ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ի ռուսական ծառայությունն երեկ հրապարակել էր «Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի զեկույցը փետրվարի սկզբին Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որում դե Վաալը ներկայացրել է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար խնդիրները, որոնք մնացել են չկարգավորված պատերազմից հետո:

 

Զեկույցի հեղինակը, մասնավորապես, գրում է, որ Ղարաբաղի համար պատերազմն ավարտվեց երեք ամիս առաջ, հաղթողն ու պարտվողը փոխվեցին տեղերով, սակայն հակամարտությունը կարգավորված չէ. ադրբեջանցիների եւ հայերի միջեւ թշնամանքը շարունակվում է, իսկ Ռուսաստանը կանգնած է դժվար ընտրության առջեւ։

Դե Վաալը պնդում է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարը վերջ չի տվել հակամարտությանը, իսկ եռակողմ հայտարարության կարճ տեքստը կողմերը տարբեր ձեւով են մեկնաբանում։ Օրինակ, ինչ վերաբերում է հայկական զորքերը Ղարաբաղից դուրս հանելու դրույթին, Երեւանը համարում է, որ սա վերաբերում է բացառապես այն շրջաններին, որ անցել են ադրբեջանցիներին, Բաքուն, հակառակը, հայտարարում է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան ամբողջ Ղարաբաղի տարածքից, այդ թվում` հայկական կողմին մնացած շրջաններից, ավելին՝ հայաստանյան պաշտոնյաները Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանի իշխանություններից։

Զեկույցում նշված է նաեւ, որ չկա փոխըմբռնում Բաքվի եւ Հայաստանի միջեւ գերիների վերադարձի հարցում։

Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի ստորագրած համաձայնագրի կետերից մեկը ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձի մասին է։ Երեք ամիս անց, սակայն, այս թեման մնում է ցավոտ խնդիր: Տասնյակ, իսկ որոշ գնահատականներով՝ 100-ից ավելի հայ գերիներ մնում են Ադրբեջանում, եւ անհայտ (բայց ոչ մեծ) թվով ադրբեջանցիներ դեռ գտնվում են հայկական գերության մեջ։ Ավելին` 60-ից ավելի հայեր գերի են վերցվել արդեն պատերազմի ավարտից հետո, եւ Բաքվում ցանկանում են նրանց դատել որպես հանցագործների, այլ ոչ թե վերադարձնել որպես ռազմագերիների. նշված է զեկույցում։

Հեղինակը անդրադառնում է նաեւ Թուրքիայի դերին` շեշտելով, թե նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորում Թուրքիայի դերը Ղարաբաղում, սակայն վերջին մեկ տարում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից։ Թուրքական ռազմական տեխնիկան, առաջին հերթին հարվածային անօդաչու սարքերը կարեւոր դեր են խաղացել մարտադաշտում Ադրբեջանի հաղթանակի գործում. ասվում է զեկույցում: Նշվում է` բայց Անկարան նաեւ հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացին՝ խիստ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այսօր Թուրքիան միայն սահմանափակ դեր է ստացել Ռուսաստանի հետ Աղդամի մոտ համատեղ մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում։ Ռուսաստանի հետ պայմանագրի համաձայն՝ թուրք զինվորականները չեն լքում կենտրոնը եւ զինադադարին հետեւում են անօդաչու թռչող սարքերի տեսանյութերով:

Զեկույցում կա մտահոգություն ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական միջնադարյան քրիստոնյա մշակութային հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Դե Վաալը գրում է, որ կա վտանգ, որ ադրբեջանական կողմին անցած տարածքներում պարզապես չի մնա հայկական հետք։

Զեկույցի հեղինակը նաեւ արձանագրում է, որ Մինսկի խումբը կորցրել է իր հեղինակությունը, եւ իրական ազդեցություն այսօր Ղարաբաղում ունի միայն Ռուսաստանը: Դե Վաալը նշում է նաեւ, որ Միացյալ Նահանգները բավականին պասիվ է Ղարաբաղում, իսկ Ֆրանսիան չի ընկալվում որպես չեզոք միջնորդ Ադրբեջանում:

Ն. Պ.

 

 

 

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Տավուշի մարզպետարանն ու Երեւանի եռամարտի ակումբը Տավուշի մարզի  հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կիրականացեն համալսարանական կրթաթոշակի  «Մարզ IQ»  ծրագիրը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այդ կապակցությամբ ընդունել է Երեւանի եռամարտի ակումբի ներկայացուցիչներին, նրանք քննարկել են ծրագրի իրականացման մանրամասները։ Տավուշի մարզի հանրակթական դպրոցներում կստեղծվեն  վազքի մարզական ակումբներ։ Մարզի ավագ դասարանների աշակերտները  կմարզվեն եւ կնախապատրաստվեն  մայիս  ամսին կայանալիք վազքի  մրցումներին։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մրցումներում ամենալավ արդունքներ ունեցած 12-րդ դասարանի 3 տղաներ եւ 3 աղջիկներ կստանան  համալսարանում ուսման վարձի փոխհատուցում, լավագույն 3 մարզիչները կստանան  մրցանակներ։

 

 

 

ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի բնակչուհի, 81-ամյա, առողջական մեծ խնդիրներ ունեցող, ինսուլտով հիվանդ Սեդա Այվազյանը 2021 թվականի հունվարի 27-ին գրավոր դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ խնդրելով դրամական օգնություն կամ վառելափայտով աջակցություն ցուցաբերել։ Փետրվարի 17-ին մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է, որ դրամական աջակցության խնդրանքը մերժվել է, իսկ փառելափայտով աջակցության խնդրանքը կուղղվի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին՝ հարցը քննարկելու համար։

Տավուշի մարզպետարան գրավոր հարցում եմ կատարել՝ ուղղելով հետեւյալ հարցերը. մարզպետարանը ի՞նչ հիմնավորմամբ է ծեր, անառողջ կնոջից՝ Սեդա Այվազյանից, եւ  նրա՝ հաշմանդամություն ունեցող 2 աղջիկներից բաղկացած ընտանիքի դրամական աջակցության խնդրանքը  մերժել, հունվարի 27-ից  փետրվարի 17-ը՝ 22 օրվա ընթացքում, վառելափայտով աջակցության վերաբերյալ դիմումը ինչո՞ւ չի ուղարկվել համապատասխան ստորաբաժանում, ո՞րն է այդ ստորաբաժանումը։ Մարզպետարանից  պատասխան  դեռ չի ստացվել:

Տավուշի մարզպետարանը չի հրապարակում  մարզպետարանի միջոցով պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացիների անունները, թե նրանից յուրաքանչյուրը որքան դրամական օգնություն է ստացել, մարզպետարանի  պաշտոնական կայքը  հրապարակում է միայն  օգնություն ստացած քաղաքացիների ընդհանուր թիվը եւ նրանց ստացած ընդհանուր գումարի չափը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում չի հրապարակում նաեւ Հայաստանի պետական բյուջեից մարզպետարանի պաշտոնյաների ստացած պարգեւավճարների գումարների մասին տեղեկատվություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԾԱՎԱԼՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին նվազել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարի որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկվել 24 մլն 551 հազար 100 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ 2019 թվականին Հայաստան ստացվել է 110 մլն 860 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ:

Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 4 մլն 621 հազար 100 դոլարի չափով օգնություն, մինչդեռ 2019 թվականին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 27 մլն 264 հազար 500 դոլորի չափով մարդասիրական օգնություն: Իսկ, ահա, մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 173 հազար 100 դոլարի չափով: Ֆրանսիայից 2019 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան եկել է 602 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարի Հայաստանը Շվեցարիայից 1 մլն 339 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ, ահա, 2019 թվականին Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 10 մլն 410 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 198 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Ռուսաստանից: Ուկրաինայից անցյալ տարվա ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Անցած տարվա ողջ ընթացքում Ռուսաստանից Հայաստան 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացվել։ Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից եկող մարդասիրական օգնության ծավալը նվազել է: Բացի այս, պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Հնդկաստանից եւ Ճապոնիայից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի պակասել: Օրինակ՝ 2019 թվականին Ճապոնիայից ՀՀ մտել է 14 մլն 583 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարի՝ 918 հազար 500 դոլար: Հնդկաստանից եթե 2019-ին Հայաստան ստացվել է 3 մլնմ 100 հազար 600 դոլարի մարդասիրական օգնություն, ապա անցյալ տարի այն կազմել է 699 հազար 200 դոլար:

Փոխարենը Չինաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են ավելացել. 2019 թվականին Չինաստանից որպես մարդասիրական օգնություն ՀՀ ստացվել է 3 մլն 363 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն, իսկ 2019 թվականին այն կազմել է 2 մլն 425 հազար 800 դոլար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 




Լրահոս