«Բերդ» պարային անսամբլի գեղարվեսատական ղեկավարը, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական մշակութային քաղաքականություն է վարում, եւ առաջիկայում նրանք պատրաստվում են հանրային հետուստաընկերության դիմաց բողոքի ակցիա իրականացնել:
«Գնալով ավելի խորն է այն գիտակցումը, որ ավանդական երաժշտությունը, պարը, երգը, որը կարող է աճող մասսայականություն ունենալ եւ մեր կենսունակության լուրջ միջոց հանդիսանալ մեր ժողովրդի մեջ եւ լուծել կարեւորագույն սոցիալ-հասարակական խնդիրներ, ինչպիսիք են առողջ մտածելակերպը, սերունդների դաստիարակությունը, ավանդապահությունը, ռազմահայրենասիրությունը, գեղագիտական ճաշակի ձեւավորումը, համակողմանի զարգացման ընդհանուր զարգացումը, եւ այս իմ թվարկածներից ամբողջը չի անում Հանրային հեռուստաընկերությունը, առավոտից երեկո ողողված է միայն անիմաստ սերիալներով: Առավոտից լսվում է թուրքաարաբական, պարսկական երգերով թարգմանած հայերեն, որը թաքնված է ազգային քողի տակ, եւ արդյունքում ի՞նչ է ստացվում, որ մենք հանրային հեռուստաընկերություն ընդհանրապես ունենք, թե չունենք, եւ, բնականաբար, ինձ համար չունենք, եւ այս ապազգային քաղաքականությունն արդեն շարունակվում է երկար տարիներ: Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան օտարահպատակ ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ»,-նշում է Կարեն Գեւորգյանը:
Մշակույթի վաստակավոր գործչի խոսքով՝ առաջիկայում մեծ բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել Հանրային հեռուստաընկերության ապազգային քաղաքականության դեմ:
«Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաեւ հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն: Մենք` ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն: Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը թարգմանել հայերեն ու տարածել: Բավակա՛ն է հարստացնեք օտարի գրպանը եւ սննկացնեք մեր ազգայինը:
Հայաստանում Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն: Հանրային հեռուստաընկերությունը, կարծես թե, պետություն է պետության մեջ, անգամ ես ունեմ փաստեր նախարարների, փոխնախարարների մակարդակով, նրանց կազմակերպած միջոցառումներն են մերժվել: Ես կարող եմ այդպիսի հարյուրավոր օրինակներ բերել, մերժվում է մեկ հոգու կամքով: Իրականում այս խնդիրը ստացել է մեծ հանրային հնչողություն, ինձ բազմաթիվ մարդիկ են դիմում, որ այս բողոքի ակցիան պետք է շարունակել անել Հանրայինի դարպասների մոտ: Մենք պետք է իմանանք հստակ, թե Հանրային հեռուտաընկերությանն ինչքան է տրված մշակույթ քարոզելու ժամանակացույցը, ովքեր են որոշում, եւ ովքեր են դրանք իսպառ հանել եւ իրականացնում են ազգային մշակույթի ցեղասպանություն: Մենք պետք է կոնկրետ իմանանք, թե ովքեր են նրանք…»,- ընդգծում է «Բերդ» պարային անսամբլի գեղարվեսատական ղեկավարը:
Մենք Կարեն Գեւորգյանի հայտարարությունների շուրջ փորձեցինք զրուցել նաեւ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ծանոթ չէ Կարեն Գեւորգյանի հայտարարություններին եւ մեկնաբանել չի կարող:
Իսկ թե ինչ զարգացումներ են սպասվում Հանրային հեռուտաընկերության շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ, կիմանանք առաջիկայում:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՊԻ՛Ր ԻՆՁ ՄԱՀՃԱԿԱԼԻՆ». ՇՈՒՏՈՎ
