ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած եւ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած եւս մեկ անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն:

 

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով ԱՀ-ի դեմ սկսված պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով  Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, դեռեւս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփշտատուփ` թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, հրազեն հանդիսացող ընդհանուր թվով 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ:

Նշված ռազմամթերքը 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ապօրինի փոխադրել եւ պահել է իր ծանոթ Ս.Գ.-ի՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող բնակարանի օժանդակ կառույցներում դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով: Իսկ շրջանառությունն արգելված իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու եւ ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգեւատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել  է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձեւակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք, ըստ այդմ՝ նպատակ ունենալով արհեստական ուռճացնել ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները եւ հասարակության ու ղեկավարության մոտ ստեղծել ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք՝ անտեսելով նույն ժամանակահատվածում ընթացող թեժ մարտական գործողությունների մասնակիցների՝ զենք-զինամթերքով ապահովված լինելու օրհասական անհրաժեշտությունը:

Այսինքն՝ ոստիկանության ծառայող Ա.Բ.-ն, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով, նախապատրաստվել է անցնել իր պաշտոնեական լիազորությունները՝ դիտավորությամբ կատարել  այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին գալու նրա լիազորությունների շրջանակից՝ էական վնաս պատճառելով  պետության օրինական շահերին, սակայն այդ գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով. ապօրինի ձեռք բերված եւ պահված մեծածավալ զենքերը հայտնաբերվել եւ վերցվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Համակցություն է ձեռք բերվել, որ Ա.Բ.-ն իր կողմից  ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս.Բ.-ին, ով իր հերթին հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգները փոխադրել եւ պահել է իր փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարանում, որից հետո՝ 2020թ. նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ:

Ա.Բ.-ն հանցանքի կատարման մեջ ծագած անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել  դատարան:

 

 

 

ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿՐԱԿՈՑ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է վերջին օրերին հրապարակումներին, թե Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են, կամ նրանք պարզապես օդ են կրակում։

 

«Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են, կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե այսկերպ մեղմվում է կրակոցների վտանգը: Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները, եւ ինչով են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից: Ասենք, 10 րոպեում 5 կրակո՞ցն է կանոնավոր, թե՞ 10 կրակոցը 5 րոպեում:

Կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում, եւ որը՝ գյուղի ուղղությամբ. եթե գյուղացին ենթադրի, որ կրակոցն օդ էր արված, ուրեմն, ինչ է, ինքն արդեն կարող է հանգի՞ստ լինել: Իսկ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է. անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց:

Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարեւանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:

Հետեւաբար ադրբեջանական զինված ծառայողների առկայությունն առհասարակ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների՝ Սահմանադրությամբ եւ միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար»,-նշված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:

 

 

 

ՈՍՏԻԿԱՆ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որոշում է ընդունվել՝ բողոքը այլ մարմնի՝ ԱՀ գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին: ԱՀ ՄԻՊ հաղորդման հիման վրա՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որից մեկը ձերբակալվել է: Մարդու իրավունքների պաշտպանը հետեւողական է լինելու մարդու իրավունքների եւ ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների եւ այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում:

 

 

11 ՊԱՑԻԵՆՏ

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի եւս 1 բնակիչ, որը փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչեւ 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը:

 

 

ՉԻ ԿՐՃԱՏՎԵԼ

2020թ. Հայաստան 7300 ավտոմեքենա է ներկրվել (հիմնականում` ԱՄՆ-ից)` 2019-ի 189 հազար ավտոմեքենայի դիմաց: Ավտոմեքենաների ներմուծումը սպասված ծավալներով չի կրճատվել: Քանի որ ներմուծողները չէին հասցնում մինչեւ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար նախատեսված մաքսային արտոնությունների ժամկետի ավարտը, առաջարկվել է նախնական հարկային հայտարարագիր ներկայացնել, ինչը հնարավորություն է տվել հանել հարկը մինչեւ հայտարարագիրը լրացնելու օրը: Այս մեխանիզմի միջոցով 3.800 ավտոմեքենա ձեւակերպվել է 2019-ի մաքսային դրույքներով:

 

 




Լրահոս