ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր պայմանագիր. նախարար Արսեն Թորոսյանի վերջին «լավությունը» կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը, պարզվում է՝ մինչ նախարարի իր պաշտոնին հրաժեշտ տալը, հասցրել է ՄԻԲՍ ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ կնքել ևս մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն. 680 հազար դրամ: Պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին, ըստ որի ՄԻԲՍ-ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու:

Ինչպես հայտնի է,  ՄԻԲՍ ընկերությունը 2011-2015 և 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը: Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թևանյանը (2016/01/20-2017/01/10), այնուհետև կրկին Թորոսյանն է դարձել ընկերութան տնօրեն (2017/01/10-2018/05/29)։ Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս)։

Եվ առաջին անգամը չէ, որ այս ընկերության հետ խոշոր պայմանագիր է կնքվում:  2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել ՄԻԲՍ ընկերության հետ:

Եվ այստեղ հետաքրքիր է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա։ Եվ չնայած այս եզրակացությունը հրապարակվել էր 2020 թվականի նոյեմբերի 30-ին, սակայն հենց դրանից օրեր  անց է դեռ նախարար Թորոսյանը Վարդանուշ Թևանյանի հետ կնքել  հերթական պայմանագիրը:

«Միբս» ՍՊԸ-ն, բացի առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանի հետ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ։

Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են մեկ անձից գնումներ ընթացակարգով, մեկը՝ գնում չհանդիսացող ծախսեր ընթացակարգով:

 

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս