ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում նախկինում ընդգրկված 38 համայնքներին ավելացել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի եւս 39 համայնքներ: Սոցիալական աջակցությունից ընդհանուր առմամբ օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի եւս 39 համայնքում, որոնք նոր են ավելացել ցանկում:
Այս տվյալները հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ըստ նրա՝ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 մլրդ դրամի չափով գումար: Կփոխհատուցվի նշված բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաեւ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
«Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետեւանքով վնասված բնակելի տների վնասի չափը եւ կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության եւս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 մլն դրամ»,- ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ աջակցության տեսակներն այս փուլում են ներկայացվել, սակայն խորքային ուսումնասիրություններ են կատարվելու, եւ չի բացառվում, որ նոր ծրագրեր ավելանան: Դրանից բացի, շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա:
Փոխնախարարի համոզմամբ՝ համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչեւ համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքի համար: Կոնկրետ նշված համայնքների՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: «Թեպետ ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետեւաբար մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տաբերակը»,- ասել է պաշտոնյան: Դ. Խաչատրյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ այդ ցանկում կընդգրկվեն ոչ միայն Խնձորեսկն ու Քարահունջը, այլեւ Ակներ եւ Վերին շեն համայնքները: Նա վստահեցրեց, որ օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի, եւ փոփոխություն կկատարվի կառավարության որոշման մեջ:
ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրով կփոխատուցվի բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաեւ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ հաղորդվել էր Օղակաձեւ զբոսայգում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու եւ կարմիր ներկանյութով վնասելու մասին: Ոստիկանության կենտրոնական բաժնի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
206 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 206 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 597-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3155 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 793 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3948-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 476, փաստացի բուժվողներինը՝ 4173 (մեկ օրում նվազել է 72-ով): Մեկ օրում արվել է 3431 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 69 1146 թեստ:
ԿԱՐԱԳԻ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող եւ սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաեւ կարագը։ Կարագի իրացման գների փոփոխություններ են արձանագրվել 2020թ. դեկտեմբեր եւ 2021թ. հունվար ամիսների ընթացքում: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է փաստել, որ 2020թ. ընթացքում կարագի իրացման գնի վրա էական ազդեցություն են ունեցել հետեւյալ գործոնները՝
2020 թվականի սկզբից տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, իսկ կարագի գերակշիռ մասը ՀՀ է ներկրվում 3-րդ երկրներից,
2020 թվականի վերջից (սեպտեմբեր ամսից) բարձրացել են միջազգային ապրանքային շուկաներում կարագի իրացման գները,
ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է 2021 թվականի հունվարի 1-ից՝ կազմելով 15%:
Այնուհանդերձ հարկ է նշել, որ չնայած արձանագրված գնային բարձրացումներին՝ 2020թ. ընթացքում միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին (2018,2019 թվականներ)։ Համաձայն հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ կարագի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից եւ այլ ծախսերից։ Ընդ որում, կարագի ձեռքբերման արժեքն ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչեւ 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչեւ 2%, մաքսատուրքերը (3-րդ երկրներից ներմուծման պարագայում)՝ 11%-ից մինչեւ 15%, եւ այլ ծախսերը՝ 0,5%-ից մինչեւ 1%: