Երեւանի պետական համալսարանում կգործի ժամանակակից սարքավորումներով համալրված Դեղապատրաստուկների որակի հսկման եւ մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական եւ արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի եւ դրան հարակից մասնագիտական ոլորտներում: Կենտրոնի ստեղծումը եւ դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդրումը կնպաստեն ոլորտի հիմնարար եւ կիրառական հետազոտությունների արդիականացմանը, ինչպես նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստմանը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «Կրթական ծրագրերի կենտրոն« ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Աշխատանքային խումբը շրջել է բուհի կողմից վերանորոգված եւ լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, որը համալրվել է ծրագրով նախատեսված լաբորատոր կահույքով եւ գերժամանակակից վերլուծական սարքավորումների երկու խմբաքանակով: Շրջայցի շրջանակում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները եւ դրանց իրականացման ընթացքը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշել է, որ գերժամանակակից վերլուծական սարքավորումների մյուս խմբաքանակի մատակարարումը կիրականացվի ծրագրի հաջորդ փուլի ընթացքում: Միաժամանակ բուհը ոչ գումարային ներդրումների շրջանակում տրամադրել է նաեւ լաբորատոր սարքավորումներ ու համակարգչային տեխնիկա: Ընթացքում են «Դեղերի որակի հսկում եւ գնահատում» մագիստրոսական նոր ծրագրի հաստատման աշխատանքները:
Նշվել է, որ ծրագրի շրջանակում պայմանագրեր են կնքվել տեղական դեղագործական եւ հարակից մասնագիտական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների հետ: Արդյունավետ համագործակցություն է ծավալվում ոլորտի գիտահետազոտական եւ դեղագործական այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, «ԱՐՓԻՄԵԴ» եւ «ԼԻՔՎՈՐ» դեղագործական ընկերությունները, «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» եւ Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի պետական հետազոտական համալսարանը:
Այցի ընթացքում դիտարկվել է նաեւ արդեն իսկ ձեռք բերված լաբորատոր սարքավորումների համապատասխանությունը պայմանագրով սահմանված չափանիշներին, ինչպես նաեւ քննարկվել են դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին պատասխանատուները հավաստիացրել են, որ կենտրոնի զարգացման ռազմավարությունը մշակման փուլում է:
ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՄՏԵԼ Է ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏ
Երեկ բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի, նռնակով զինված, մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ եւ սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել են նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազները, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը եւ այլն: Փաստի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երթեւեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։
104 ՆՈՐ ԴԵՊՔ
ՀՀ-ում փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, առողջացել է 104 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Մեկ օրում կատարվել է 3198 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 707 329-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 506 դեպք, որոնցից 162 098-ը` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 803 է: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ 2021թ. հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 11-ը։
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա, իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի եւ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2020թ. սեպտեմբերի 14-ից 17-ը նշված տարածքներում իրականացրած չափագրման աշխատանքների արդյունքում արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման եւ ընդհանուր առմամբ 524028,7 խ/մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման փաստեր։
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ նշված տարածքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Կապույտ-Կոխի հրաբխային խարամի հանքավայրի հաստատված պաշարների եզրագծում եւ երբեւիցե ծանրաբեռնված չի եղել ընդերքօգտագործման իրավունքով:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով իրականացված գնահատմամբ՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի, այսինքն՝ հողի բերրի շերտի վնասման եւ ոչնչացման հետեւանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 22.620.000 ՀՀ դրամի վնաս, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում՝ 3 մլն 982 հազ. դրամի, համայնքային գյուղատնտեսական վարելահողերում եւ այլ հողատեսքերում՝ 9 մլն 509 հազ. դրամի, սեփականաշնորհված վարելահողերում՝ 9 մլն 129 հազ. դրամի չափով:
ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ նշված ծավալների արդյունահանման դեպքում, ենթադրական ցուցանիշներով, կապված հանքանյութի տեսակից՝ հաշվարկված միայն բնօգտագործման վճարը կարող է կազմել 78.000 ՀՀ դրամից մինչեւ 534.771.000 ՀՀ դրամ:
Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքում ստացվել են տվյալներ՝ չպարզված անձանց կողմից մինչեւ 2020թ. սեպտեմբերի 17-ը վերոնշյալ տարածքներում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները խախտելու, շրջակա միջավայրին էական՝ 22 մլն 620 հազ. դրամի վնաս պատճառելու, ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 524028,7 խմ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական՝ ընդհանուր առմամբ 78 հազ. դրամից մինչեւ 534 մլն. 771 հազ. դրամ վնաս պատճառելու վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով եւ 291-րդ հոդվածի 2-րդ մասով, հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: