ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳԻՐ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշում է կայացրել, որով Շուռնուխի բնակելի տների կառուցման, անասնագոմերի  կառուցման հարցը լուծում են, եւ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ աշխատանքային խումբ են ստեղծել, որը ղեկավարում է իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Վերջինիս խոսքով՝ արդեն երրորդ գերատեսչական խմբի նիստն են անցկացնելու Սյունիքի մարզում: «Սյունիքի մարզում այս պահի դրությամբ բնականաբար բնակչության հուզող հարցը անվտանգության ապահովման հարցն է»,- ասել է նա եւ նշել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում են Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված խնդիրը եւ Գորիս-Սիսիան ճանապարհի խնդիրը ձմռանը:

 

«Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում, միեւնույն ժամանակ նրանք պետության կողմից աջակցություն կստանան մինչ բնակարանների կառուցումը: Հիմնական խնդիրը գյուղատնտեսության, անասնապահության հետ է կապված, քանի որ մարդիկ այդ աշխատանքները նախկինում իրականացնում էին ավելի լայն տարածությունների վրա, որի հնարավորությունը չունեն այսօր, հատկապես մեծ խնդիր է առաջանում Որոտանի տարածքում»,-ասել  է նա ու հայտնել, որ այս ուղղությամբ շուտով վերջնական լուծումներ կներկայացնեն:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի պնդմամբ՝ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն, ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները 2022 թվականին, եւ երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ  հիմնել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 մլն դրամ»,- ընդգծել է Ղուլարյանը՝ ավելացնելով, որ ընդունվող կառավարության որոշմամբ նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:

«Քանի որ մենք նախորդ տարի Տավուշի մարզում ենք իրականացնել նման ծրագիր, ուզում եմ իմանալ, թե ինչ ընթացք ունեցավ այն»,-ասել է Ն. Փաշինյանը ու հետաքրքրվել, թե Այգեպարում եւ Չինարիում աշխատանքներն ինչ վիճակում են, եւ ստացավ պատասխան, որ ավարտական փուլում են:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ավելացրել է, որ առաջին փորձն է Այգեպարում  արվել, եւ երկաթբետոնե, բոլոր նորմերին համապատասխանող ապաստարանն արդեն ավարտական փուլում է: «Ներքին Կարմիրաղբյուրում խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ կապված, եւ մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որ կարողանանք աշխատանքները սկսել այնտեղ: Սեփականատերերի հետ կապված խնդիրներ են, դատական պրոցեսներն են»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հարցրել է՝ ի վերջո լուծվելու է այդ հարցը, թե ոչ, այսքան ժամանակ ինչու չի լուծվել: Արմեն Ղուլարյանը նշել է, որ դա իրենց դաշտում չէ, մարզը եւ համայնքը պետք է լուծեին այդ հարցը:

Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարցրել է, թե ինչն է պատճառը, իսկ նախարարն ասաց, որ այս պահին չի կարող ասել, բայց հետամուտ կլինեն, կճշտեն, կզեկուցեն՝ ում դաշտում է:

Ն. Փաշինյանն ասել է, որ այդպես չի լինի: «Պետք չէ պարզել, զեկուցել, պետք է գնալ եւ լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»,-ասել է Փաշինյանը, իսկ Պապիկյանը նշել է, որ եթե իրենց անելիքն  է, կանեն եւ կզեկուցեն:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսական ակտիվության ցուցանիշներին. «Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում:

 

Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը, նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ, աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռեւս COVID-ի ազդեցությունները չկային, քանի որ դեռ Հայաստանում կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020թ. փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019թ. նկատմամբ: Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետեւությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ եւ, իհարկե, սա շատ կարեւոր նորություն է»:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ դրամաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության եւ ծառայությունների մատուցման: «Իսկ արձանագրված ավելի քան 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ: Եվ հետաքրքիրն այստեղ այն է, որ աճել են եւ՛ մեծածախ, եւ՛ մանրածախ, այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը՝ հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը: 604 հազար գործարքներից 483 հազարը նույն համամասնությամբ վերաբերում են ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարը՝ արդեն հաշվարկային փաստաթղթերին»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Անդրադարձ է կատարվել նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի սեզոնին: «Մենք վերջին խորհրդակցության ժամանակ քննարկում ենք ունեցել այդ թեմայով: Կարծես թե կանխատեսումները մեզ թույլ են տալիս ասել, որ ջրային ռեսուրսների առումով եղանակային պայմանները գոնե այս պահին բարենսպաստ են, եւ ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա: Մենք խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ, արդյունավետ բաշխվածության հետ կապված պետք է շատ լուրջ աշխատենք»,-ասել է նա:

Վարչապետի դիտարկմամբ՝ պետք է անել հնարավորը, որ խաղողագործները, լոլիկագործները, այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել: Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հարցը մշտապես պահել ուշադրության կենտրոնում. «Մարզպետարանների, համայնքապետարանների հետ պետք է շատ սերտ աշխատել խնդիրները նախապես իմանալու համար: Դրանց չծագելու ուղղությամբ աշխատենք, եւ ոչ թե խնդիրը ծագի, մարդիկ ստիպված լինեն իրենց ասածը բարձրաձայնելու այլ եղանակներ փնտրել»:

 

 

ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ԱՄԲՈՂՋԱՑԵԼ

Անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռեւս չի ամբողջացել: «Կան շահառուներ, որոնց գումարը դեռեւս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասել է վարչապետն ու նշել, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: «Կարեւոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում, ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, որոշակի ճշգրտումների կարիք կա»,- ասել է Ն. Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ փաստել է, որ այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, կոնֆլիկտի մեջ են: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները»,- ասել է փոխվարչապետը:

 

 

223 ՆՈՐ ԴԵՊՔ

Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 820 դեպք, որոնցից 161 577-ը` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 694 357 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած եւ 1 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 794 է:

 

 




Լրահոս