաստելու է մեր սերտ համագործակցությանը:

-Այսինքն՝ առօրյայում արցախցիների ու խաղաղապահների  միջեւ շփում լինո՞ւմ է:

-Միանշանակ, բոլոր ասպեկտներում համագործակցություն կա թե՛ խաղաղապահ առաքելության, թե՛  գերիների վերադարձի, թե՛ անհետ կորածների փնտրտուքների, ինչպես նաեւ սահմանային միջադեպեր լինելու դեպքում արագ արձագանքում են:

-Պարո՛ն Հայրապետյան, կարո՞ղ ենք ասել, որ ամբողջ Արցախը՝ պետական պաշտոնյաները, պատգամավորները, բոլորը կողմ են, որպեսզի հաստատվի ռուսերենը՝ որպես երկրորդ  պետական լեզու: Այսինքն՝ բոլորն այդ կարծիքի՞ն են:

-Ես բոլորի անունից չեմ կարող ասել, բայց ինչքան շփումներ են տեղի ունեցել թե՛ պաշտոնյաների, թե՛ հասարակ քաղաքացիների հետ, բացասական ոչ մի չենք ստացել:

-Ե՞րբ կքննարկեք հարցը խորհրդարանում: Ըստ Ձեզ՝ ե՞րբ այն կընդունվի, քանի որ նաեւ տեղեկություններ կան, որ այն սահմանադրական օրենք է, եւ պետք է Սահմանադրությամբ փոփոխություն կատարվեն: Երկա՞ր պրոցես է լինելու: Ե՞րբ նախագիծը կքննարկեք ու կքվեարկեք: 

-Քննարկման, ընդունման մանրամասների  մասին մենք կխոսենք դեռ, քանի որ այս պահին ամսաթիվ կամ օրվա մասին խոսելու տեղեկություն չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՆԱԽԱԳԻԾ

2021-ի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավոր դիմել են ԱԺ նախագահին՝ ԱԺ հայտարարության նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Թագուհի Թովմասյանը խորհրդարանին առաջարկում են ընդունել «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

 

2020թ. դեկտեմբերի 8-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերեվարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց:

Ադրբեջանն իր այս քաղաքականությամբ, ըստ պատգամավորների, արհեստական ձգձգում է իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերիների հայրենադարձման գործընթացը, ավելին՝ նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները: Ադրբեջանի այս քաղաքականության հետեւանքով կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր գերիների հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ խոչընդոտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի /«Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»/ իրականացմանը:

Հայտարարությամբ նախագծի հեղինակները՝ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Վարդան Աթաբեկյանը, նպատակ ունեն խորհրդարանական երկրի թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի կողմից դատապարտել Ադրբեջանի հակամարդկային պահվածքը, ինչպես նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացի կյանքի կոչմանը:

 

 

 

 

«ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՑ»

Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից ապամոնտաժվեց: Ինչպես հայտնի է, վրանները հրապարակում տեղադրվել էին դեռ դեկտեմբերի 22-ին։ Եվ այդ օրվանից՝ յուրաքանչյուր օր, ընդդիմության ներկայացուցիչները գիշերում էին հրապարակում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Սակայն, ArmLur.am-ի տեղեկություններով, ընդդիմությունը փոխում է մարտավարությունը, եւ հենց այդ նպատակով են նաեւ վրաններն ապամոնտաժվել: Այսինքն՝ այլեւս նստացույցով եւ այնտեղ գիշերելով ընդդիմությունը չի պայքարի եւ կանցնի ավելի ակտիվ գործողությունների: ArmLur.am-ը նաեւ եղել էր Հանրապետության հրապարակում` պարզելու համար, թե քաղաքական ուժերը ինչպես են հերթապահության օրերը բաժանել միմյանց միջեւ: Մենք պարզել էինք նաեւ, որ քաղաքական ուժերը պետք է այդ օրն ապահովվեն փայտով, քանի որ այնտեղ վառարաններ են տեղադրված, սուրճով ու թեյով, ինչպես նաեւ բոլոր անհրաժեշտ այն իրերով, որը պահանջվում է մեկ օր վրանում գիշերելու համար: Իսկ այժմ, փաստորեն, թեյախմությունն ավարտվեց, եւ փետրվարի 20-ից սկսած՝ ընդդիմադիրները փոխում են մարտավարությունը:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ

Արդեն տեւական ժամանակ է՝ Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասապրոցեսը դադարեցված է։ Աշակերտներն ու ուսուցչական կազմը դպրոց չեն գալիս։ Դասերի դադարեցման պատճառ է հանդիսացել նոր տնօրենի ընտրությունը։ Երեկ նրանք հավաքվել էին Շիրակի մարզպետարանի մոտ ու պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, որ նա լսի եւ վերջնական լուծում տա այս խնդրին։

Նշենք, որ դպրոցի հանրույթի բողոքը վարույթ էր ընդունել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Հիշեցնենք, 2020 թվականի սեպտեմբերի 15-ին կայացել էր Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ։ Այն կայացել էր երկու թեկնածուների միջեւ։ Մրցույթի արդյունքներով՝ դպրոցի կառավարման խորհրդի ձայները բաշխվել էին 4-2 հարաբերակցությամբ, սակայն վերջնարդյունքում ստացվել է հետեւյալը՝ փոխվարչապետի հետ երկու թեկնածուների հեռավար հարցազրույցից հետո առաջարկվել է տնօրենի թեկնածու նշանակել 2 միավոր ստացած թեկնածուին, այլ ոչ կրկնակի միավոր ստացած, նույն դպրոցի երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։




Լրահոս