Այս մի քանի տարին այնքան վատ է եղել մեր ժողովրդի համար, որ արդեն հերիք է: Այսքան զոհեր, վիրավորներ, այսքան կորուստներ…Սա շատ մեծ արհավիրք էր մեր ազգի համար, դեռ շոկի մեջ ենք, եւ կարծում եմ երկար ժամանակ կպահանջվի դուրս գալու համար: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Արմինե Գրիգորյանը՝ անդրադառնալով պատերազմից հետո երկրում ստեղծաված իրավիճակին:
Արմինե Գրիգորյանը լիահույս է, որ այսքան դժվարություններից ու փորձություններից հետո ժամանակն է, որպեսզի երկրում դրական փոփոխություններ լինեն:
«Պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամեն մարդ կատարի իր ընտրությունը, բայց ժողովուրդը պետք է լինի տեղեկացված, իմանա, թե ում է իր ձայնը տալիս: Առանց իմանալու ընտրում են, «քաշվում են», հետո դուրս է գալիս ընտրողն է մեղավոր, սխալ ընտրություն է կատարել: Երկու տարի առաջ ընտրեցինք, տեսանք ինչի հասանք: Իրենք երկիրը վարի են տալիս, դուրս է գալիս՝ քաղաքացիներն են մեղավոր, եւ հույս ունեմ, որ այսքանից հետո ինչ-որ մարդիկ կհայտնվեն, որոնք երկիրը սիրում են, հայրենասեր են, թասիբ ունեն, եւ կկարողանան ոտքի հանել, անկախ նրանից, թե ով կլինի նա»,-նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք Արմինե Գրիգորյանն ունի վարչապետի թիկնածու, ընդգծեց. «Իհարկե ունեմ թեկնածու, բայց չեմ կարող ասել, բոլորը կարող են լինել բացի Նիկոլ Փաշինյանից: Հին ղեկավարները պետք է իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնեն թեկուզ ժամանակավոր գան իշխանության եւ փրկեն երկիրը: Նեղանալու ժամանակը չէ, երկրի կեսը կորցրել ենք, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն եւ փրկեն մեր երկրի պետականությունը, որը շատ մեծ դժվարությամբ էինք վերականգնել»:
Մեր զրուցակցի խոսքով՝ ընտրությունների ժամանակ արվեստի մարդկանց լավ օգտագործում են, բայց երբ իրենց պետք չեն արդեն մեջտեղից հանում են, ինչը նորմալ չէ:
«Ընդհանրապես ես դեմ եմ, որ արվեստի մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ, զոռով, շանտաժի միջոցով բոլորին խառնեցին այս ամենի մեջ, մարդկանց պառակտեցին: Ցանկացած հայի, քաղաքացու կարծում եմ այսօր մտահոգում է մեր երկրի կարգավիճակը, մեր բանակը»,-հավելց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան