2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը հրապարակեց վճիռը։ Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:
Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման․ հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Գագիկ Եղիազարյան դատապարտվեց 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը։ Խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: