ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողների  աղմկահարույց սպանությունների կապակցությամբ, պարզվում է, ընդամենը հոդվածներ են առաջադրվել, որպեսզի աղմուկի պահին հանրությանը ցույց տան, թե գործ է արվում: Սակայն ամիսներ են անցնում, իսկ պատժվողներ այդպես էլ չեն լինում:  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մի տեսանյութ տարածեց Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Հովհաննես Վարդանյանի վերաբերյալ, ով հոգեկան խանգարում էր ստացել բանակում եւ գտնվում է Երեւանի Նորքի հոգեբուժարանում:Երեկ զրուցեցինք Հովհաննս Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի հետ: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր խնդրանքով արդեն քանի օր է` Հովհաննեսին տեղափոխել են տուն` բուժումը տանը շարունակելու պայմանով. «Ճիշտն ասած, ես էնտեղ փոփոխություն չէի զգում, իրանք էլ ասեցին, որ էսի երկար բուժում ա պահանջում»:  Պարոն Վարդանյանն  ասաց, որ դեղեր ընդունելուց հետո Հովհաննեսը կարողանում է քնել. «Ես ոչ մի փոփոխություն չեմ զգում, հոգեբույժն ասել է, որ մի 6 ամիս իրա վրա աշխատելու ա: Հովիկը դուրս ա գալիս, մտնում ա, բայց չգիտեմ` ինչ ա եղել, էսօր շատ անհանգիստ ա…»: Մեր զրուցակիցը նշեց, որ Հովհաննեսն անընդհատ խոսում է, ինչ-որ բաներ է պատմում, բայց երբ նրան կոնկրետ թեմայից հարցեր են ուղղում, թե ով է վատ վարվել կամ ով է ծեծել իրեն, պատասխանում է` ռազմական գաղտնիք ա. «Սկսում ա քայլել անհանգիստ, փոխում ա թեման, ոչ մեկի անունը չի տալիս, մեկ-մեկ ասում ա, որ կռիվ ա եղել, ու հետո էլ ուրիշ բան ա պատմում»:Հովհաննեսի հայրն ասաց, որ ինչ-որ մարդիկ են եղել, որոնք օգնել են իրենց դեղերի եւ բուժման հարցում: Օգնության կարիք ունեցող ընտանիքի հայրն ասաց, որ լսել է` ինչ-որ հաշվեհամար է  բացվել` իրենց օգնելու համար, բայց դեռ այդ գումարն իրենց չեն տրամադրել:Իսկ հուլիսի 29-ին կրկին ԼՂ պաշտպանական բանակում ժամը 06:45-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա շարքային Էդուարդ  Ալավերդյանը մարտական հենակետում ստացել էր հրազենային գնդակային մահացու վնասվածք: Ըստ տարածած հաղորդագրությունների` 19-ամյա Էդուարդը մարտական հենակետում իրեն ամրակցված ինքնաձիգից վիրավորել էր իրեն, ինչը հանգեցրել էր նրա մահվանը: Բայց Էդուարդի հայրը` Սեմյոն Ալավերդյանը, հայտարարեց, որ իր որդին ինքնասպան չի եղել:  «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ պարոն Ալավերդյանի հետ, ով ասաց, որ օրերս հանդիպել է քննիչների հետ եւ պարզել է, որ դեռ քննությունը չի ավարտվել: «Գործը հլը նույն վիճակում ա, մի տղայի են ձերբակալել, որը Շուշիի մեկուսարանում ա, մենակ հլը իրան են մեղադրում: Արդեն երկու ամիս է լրացել, բայց ոչ մի բան չկա: Ուզում եմ էլի հանդիպել քննիչների հետ, տեսնեմ` ինչ ա եղել, ինչ են անում: Ես ուզում եմ, որ էդ ինքնասպանությունը հանեն, իմ տղեն ինքնասպան չի եղել, հարցեր կան, որ անպատասխան են մնացել»,-նշեց մահացած զինվորի հայրը:ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Էդուարդ  Ալավերդյանի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով, այնուհետեւ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայող Սահակ Ասիլբեկյանին 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:Իսկ Հովհաննես Վարդանյանի հոգեկան շեղում ստանալու փաստով քր. գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:«Ժողովուրդ»-ը շարունակաբար կներկայացնի աղմկահարույց գործերն ու դրանց իրավական ընթացակարգը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս