Չի եղել որևէ իշխանություն, կառավարություն, որ շարունակի իր գոյությունը միայն ոստիկանության ուժերով կամ ոստիկանության թիկունքում. Արթուր Վանեցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում, որտեղ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացներ: Ոստիկանությունը շրջափակել էր շենքի բոլոր հարակից տարածքները, որպեսզի վարչապետը կարողանար մուտք գործեր կառավարության շենք:
Բախում էր տեղի ունեցել ոստիկանության եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջեւ, ոստիկանությունը ուժ էր կիրառել, որպեսզի Սաղաթելյանին բերման ենթարկի, որի ժամանակ Սաղաթելյանի քթից արյուն էր հոսել: Իշխան Սաղաթելյանին հաջողվել էր խուսափել ոստիկանական բաժին տեղափոխվելուց ու հեռացել էր տարածքից: Այսօր ընդդիմադիր գործիչների համակիրներից գրեթե բոլորին ոստիկանությունը բերման էր ենթարկել ոստիկանության վարչական շրջանների տարբեր բաժիններ:

ArmLur.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է «Հայրենիք» կուսակցոթյան առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ:

– Պարոն Վանեցյան, այսօր առավոտվանից ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողների նկատմամբ ու անգամ վնասվածք ստացավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ըստ Ձեզ, իշխանությունները նպատակ ունեն նման ձեւով ընդդիմությանը «վախեցնե՞լ»՝ առաջիկայում այլեւս նման ակցիաներ չիրականացնելու համար: Ո՞րն է Ձեր կարծիքն այս ամենի վերաբերյալ:

-Զուտ միջադեպերի առումով գնահատականը միանշանակ է. ոստիկանությունը կիրառում է անհամաչափ ուժ. մենք գործ ունենք չհիմնավորված ուժի կիրառման հետ: Մասնավորապես, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի դեմ բռնությունը որևէ արդարացում չի կարող ունենալ ու միանշանակորեն դատապարտելի և քստմնելի արարք է։ Սա խիստ մտահոգիչ է, և այդ գործելաոճը շատ արագ պետք է դադարեցվի։ Իսկ ընդհանուր մթնոլորտի առումով գնահատականը հետևյալն է` Հայաստանը մտնում է խորը ճգնաժամի մեջ, և փետրվարի 20-ի բազմամարդ հանրահավաքն ուղղակի պետք է բացեր բոլորի աչքերը, վերացներ բոլոր իլյուզիաները, որ երկրում ամեն ինչ հարթ է, և իբրեւ թե չկա հասարակական լարվածություն։

-Բայց կարծես թե իշխանություններն այն տեսակետին են, որ Հայաստանում ճգնաժամ չկա, անգամ իշխանափոխության պահանջ չկա, քանի որ հանրահավաքին «բերում» են մարդկանց ու այն առաջիկայում «մարել» է:

– Փետրվարի 20-ի հանրահավաքը մարդաշատ, կրկնում եմ՝ խիստ մարդաշատ, իսկ երեկվա քաղաքացիական ակցիաները, այսօրվա գործողությունները, գալիք օրերի ակցիաները վկայում են այն մասին, որ երկրում առկա է խորը ճգնաժամ, և այն չի կարող լուծվել ոստիկանական ուժերի գործադրմամբ։ Դեռևս չի եղել որևէ իշխանություն, որևէ կառավարություն, որ շարունակի իր գոյությունը միայն ոստիկանության ուժերով կամ ոստիկանության թիկունքում։ Հետևաբար հանգուցալուծումը պետք է լինի քաղաքական դաշտում, պետք է գտնվեն քաղաքական լուծումներ, պետք է լինեն բազմաշերտ կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի, հանրային շրջանակների միջև, որպեսզի գտնվի այն լուծումը, որը հնարավորություն կտա արագ լիցքաթափելու լարվածությունը, ունենալու էֆեկտիվ կառավարություն և արագորեն ձեռնամուխ լինելու պետության առջև կանգնած խնդիրների լուծմանը։ Կա ձևակերպում՝ ՕՄՕՆ-ի նախագահ, ՕՄՕՆ-ի վարչապետ, ՕՄՕՆ-ի իշխանություն։ Դա միջազգայնորեն ընդունված ձևակերպում է։ Ցավոք, Հայաստանում այսօր այդ վիճակին ենք հասել, նման բան չի կարող լինել, նման շռայլություն մեր երկիրն իրեն չի կարող թույլ տալ։

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս