Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հերթական փակ հանդիպումը։ Ընդ որում, հանդիպմանը զուգահեռ կայացել է նաեւ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։
Կրեմլի տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաեւ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության որոշ արդիական հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությունը։ Հայկական կողմը, ըստ հաղորդագրության, մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նույնպես նշված է, որ հայկական կողմը բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը։
Արա Այվազյանը եւ Սերգեյ Լավրովը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի, մտքեր փոխանակել նոյեմբերի 9-ի եւ դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ։ «Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարեւորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին», – ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման օրակարգում էին նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նշված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Հավելենք, որ Սերգեյ Լավրովը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակցի` Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արտաքին գործերի նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ միջազգային օրակարգին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Իսկ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապով քննարկումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` ՀՀ եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այսօր կայացած հանդիպման ընթացքում ընդգծել են երկու երկրների միջեւ դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության եւ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում:
Ն.Հ.
ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ Հայաստանի սահմանը հատելիս ՊՇՌ թեստի մեթոդով կորոնավիրուսի ախտորոշման անալիզ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի: «Այս մոտեցումն, իհարկե, քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում, բայց այն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: Աշխարհը փորձում է համավարակի պայմաններում վերադառնալ բնականոն կյանքի: Անհնար է սահմանները տարիներով, ամիսներով փակ պահել, ուստի մարդիկ լուծում են որոնում: Դրանցից մեկը ՊՇՌ մեթոդով թեստավորումն է»,-ասել է նախարարը:
ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է
Վանաձոր քաղաքի 3-րդ պոլիկլինիկայի փոխտնօրեն Մարինե Ղազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է, որ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից: «Այո, տնօրենին ազատել են աշխատանքից, բայց դա շահարկվող քաղաքական թեմաների հետ կապ չունի»,- մեկնաբանել է Մարինե Ղազարյանը: Մարինե Ղազարյանի հավաստմամբ՝ պոլիկլինիկայի անձնակազմը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նման թեմաներ պոլիկլինիկայում չեն շահարկվել, եւ դա կապ չունի տնօրենի՝ աշխատանքից ազատման հետ: «Պոլիկլինիկան իր ամբողջ անձնակազմով քաղաքականությամբ չի զբաղվում, եւ ընդհանրապես բուժհաստատությունը ապաքաղաքականացված հաստատություն է, եւ մենք զբաղվում ենք հիվանդների բուժմամբ եւ սպասարկմամբ»,- մեկնաբանել է Մարինե Ղազարյանը:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Բաքվում այսօր կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Բաքու հետաձգվել է վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով: Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հերթին նշում են, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այցը Ադրբեջան չեղյալ է հայտարարվել:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընդդիմադիր կեցվածք եւ իմ ելույթներից եւս պարզ է դառնում՝ ակցիաներին մենք մասնակցելու ենք»,-ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Դուք անպայման ԲՀԿ անդամներին կտեսնեք փողոցում, պայքարում, եւ ես ԲՀԿ-ի քաղաքականություն մշակողներից եմ։ Եվ իմ ելույթներից պարզ երեւում է խմբակցության քաղաքական գիծը»,- ասել է նա: Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԲՀԿ-ն իրականացնելու է մոբիլիզացիա ընդդեմ կապիտուլյացիայի, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կուսակցությունը լինելու է ժողովրդի կողքին:
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԱՐԳԵԼՔ
Արգելվում է ցամաքային եւ օդային ճանապարհով Գերմանիայի սահմանի հատումը: Ռիսկային սահմաններից Գերմանիա մուտքը արգելվում է, եթե նրանք չունեն Գերմանիայում մշտական բնակության իրավունք, իսկ Հայաստանը 2020 թվականի հունիսի 25-ից այդ ցանկում է: Դեպի Եգիպտոս օտարերկրացիների համար մուտքի եւ ելքի սահմանափակումներ գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում: Իրանի օդային սահմանը բաց է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար, բայց ցամաքային սահմանը փակ է ՀՀ քաղաքացիների համար: ԻԻՀ մուտք գործելիս օտարերկրացիները, այդ թվում նաեւ ՀՀ քաղաքացիները պետք է ունենան 96 ժամ վաղեմության COVID-19-ի բացասական արդյունքով թեստ։ Լիբանանում օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար գործում են նախկինում կիրառվող ռեժիմները. Լիբանան մուտք գործելու համար 72 ժամ վավերականությամբ ՊՇՌ բացասական թեստի առկայությունը պարտադիր է: Ռուսաստանի Դաշնության կառավության 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ 228-p որոշման համաձայն՝ որոշում է ընդունվել 2021 թվականի փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել Հայաստանի հետ միջազգային ավիահաղորդակցությունը (Մոսկվա-Երեւան, շաբաթական չորս չվերթ): ՀՀ քաղաքացիների համար ցամաքային ճանապարհով մուտքը Վրաստան փակ է։