ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ՝ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանություններն արդեն Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին հանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ պետք է հարցը քննարկեն ու ներկայացնեն իրենց դիրքորոշումը: Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ այս խորհրդարանի նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել ու ունենալ իրենց սրտով Ընտրական օրենսգիրք ինչի համար էլ շտապողականություն են դրսեւորել այս հարցում:

 

Եւ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձեւակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին: Ու դեռեւս 2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված նոր Սահմանադրությամբ՝ եթե կուսակցությունը 54 տոկոս ձայն է հավաքում, ապա նրան «բոնուսներ» են տրվում, ու մի քանի պատգամավորներ խորհրդարան են մտնում: Ըստ մեր տեղեկությունների՝ նախորդ իշխանություններն այդ ամենն արել են այն բանի համար, որ ունենան «պահուստային» պատգամավորներ, եթե չկարողանան ինչ-որ հարցում քվերակություն ապահովել, ապա օգնության պետք է հասնեին այդ պատգամավորները՝ ապահովելով իրենց սրտի քվեարկությունը:

Բայց, արի ու տես, այս իշխանություններին «կայուն մեծամասնությունը» պետք չէ, ու որոշել են ազատվել այդ տերմինից: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն այն փոփոխել ԱԺ ընդդիմության միջոցով, եթե նրանք համաձայնեն խորհրդարանում հարցը քննարկել ու քվեարկել: Իսկ եթե խորհրդարանի ընդդիմությունը չհամաձայնի, ապա իշխանությունները ստիպված կլինեն համակերպվել այդ ձեւաչափով ընտրություններին մասնակցելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նոր Ընտրական օրենսգքրի համաձայն՝ անցողիկ է համարվում 4 տոկոս ձայն հավաքած կուսակցությունը՝ նախորդ 5-ի փոխարեն:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս իշխանությունները մեծ տեղ են տվել դաշինքներին: Եթե երկու կուսակցություն դաշինք են կազմել, ապա նրանք խորհրդարանում կհայտնվեն, եթե հավաքեն 8 տոկոս ձայն, երեք դաշինք կազմած կուսակցությունները պետք է հավաքեն 9 տոկոսի շեմը, իսկ 4 դաշինքի դեպքում պետք է հաղթահարեն 10 տոկոսի շեմը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ հայրենի իշխանություններ ցանկանում են, որ խորհրդարանում ոչ թե 3 խմբակցություն լինի, ինչպես այսօրվա խորհրդարանն է, այլ լինի 4 խմբակցություն:

Իշխանությունները նաեւ Ընտրական օրենսգրքից հանել են ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների անցկացումը, քանի որ, նրանց կարծիքով, ճիշտ ձեւաչափը համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն է:

Մեր տեղեկություններով՝ եթե իշխանություններին հաջողվի մինչեւ ամառ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «դաբրոն» ստանալուց հետո, ապա դրանից հետո նոր նրանք կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Իսկ մինչեւ Ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն  պատրաստվում ընտրություններ իրականացնել: Նշենք, որ փետրվարի 13-ին ԱԺ-ում այս հարցի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ միայն քննարկվել էր այս փոփոխությունները եւ այն հանձնաժողով ուղղարկելու հարցը: Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հորդորել էր ակտիվ աշխատել այս ուղղությամբ իրենց ցանկալի նպատակին հասնելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի) եւ Սուրեն Ալոյանին (ք. Արթիկ) պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս կազմակերպություններում ոչ միայն արտադրությունն է կազմակերպվել առանց տեխնոլոգիական հրահանգների առկայության, այլեւ կոպտորեն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Չեն ձեռնարկվել նաեւ համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու, ինչպես նաեւ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմերը չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության: Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

 

 

ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ասել է. «Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը: Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն հայ ռազմագերիների եւ Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր»: Նախարարները կանդրադառնան նաեւ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

 

 

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զրուցել են Այվազյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում: Զրույցներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ:

 

 

 

ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հնարավորություն տալ «Հայփոստ» ՓԲԸ-ին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը մտադիր է «Հայփոստ»-ի 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգել: Տեղեկացնենք, որ խոսքը 2 մլրդ 500 մլն դրամի մասին է: Այսինքն՝ ընկերությունը շահութաբաժնի գծով պարտքի վճարումը կսկսի 2026 թվականից: Տեղեկացնենք նաեւ, որ 2020 թվականի փետրվարի 15-ին ավարտվել է հավատարմագրային կառավարման պայմանագիրը, եւ ընկերությունն անցել է ուղիղ պետական կառավարման: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է ընկերության լիազոր մարմին:

 

 

 

ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։ Հրամանի համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով:  Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են.

տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ եւ աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ; բուժաշխատողներ; 65 տարեկան եւ բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան եւ բարձր տարիքի անձանցից; 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների եւ առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են.

դասախոսներ, ուսուցիչներ; Արտակարգ իրավիճակների նախարարության աշատակիցներ;  զինծառայողներ; ադարադատության ոլորտի աշխատակիցներ; հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ; պետական ծառայողներ:

 

 

 




Լրահոս