Չնայած երեկ կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց սկսել լավ լուրով եւ տնտեսության առողջացման մասին հայտնել, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ: Նախ՝ նշենք, որ նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը, նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ, աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով»: Փաշինյանը նաեւ նկատեց, որ համեմատում է 2020-ի փետրվարի հետ՝ մի շրջանի, երբ Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։ Սակայն այս տվյալներն այնքան էլ ոգեւորող չեն, քանի որ սպառման ծավալների աճն իրականում պայմանավորված է կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով հետաձգված ծախսերի հետ, որոնք մարդիկ հիմա են իրականացնում: Եվ, առհասարակ, արդարացված չէ խոսել տնտեսության վերականգման մասին՝ հիմք ընդունելով միայն վերջին երկու շաբաթվա միտումները, մանավանդ երբ նախորդ տարին մեծ անկումների տարի էր: Սակայն դրա հետ մեկտեղ նկատենք, որ ճգնաժամային 2020-ին նախորդած 2019 թվականը Հայաստանը փակել էր վերջին 12 տարիների կտրվածքով աննխադեպ մեծ՝ 7,6 տոկոս տնտեսական աճով, ինչին հաջորդած արդեն 2020 թվականի հունվար եւ փետրված ամիսներին եւս տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր՝ 8,5-9 տոկոս։ Վարչապետը նաեւ նշել էր, թե աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում, սակայն թվեր չէին հնչել: Դրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանել է 2 մլրդ 544 մլն 482.7 հազար դոլարի ապրանք՝ 2019-ի 2 մլրդ 648 մլն 582.8 հազար դոլարի համեմատ: Այսպիսով, արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով: 2019-ի համեմատ՝ 2020-ին էապես՝ 50.9 տոկոսով նվազել է վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը: Հայաստանը 2020-ին իրականացրել է 4 մլրդ 559 մլն 392.8 հազար դոլարի ներմուծում: Ամենաշատ ներմուծում Հայաստանն արել է Ռուսաստանից: Ներմուծման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին եւ մեխանիզմներին՝ 873 մլն 879.4 հազար դոլարի: Երկրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է՝ 744 մլն 957.7 հազար դոլարի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմանը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչեւ ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաստանից: Խմբակցությունում այդքան էլ ոգեւորված չեն այս որոշումով, քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղեկավար շատ հարցերին լուծումներ գտնել: Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Աարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանություններ նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը գալու է Ազգային ժողով: Մեր տեղեկություններով՝ այդ օրը նա հանդիպելու է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Մենք տեղեկացանք, որ քննարկման թեման տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում: Հավելենք, որ Ազգային ժողովը մյուս շաբաթ սկսելու է մշտական հանձնաժողովների նիստերը, քանի որ արդեն մարտի 2-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը: Նշենք, որ արդեն փետրվարի 24-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է: Այս նախագծով վերջինս առաջարկում է փոփոխության ենթարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրվող գումարների չափը: Իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ կքննարկվեն սահմանադրական օրենքներ. երկրորդ ընթերցում պետք է անցնի Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենքն ու Դատական օրենսգիրքը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանի հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու:
Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ վաճառել է իր ընկերությունը: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով: Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ եւ, երեկ տարածված տեղեկությունների համաձայն, փորձում է տեռորի ենթարկել մյուս ընկերություններին եւ մենաշնորհային դիրք գրավել: Թե ինչու է «Ռան Օյլ» ընկերության սեփականատերն այն վաճառելու որոշում կայացրել, փորձեցինք պարզել հենց նրանից: Գալուստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մասամբ է վաճառել ընկերությունը եւ այժմ էլ համասեփականատեր է հանդիսանում Խաչատուր Սուքիասյանի հետ միասին: Հարցին՝ ինչու է այն վաճառվել, եւ ինչու հենց Խաչատուր Սուքիասյանին, գործարարը նշեց. «Դա իմ ցանկությունն է, ճիշտն ասած, այդպես էր մեզ պետք: Այնպես չէ, որ կոնկրետ Խաչատուր Սուքիասյանին եմ ընտրել. նա գնորդ է եղել, ես էլ վաճառել եմ: Այնպես չէ, որ հատուկ է այդպես վարվել: Ընկերությունն էլ մասնակի ենք վաճառել, ոչ ամբողջովին», – նշեց նա: Հավելենք, որ «Սիլ կոնցեռն»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ նշում է, թե ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել եւ զբաղվել տարատեսակ բիզնեսներով, այդ թվում` վառելիքի ներկրմամբ, առքով եւ վաճառքով: