Փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել:
Ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր:
Պարզվեց, սակայն, որ հարսանյաց արարողության ժամանակ, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչներ՝ 27 և 29 տարեկան երկու տղամարդ, իրենց անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացաններից օդ են կրակել: Հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին: Զենքերը վերցվել ու փաթեթավորվել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված հինգ պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: