ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սեւանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: ArmLur.am-ին այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը. «Այդ նպատակով անհրաժեշտ եւ վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաեւ ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից եւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից, որոնք ուսումնասիրվել են ոլորտային օրենսդրության հետ համադրությամբ:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սեւանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների եւ այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության եւ սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում:

Ըստ ՀՀ կառավարության՝ 18.12.2008թ.-ի թիվ 1563-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի եւ 5-րդ կետի 1-ին ենթակետի՝ Սեւանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին  ներառում է «Սեւան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչեւ 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:

Իսկ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական եւ այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության եւ ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ:

Նույն օրենքով կարգավորվում է, որ կենտրոնական գոտին «Սեւան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել եւ պահպանել Սեւանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի եւ ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները եւ կենսաբազմազանությունը:

Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սեւան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները:

Արդյունքում Սեւանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների եւ այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության եւ սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով «Սեւանա լճի մասին» 15.05.2001թ.-ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզվել են ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերեւեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

 

 

ԿՐԱԿԻ ՀԵՏ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Վարդգես (Ալբերտ) Սարգսյանը, որը 1985թ. փետրվարի 15-ին մասնակցել է մարզահամերգային համալիրի հրդեհի մարման աշխատանքներին.

 

«Ես՝ Վարդգես Սարգսյանս, 1985թ. փետրվարի 15-ին մասնակցել եմ մարզահամերգային համալիրի հրդեհի մարման աշխատանքներին: Հրդեհի ժամանակ հրշեջ աշխատողը կանգնած էր դռան մոտ: Ասացի՝ մտնիր ներս կրակը հանգցնելու համար, սակայն հրաժարվեց՝ ասելով, որ լավ է՝ դու մտնես: Իր գլխի սաղավարտը հանեց, դրեց իմ գլխին, եւ ես մտա համալիր՝ կրակի կռվի դաշտ: Մոտ 2 ժամից ավելի տեւեց: Կրակը հանգցնելուց հետո դուրս եկա շենքի անկյուն, որպեսզի բարձրանամ տանիքի վրա, տեսա Կարեն Դեմիրճյանին: Աչքերից թափվող արցունքներով, ձեռքերը գլխին պահած՝ ասում էր. «Վառողի… Ավելի լավն եմ կառուցելու»:

Նա կարծեց, թե ես հրշեջ աշխատող եմ: Ասացի, որ ֆիզինստիտուտի աշխղեկն եմ, երարդշինցի եմ: Այնուհետեւ  բարձրացա տանիքի վրա, տեսա՝ 4 երդիկները փակ են: Լինգի միջոցով կարողացա բացել դրանք. դուրս թափվեց ուգար բոցավառը: Նկատեցիքն, որ կանգնած է ուղղաթիռ, ժողովրդին արկղերով մածուն էին իջացնում: Հետո մտա վերելակի սենյակը, որտեղ տեղադրված էր էլեկտրական շարժիչը: Այդ պահին ուգարը շատ էր.  ուշաթափվեցի: Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի Աջափնյակի հիվանդանոցի 4-րդ հարկի վերակենդանացման բաժանմունքում: 2 օր մնալուց հետո իմ եղբոր ստորագրությամբ դուրս գրվեցի: Բժիշկների ասելով՝ սա մեր հերոսն է:

Հետագայում պարզվեց, որ էլեկտրական լամպերը, լինելով 500 մոմանոց լամպեր, մի քանի տեղ կախված լինելով, ամբողջ գիշեր վառվելուց հետո պայթել են ու ընկել փափուկ նստարանների վրա: Արդյունքում բռնկվել է հրդեհ:

Ամեն տարի փետրվարի 15-ին խոսում ու ցուցադրում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի մասին, բայց այդպես էլ չեն նշում, որ բոցի հետ կռվողը Վարդգես Սարգսյանն է եղել:

 

«Երարդշին» տրեստի N33 շինվարչության աշխղեկ Աշխատանքի վաստակավոր ղեկավարի կոչում Աշխատանքի վետերան՝ Վարդգես (Ալբերտ) Սարգսյան»:

 

 

 

 




Լրահոս