Րաֆֆի Շարթի պիեսի հիման վրա բեմադրված «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը պատմում է զույգի մասին, որի՝ ընտանեկան տարաձայնությունների հարթեցմանն ուղղված բոլոր փորձերը հանգեցնում են զվարճալի իրավիճակների: Վառ կերպարներ, անհավանական իրադարձություններ, որոնցում գրեթե ամեն օր հայտնվում եք կա՛մ դուք, կա՛մ ձեր հարեւաններից որեւէ մեկը. պարզապես այդ մասին բոլորը գերադասում են լռել:
Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է: Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Լիա Զախարյանը, Լեւոն Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սաթենիկ Հազարյանը եւ Արա Սարգսյանը:
Modd-Events հայ-ֆրանսիական ընկերության ջանքերով բեմադրված ներկայացումը թատերասերների դատին կհանձնվի փետրվարի 17-18-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում Modd-Events-ի համահիմնադիր-տնօրեն Արմենուհի Հարությունյանն ասաց, որ Ֆրանսիայի գրասենյակի ջանքերով կարողացել են կապ հաստատել Րաֆֆի Շարթի հետ, նրա պիեսը Հայաստանում բեմադրելու համաձայնություն են ստացել:
«Առաջնախաղը նախորդ տարվա մարտին էր նախատեսվում, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվեց: Շարթը նույնպես պետք է ներկա լիներ պրեմիերային»,- նշեց Հարությունյանն ու հավելեց՝ չնայած խնդիրներին՝ ուրախ են, որ նախագիծն իրականացնելու ուժ են գտել:
«Հասկանում ենք, որ մշակույթի միջոցով կարող ենք ինչ-որ կերպ ապաքինվել, փորձել առաջ գնալ ու աշխարհին եւս մեկ անգամ ասել, որ մենք կանք, ապրում ենք եւ մեր խոսքն ենք ասելու»,-ընդգծեց նա:
Ռեժիսոր Կարո Բալյանն էլ տեղեկացրեց, որ ֆրանսիական տարբերակում պիեսը կոչվում է «Կապի՛ր ինձ ջեռուցման համակարգին»: «Հայերեն այնքան էլ լավ չհնչեց, իսկ թատրոնի լեզուն թույլ է տալիս գեղարվեստական փոփոխություններ անել: Նախընտրեցինք «Կապի՛ր ինձ մահճակալին» տարբերակը: Սա մեկ գործողությամբ իրավիճակային կոմեդիա է, որի շրջանակում համագործակցել ենք հրաշալի դերասանների հետ, իսկ բեմանկարիչը Թատերական ինստիտուտի ուսանողուհի Անի Դերունցն է: Սա թատրոն է թատրոնում»,- շեշտեց Բալյանը:
ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ ՆՎԻՐԵԼ Է
Ֆրանսիայի չեմպիոն, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակից հետո մարզաշապիկը նվիրել է խառը մենամարտերի UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովին: Ֆրանսիացի հարձակվողը ստրագրել է մարզաշապիկի վրա ու գրել «To Khabib»: Բարսելոնայում տեղի ունեցած խաղում Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով ՊՍԺ-ին հաղթել 4:1 հաշվով:
Նա նաեւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: «Լիոնի» նախկին կիսապաշտպան Սիլվյեն Վիլտորից հետո Մբապեն առաջին ֆրանսիացին է, որը վերջին 16 տարում հեթ-տրիկի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: 22-ամյա հարձակվողը Զինեդին Զիդանին շրջանցեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ամենաշատ գոլ խփած ֆրանսիացիների ցուցակում: Մբապեն գոլերի թիվը հասցրեց 10-ի, իսկ Զիդանը խփել է 8 գոլ: Այդ ցուցանիշով առաջատար է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման (18 գոլ): ՊՍԺ-ն իր հերթին դարձավ առաջին ֆրանսիական ակումբը, որը Չեմպիոնների լիգայի խաղում «Բարսելոնային» հաղթեց «Նոու Կամպ» ստադիոնում: Պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մարտի 10-ին։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 21-րդ դարի (2001-2020թթ.) լավագույն մրցավարներին: Ցուցակը գլխավորում է գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը, որին հաջորդում են Ջունեյթ Չակիրը եւ անգլիացի Հովարդ Ուեբը: Իտալացի անվանի մրցավար Պյերլուիջի Կոլինան հայտնվել է 11-րդ տեղում: