ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔՐԳՈՐԾԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփվել են 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի խոսքով՝ 2020թ. ՀՀ ԶՈւ-ի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ:

 

Հանցագործությունների դեպքերի կտրուկ  աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի դեմ սանձազերծված եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցված ագրեսիվ պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության եւ պատերազմական գործողությունների ընթացքում: 3016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր եւ առանձնապես ծանր:

2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռեւս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: 2020թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:

Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է կատարվող խորքային, համակողմանի, լիարժեք օբյեկտիվ քննությամբ հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության եւ բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը,  եւ լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:

Արձանագրվել է նաեւ, որ 2020 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության եւ կայազորների դատախազությունների դատախազների դատավարական հսկողության ներքո քննված, ինչպես նաեւ ավարտված քրեական գործերով եւ նյութերով հիմնավորվել են 221.560.950 դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019 թվականի համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61.314.695ՀՀ դրամ վնասը:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում Հայաստաբի Հանրապետության զինվորական դատախազության եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ  վնաս:

Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է շուրջ 1.3մլրդ ՀՀ դրամ վնաս: Եվս 111մլն ՀՀ դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասիներից:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության եւ ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020թ. մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Հահաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը, Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարված եւ 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով, վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման եւ կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսեկան 50000 դրամ /տարեկան 600.000 դրամ/ վարձավճարով, եւ վերջինիս վրա ընկերությունը հողի պատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

2008թ. նոյեմբերի 13-ից՝ Ագարակ համայնքի, ապա 2016թ. սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի եւ քաղաքացու միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել եւ տարեկան 180000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ. հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Արդյունքում՝ 2008թ. նոյեմբերի 13-ից մինչեւ 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350.000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3.657.500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3.692.500 ՀՀ դրամ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ, Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

Սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում. ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրենց տուն մտած գողին հետապնդում է: Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։ Դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, եւ տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է նրան։ Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն եւ նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով եւ կպչուն ժապավենով կապված վիճակում։ Անմիջապես տղան ահազանգել է հիվանդանոց, եւ հետո հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա մահացել է։ Մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է

«Ռոսսոլխոզնադզոր»-ի` Դրղստանի Հանրապետության տարածքում գործող գրասենյակի տեսուչները առգրավել են Ադրբեջանից ներկրված թարմ լոլիկի 3 խմբաքանակ` ընդհանուր 50,4 տոննա քաշով: Ռուսաստանի Դաշնության տարածք բանջարեղենի ներկրումն արգելվել է դրանցում վտանգավոր հարավամերիկյան լոլիկի ցեց հայտնաբերելու պատճառով: Այս որոշման համար հիմք է ծառայել  FSBI «VNIIKR»-ի լաբորատոր զեկույցը, ապրանքը վերադարձվել է Ադրբեջան:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ

Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու: Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում եւ դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել եւ շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի եւ եղանակների պատճառով:

 

 




Լրահոս