«ԱՌԱՆՑ ԻՄԱՆԱԼՈՒ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ, «ՔԱՇՎՈՒՄ ԵՆ»»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս մի քանի տարին այնքան վատ է եղել մեր ժողովրդի համար, որ արդեն հերիք է: Այսքա՜ն զոհեր, վիրավորներ, այսքա՜ն կորուստներ…Սա շատ մեծ արհավիրք էր մեր ազգի համար,  դեռ շոկի մեջ ենք, դեռ չենք հասկանում, թե ինչ աղետի մեջ ենք հայտնվել: Կարծում եմ՝ երկար ժամանակ կպահանջվի այս ամենից դուրս գալու համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Արմինե Գրիգորյանը՝ անդրադառնալով պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակին:

 

Արմինե Գրիգորյանը լիահույս է, որ այսքան դժվարություններից ու փորձություններից հետո ժամանակն է, որպեսզի երկրում դրական փոփոխություններ լինեն:

«Պետք է տեղի  ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամեն մարդ կատարի իր ընտրությունը, բայց ժողովուրդը պետք է լինի տեղեկացված, իմանա, թե ում է իր ձայնը տալիս: Առանց իմանալու ընտրում են, «քաշվում են», հետո դուրս է գալիս՝ ընտրողն է մեղավոր, սխալ ընտրություն է կատարել:  Երկու տարի առաջ ընտրեցինք, տեսանք՝ ինչի հասանք: Իրենք երկիրը վարի են  տալիս, դուրս է գալիս՝ քաղաքացիներն են մեղավոր, եւ հույս ունեմ, որ այսքանից հետո ինչ-որ մարդիկ կհայտնվեն, որոնք  երկիրը սիրում են, հայրենասեր են, թասիբ ունեն եւ կկարողանան ոտքի հանել՝ անկախ նրանից, թե ով կլինի նա»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք Արմինե Գրիգորյանն ունի վարչապետի թիկնածու, Արմինե Գրիգորյանն ընդգծեց. «Իհարկե,  ունեմ թեկնածու, բայց չեմ կարող ասել, բոլորը կարող են լինել, բացի Նիկոլ Փաշինյանից: Հին ղեկավարները պետք է իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնեն, թեկուզ ժամանակավոր գան իշխանության  եւ փրկեն երկիրը: Նեղանալու ժամանակը չէ, երկրի կեսը կորցրել ենք, պետք է անհապաղ  միջոցներ ձեռնարկեն  եւ փրկեն մեր երկրի պետականությունը, արժանապատվությունը, որը շատ մեծ դժվարությամբ էինք վերականգնել»:

Անդրադառնալով վերջին  ամիսներին մշակութային գործիչների, մտավորականների ակտիվությանը ներկա իշխանության դեմ՝ մեր զրուցակիցը նկատում է, որ  ընտրությունների ժամանակ արվեստի մարդկանց լավ  օգտագործում են՝ ի շահ իրենց, բայց երբ իրենց պետք չեն,  արդեն մեջտեղից հանում են, ինչը նորմալ երեւույթ չէ:

«Ընդհանրապես, ես դեմ եմ, որ արվեստի մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Իսկ հիմա զոռով, շանտաժի միջոցով բոլորին խառնեցին իրար, մարդկանց պառակտեցին, սեւ ու սպիտակի բաժանեցին: Այսօր ցանկացած հայի, քաղաքացու, կարծում եմ, մտահոգում է մեր երկրի կարգավիճակը, մեր բանակը, մեր ապագան, թե ինչ է լինելու, ինչ է սպասվում մեր ժողովրդին, առանց այն էլ շատ ենք տանջվել, այլեւս ուժ չկա»,-հավելեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հավատում է՝ մեր ազգն ուժեղ է եւ ամեն փորձություն կարող է պատվով հաղթահարել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով կինոլեգենդի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը։

«Զարմանալի առատաձեռն ժողովուրդ ենք:

Ամերիկյան կինեմատոգրաֆին տվել ենք Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինոյին տվեցինք Անրի Վերնոյ, խորհրդային կինեմատոգրաֆին՝ Արտավազդ Փելեշյան: Բայց միեւնույն ժամանակ պետք է խոստովանենք, որ խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային եւ ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերեւս դժվար է գտնել: Եվ ինչպես ինքը` մեծ վարպետն է ասում. «Թեպետ իմ ֆիլմերում չկա հայերեն լեզուն, բայց այնտեղ կան շատ հայկական մտքեր»: Եվ մեկ այլ բնորոշմամբ վարպետն ասում է. «Իմ ֆիլմերն ունեն կարեւոր մի առավելություն՝ իմ ֆիլմերում չկա խոսք, բայց միեւնույն ժամանակ իմ ֆիլմերում կա մի մեծ բացթողում` այնտեղ բացակայում է խոսքը»:

