Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մինչ օրակարգին անդրադառնալը ժողովականները աղոթեցին անցյալ տարի ի Տեր ննջած և արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին բերեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը։

Ժողովի ընթացքում մասնավոր քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների հետ առնչված խնդիրները, անդրադարձ կկատարվի առկա կացության մեջ արտագաղթի վտանգին, Արցախի սրբավայրերի պաշտպանության և պահպանության ուղղությամբ իրականացված քայլերին, հետպատերազմյան և համավարակային պայմաններում Եկեղեցու հովվական խնամքի և ծիսական կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։

Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող զեկույցներ»,- գրել է նա։




Լրահոս