Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը երեկ հանդիպել է պետական բուհերի ռեկտորներին եւ քննարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաեւ ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու եւ նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռոկտոր Դիանա Գալոյանին:
-Տիկի՛ն Գալոյան, ի՞նչ մտահոգություններ եք Դուք անձամբ հայտնել նախարարի հետ հանդիպման ժամանակ:
-Կոնկրետ իմ մտահոգությունը եղել է ծրագրային հավատարմագրումը եւ բուհերի լիցենզավորումը: Երկար քննարկել ենք այս հարցը, նաեւ պարոն Թոփչյանն է այնտեղ եղել, եւ մենք մեր մտահոգությունները հայտնելուց հետո ստացել ենք դրական պատասխան, որ այդ բոլոր հարցերը համապատասխան լուծում կստանան: Գիտեք, նախորդ խմբագրությունը, որը կար, ավելի ընդունելի էր, այս տարբերակում շատ են վրիպակները, անհասկանալի ձեւակերպումները: Մենք այդ բոլոր հարցերի շուրջ երեկ 5 ժամ քննարկում ենք ունեցել նախարարի հետ եւ հուսով ենք՝ դրանք համապատասխան լուծում կստանան:
-Ամենաքննարկված փոփոխություններից մեկը բուհերի ռեկտորների նշանակման հարցն է: Առաջարկված տարբերակը որքանո՞վ է մտահոգիչ Ձեզ համար:
-Իհարկե, այդտեղ բուհերի ինքնավարության խնդիր կա, բայց կոնկրետ ինձ համար օրենքում ավելի սկզբունքային հարցեր կան, քան ռեկտորների ընտրության խնդիրն է: Դա ամենավերջին հարցն է, որ ես կուզեմ անդրադառնալ: Իհարկե, կարող են մտահոգություններ լինել, դրանք անհիմն չեն:
Հավելենք, որ ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված՝ 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումը ենթադրում է տեւական գործընթաց եւ վճարումների կատարում: Հենց հանդիպման ժամանակ բարձրացվել է նաեւ բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձեւավորման եւ ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական եւ բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչեւ երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է եւ, ըստ էության, նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն եւ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Նախարարի գնահատմամբ` կատարյալ օրենքներ չեն լինում, եւ այս նախագիծն էլ լավագույնը լինելու հավակնություն չի կարող ունենալ, սակայն ներկա պայմաններում կարգավորման պահանջը հասունացած է. «Բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի մշակմամբ զբաղվել են կրթության եւ գիտության վերջին 4 նախարարները. այն ունի տարիների պատմություն: Նախագծի հիմնական բովանդակությունը պետք է փնտրել ոչ թե ռեկտորի ընտրության կամ նշանակման, այլ կրթական ծրագրերի, կրեդիտային համակարգի եւ բազմաթիվ խորքային հարցերի մեջ: Ցանկացած բուհ նախ եւ առաջ ավանդույթների պատմություն է, եւ ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Անդրադառնալով ռեկտորի ընտրության եւ բուհերի կառավարման խորհուրդների մոդելին` նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: Կա նաեւ հակառակը, այսինքն՝ ուղիղ ընտրության դրական փորձը: Հայաստանի համար այս փուլում նմանօրինակ մոդելի նախընտրությունը, ըստ նախարարի, որոշ իմաստով բխում է առկա իրավիճակից:
Ն.Հ.
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
Արցախահայության աջակցության 1-ին ծրագիրն ունի 99,323 շահառու. տրամադրվել է 7 մլրդ 270 մլն դրամ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվել է 7 մլրդ 760 մլն դրամ. շահառուները 25,851-ն են: Ավերածությունների հետեւանքով անշարժ գույքը կորցրած 62,727 քաղաքացի դիմել է 250,000 դրամ միանվագ աջակցության ծրագրի համար: Ժամանակավոր զբաղվածության 2 ծրագրերով ստացվել է 1600 առցանց դիմում:
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետությունը թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ ի շահ հայ տնտեսավարողի՝ թույլատրելով այն ապրանքների մուտքը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչեւ 2020-ի հոկտեմբերի 20-ը, միեւնույն ժամանակ ներմուծման արգելքի տակ են հայտնվել մի շարք այլ ապրանքատեսակներ եւս:
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Եթե նախկինում մենք արգելել էինք մոտ 2285 ապրանքատեսակի ներմուծում, փոփոխությամբ ներառել ենք ավելի շատ ապրանքատեսակներ: Որոշակի ապրանքատեսակների մասով բացառություն է արվել, քանի որ դրանք հանդիսանում էին միջանկյալ սպառման արտադրանք, որոնք որպես հումք կիրառվում են տեղական արտադրության մեջ: Փորձել ենք այնպես անել, որ մեր տնտեսավարողները չունենան ներմուծմամբ պայմանավորված իրենց վերջնական արտադրանքը թողարկելու հետ կապված խնդիրներ», – ասել է նա:
«Փոփոխությամբ ամրագրվել է, որ այն պատվերները, որոնք իրականացվել են մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, ներմուծումը կթույլատրվի եւ ներմուծման ժամկետային սահմանափակում չի դրվել», -ասել է Սիմոնյանը: Այս որոշումը տարածվել է մինչեւ հոկտեմբերի 20-ը կնքված մատակարարման պայմանագրերի վրա, քանի որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը 6 ամիս ժամկետով արգելող որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին: Պետությունը նաեւ ցանկություն ունի նշյալ արգելքի ժամկետը եւս 6 ամիս երկարաձգել: Հարկ է նշել, որ 6 ամիս ժամկետը պահպանվելու է, դրանից հետո նախատեսվում են խստացումներ: Այսինքն՝ տնտեսավարողները պետք է հաշվի առնեն, որ այն ապրանքները, որոնց ներմուծումն այս պահին թույլատրվում է, գուցե 6 ամիս հետո ընդգրկվեն ներմուծման արգելքի նոր ցանկում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ
Այրումի համայնքապետարանում տեղի է ունեցել Տավուշի փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանի հանդիպումը Այրում համայնքի տարբեր կազմակերպությունների՝ ֆերմերների, առողջապահության, կրթության, բիզնեսի ոլորտները համակարգող ներկայացուցիչների հետ: Այրումի համայնքապետարանից հայտնեցին, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Տավուշի մարզի 2021-2025թթ. ռազմավարական զարգացման ծրագրի մեջ փոփոխություններին առնչվող հարցեր: Խոշոր Այրում համայնքի գյուղատնտեսության ոլորտում առաջնային խնդիր է պտղաբուծության զարգացման համար ինտենսիվ այգիների հիմնումը: Գործարարության ոլորտում կարեւոր է համարվել արտադրված պտղի պահածոյացումը, չրի արտադրություն կազմակերպումը եւ պատրաստի արտադրանքի իրացումը Հայաստանում ու արտերկրում: Քննարկվել են նաեւ համայնքում առողջապահության եւ կրթության ոլորտներին առնչվող հիմնահարցեր՝ որակյալ եւ հասանելի բուժսպասարկման ապահովման ուղիները, դպրոցական եւ նախադպրոցական կրթության մակարդակը եւ որակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Քննարկված հարցերը եւ դրանց լուծման վերաբերյալ տեսակետները փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը կներկայացնի Հայաստանի կառավարության քննարկմանը:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է Տիգրան Մելքումյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020թ. հունիսի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր վերաբերյալ նախապատրաստվող նյութերով բացատրություններ տալու նպատակով հրավիրված լինելով ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին եւ գտնվելով ոստիկանության մայոր Հայկ Խաչատրյանի սենյակում, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վերջիններիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետեւ բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այն է՝ երկու բռունցքով հարվածել է Արմեն Քոսակյանի կրծքավանդակի շրջանում, որից հետո հարվածել է Հայկ Խաչատրյանին եւ դիմել փախուստի։ Տ. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