ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀՀ ՄԻՊ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱՖՈԲԻԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ իրականացվում է հայատյացության ու թշնամանքի քարոզ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու համար` կեղծելով ու հետո շահարկելով Պաշտպանի հայտարարությունները: Այդ հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ. «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով  շարունակում է ամրապնդվել  հուսահատության փակուղում»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  մշտապես հրապարակում է կոնկրետ ապացույցներ՝ կոնկրետ հղումներով. դրանք արտացոլում են ոչ միայն պետական բարձրագույն իշխանության մարմինների, այլ նաեւ սպորտային, մշակութային ու հանրային գործիչների, այլ իրական օգտատերերի խոսքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ատելության ադրբեջանական քաղաքականության մասին հիմնված են հենց այդ գործոնների վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում է նոր ատելություն, առանց, իհարկե, անդրադառնալու ադրբեջանական զինված ուժերի՝ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին. հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը,  այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, Ստեփանակերտի ծննդատան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, երբ նախապես լայնորեն հրապարակված էր, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված, Արցախի քաղաքներին ու գյուղերին զանգվածային ավերածություններ պատճառելը, այդ թվում` արգելված զինատեսակներով, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը եւ այլն։

Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետեւանքով անօթեւան է դարձել շուրջ 40,000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել են 12 մանկապարտեզ եւ 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ: Խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերին տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում:

Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում եւ ուղարկվում են միջազգային կառույցներին։ Պատերազմական ու մարդկության դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունների կանխումը պահանջում է խիստ պատասխանատվություն. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ։

Ուստի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որեւէ ճնշումից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Արդարադատության նախարարութունը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչներին վերաբերող փոփոխություն է նախատեսված: Նախարարությունն առաջարկում է ՔՕ-ում ավելացնել 3171 հոդվածը՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը: Համաձայն լրացված հոդվածի 1-ին կետի՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2-րդ կետի համաձայն՝ եթե հանրային ծառայության մեջ գտվող անձին վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նախագծում նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաեւ քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Հիմնավորվել է, որ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի համայնքի ղեկավար Ա.Գ.-ն, հաստատապես տեղյակ լինելով համայնքապետրանում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից 2012թ. սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից բացակայելու, մասին, այդ ընթացքում նրա կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում հաստատել է նշված ամիսների աշխատավարձի վճարման՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը: Արդյունքում, նա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է այդ օրերի դիմաց տվյալ անձի անվամբ որպես աշխատավարձ հաշվարկված եւ ելքագրված զգալի չափերի գումարը:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար 2021թ. փետրվարի 17-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։ ԱՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ այն հարուցվել է անցած տարվա դեկտեմբերի 10-ին՝ Արցախում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա, որում ներկայացվել են տեղեկություններ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների /քննությամբ դեռեւս չպարզված/ կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:

 

 

 

ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԵՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են: Այս մասին ArmLur.am-ին տեղեկացնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից: Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւս 106 աճյուն: Երեկ Արցախի փրկարարները, ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել, եւ դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի եւ Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից: Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր դիմել մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ. ծնված Գ. Ա.-ն եւ հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր, 2000թ. ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել։ Փետրվարի 16-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության եւ ԱՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հ. Ա.-ն հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 




Լրահոս