Սիրելի՛ վարպետ, շնորհավորում ենք Ձեր տարեդարձը։ Դուք մեր իրականության մեջ ընկալվում եք Ձեր իսկ «Մենք» ֆիլմի նման. այստեղ բացակայում է միջին պլանը` կա՛մ Դուք մեր սրտերում եւ հոգիներում եք խոշոր պլանով, կա՛մ Դուք մեզ հետ եք ընդհանուր պլանի մեջ՝ մեր ժողովրդի, մեր ազգի հետ:

Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողներից մեկը Արտավազդ Փելեշյանին հարցրեց. «Ի՞նչ կանեք, եթե չգտնեք գումար Ձեր «Հոմո սապիենս» ֆիլմը նկարելու համար»: Վարպետը պատասխանեց. «Դուք գիտեք, ես ձեզ համար եմ ասում. ես այդ ֆիլմը վաղուց եմ տեսել»:

Սիրելի՛ վարպետ, երանի հաճախակի հայտնվենք Ձեր երեւակայական աշխարհում եւ հենց այդ երեւակայական աշխարհում էլ կառուցենք մեր հայրենիքի ապագան:

Ընդունեք մեր սրտի շնորհավորանքը եւ խորին խոնարհումը»,-սոցցանցի իր  էջում գրել է Ամիրյանը։

 

 

 

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը, ով որպես կամավոր մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, երկրպագուներին է ներկայացրել «Անցած օրեր» ստեղծագործությունը, որը գրել է պատերազմի օրերին:

«Այս երգը բանակում եմ գրել: Այն սիրո խոստովանություն է մեր ծնողներին, ովքեր առաջին արցախյան պատերազմից ի վեր արեցին ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք մանկություն, կրթություն, անկախություն, պետականություն… Այս պատերազմին էլ ժայռի պես կանգնած էին մեր կողքին: Ինչքա՜ն ցավ կա այսօր նրանց աչքերում»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ խոնարհվում է բոլոր ծնողների առջեւ: Ըստ Հայկի՝ սիրո եւ երախտիքի լավագույն դրսեւորումը կլինի ապահով երկիր կառուցելը ոչ միայն ապագա սերունդների, այլ նաեւ մեր ծնողների համար: Երիտասարդներն էլ իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որ լինեն արժանի զավակներ:

 

 

 

ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան ու կանանց թենիսի ասոցիացիան հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակները: Տղամարդկանց պայքարում առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որը նախօրեին 9-րդ անգամ նվաճել էր Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում սերբ թենիսիստին պարտված ռուս Դանիիլ Մեդվեդեւը բարձրացել է երրորդ տեղ, իսկ երկրորդն իսպանացի Ռաֆայել Նադալն է: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 21-րդ տեղ: Կանանց դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել ավստրալացի Էշլի Բարթին, իսկ Australian Open-ի հաղթողի կոչումը նվաճած ճապոնացի Նաոմի Օսական բարձրացել է երկրորդ տեղ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, 39-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլյամսը բարձրացել է 7-րդ տեղ: Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը զբաղեցնում է 129-րդ տեղը:

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԻ

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել իտալացի դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնի հետ գործող պայմանագիրը: Ակումբն արդեն աշխատանքներ է սկսել այդ ուղղությամբ: 43-ամյա Բուֆոնի նոր պայմանագիրը նախատեսված է կլինի մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը: Իտալացի դարպասապահը մտադիր է A սերիայում խաղալ մինչեւ 44 տարեկան եւ գերազանցել Մարկո Մալոտեի ռեկորդը: Մալոտեն 2008-ին Իտալիայի առաջնությունում վերջին հանդիպումն անցկացրել է 44 տարեկան, 38 օրականում: Ջանլուիջի Բուֆոնն A սերիայում անցկացրել է 654 հանդիպում, ինչը ռեկորդ է: Նորամուտը նշել է 1995-ին:

 

 

ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

«Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, գոլի հեղինակ դառնալով «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում (3:0), գրանցել է տպավորիչ ցուցանիշ: 27-ամյա Լուկակուն գոլի հեղինակ դարձավ չորրորդ միլանյան դերբիում անընդմեջ: Նախորդ անգամ «Ինտերի» խաղացողներից նման ցուցանիշ գրանցել էր Բենիտո Լորենցին (1950 թվականին): «Միլանի» խաղացողներից 1972-73 թվականներին Ռոմեո Բոնետին է հասել այդպիսի արդյունքի: Ռոմելու Լուկակուն 2019-ի ամռանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 81 հանդիպում ու խփել 57 գոլ:

 

 




Լրահոս