Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող Հարություն Մելքոնյանը: Հարությունը մասնակցել է Հադրութի համար մղվող թեժ մարտերին եւ ընկել թշնամու արկի հարվածից:
Մերօրյա հերոսը ծնվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում: 19-ամյա Հարությունը երեք քույրերի մինուճար եղբայրն էր, տան փոքրը: Նա ընտրել էր դարի մասնագիտությունը՝ ծրագրավորումը, պատրաստվում էր ապագա ծրագրավորող դառնալ, մեծ նպատականեր եւ անելիքներ էր ծրագրել, որոնք պետք է իրագործեր ծառայությունն ավարտելուց հետո, սակայն չարասբաստիկ պատերազմը ոչ միայն ընդհատեց նրա նպատակները, այլ նաեւ մատղաշ կյանքը:
ArmLur.am-ը Հարությունի հերսական կերպարի, անավարտ երազանքների մասին զրուցել է նրա քրոջ՝ Արմինե Մելքոնյանի հետ:
«Եղբայրս երկար տարիներ ծնողներիս հետ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, եւ երբ եկավ նրա՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու ժամանակը, որոշեցին ծնողներս հետ վերադառնան հայրենիք, որպեսզի այստեղ եղբայրս իր ուսումը շարունակի, նոր մեկնի ծառայության: Նա շատ էր սիրում բանակը, դեռ փոքր ժամանակվանից ասում էր՝ նախ զինվոր է դառնալու, հետո նոր մասնագիտություն է ձեռք բերելու: Նա պարտաճանաչ, շատ հայրենասեր երիտասարդ էր: Բնավորությամբ շատ զուսպ էր, շատ հարգանքով, լուսավոր, ժպտերես, շատ ներողամիտ էր, երեւի այդպիսի մի մարդ չկա իր շրջապատում, որ իր հետ կոնֆլիկտ ունեցած լինի, կամ ինչ-որ մեկի խնդրանքը մերժած լինի, բոլորի կողմից սիրված էր, մեր տան լույսն էր, ուրախությունը, չգիտեմ… Բառերս խեղդվում են… Եղբայրս ծառայել է Հադրութում, նա նախքան զորակոչվելը ցանկություն ուներ ծառայելու Մատաղիսում, բայց այնպես ստացվեց, որ մնաց Հադրութում, չգնաց Մատաղիս»,- արցունքները կոկորդում խեղդելով՝ պատմում է քույրը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հարությունը, երբ պատերազմի ընթացքում զանգահարում էր, ասում էր. «Ինձ համար չանհանգստանաք, ես լավ եմ, որ ուշ եմ զանգահարում, մի՛ անհնագստացեք»:
Մարտական ընկերները Հարութի մասին պատմում են, որ նա շատ պատրաստակամ, խիզախ զինվոր էր, մինչեւ վերջ պայքարել է, պաշտպանել է բոլոր վիրավոր ընկերներին, միշտ առաջին հարվածը վերցրել է իր վրա, որպեսզի ընկերներին բան չպատահի, կարողանա փրկել նրանց կյանքը, բայց հերթական ծանր մարտերից մեկի ժամանակ, թշնամու արկերի հարվածից մահացու վիրավորում ստանալով, բազմաբեկորային վնասվածք է ստացել եւ հերոսաբար զոհվել է: Հարութս հրետանավոր էր…: Հայրս է նրան բերել, շատ լուրջ ու ծանր վնասվածքներ է ստացել, չեն կարողացել հասցնել հիվանդանոց»:
Քրոջ՝ Արմինեի փոխանցմամբ՝ մերօրյա հերոսը սիրած աղջիկ ուներ, սակայն չհասցրեց նրան սեր խոստովանել: «Սիրում էր իր դասարանից մի աղջկա, բայց սեր չէր խոստովանում, ասում էր՝ գնամ բանակ, գամ, նոր ասեմ, որ իրեն սիրում եմ…»,-հավելում է քույրը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով:
Երեկոն տեղի կունենա փետրվարի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը:
Համերգին կհնչեն Կոմիտասի «Հավուն հավուն», «Սիրտ իմ սասանի», «Գարուն» ստեղծագործությունները, Հալաջյանի սիրո եւ մահվան երգերը /Ռուբեն Սեւակի խոսքերով/, Մոցարտի «Ավեվերում կորպուս»-ը, Բարբերի «Ագնուս Դեի»-ն, Հայդնի «Մեսսաթիվ 7»-ը:
Մահացել է դերասան Անդրեյ Մյագկովը
Կյանքի 82-րդ տարում մահացել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Դաժան ռոմանս» եւ խորհրդային մի շարք այլ սիրված ֆիլմերից հայտնի դերասան, ռեժիսոր, գրող Անդրեյ Մյագկովը:
Այս մասին հայտնել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։
Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից է եղել քեռու դերը «Քեռու երազը» բեմադրության մեջ: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին եւ Կո», «Սովորական պատմություն», «Բոլշեւիկները» եւ այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977 թվականին տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987-ից Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում է եղել:
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին «Ատամնաբույժի արկածները» ֆիլմում, սակայն նրան համընդհանուր ճանաչում է բերել Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը: Համատեղ աշխատանքի ընթացքում Մյագկովը նկարահանվել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Դաժան ռոմանս» կինոնկարներում:
Ըստ կինոգետների՝ Անդրեյ Մյագկովը կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է, օրինակ, գիտնական Շվիրկովի դերը Մարլեն Խուցիեւի «Վերջաբան» ժապավենում:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ Է ՀԱՍԵԼ
Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» 8:3 հաշվով առավելության է հասել առաջատար «Լեոյի» նկատմամբ: Այդ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակել է 39 միավոր եւ «Լեոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լավագույն եռյակը եզրափակող «Լուսառատն» ունի 36 միավոր: Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր:
ՏԱՐԿԵՏՈՒՄ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին եւ Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ըստ հիմնավորման՝ նշված ֆուտբոլիստներին, կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, տարկետում էր տրվել մինչեւ 2020 թվականի ձմեռային զորակոչը: «Քանի որ Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի եւ Արմեն Համբարձումյանի 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ֆուտբոլիստներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ֆուտբոլիստները հաշվառված են Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- ասված է հիմնավորման մեջ: