Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 30-ամյա Շավարշ Բարսեղյանը իր վարած ԹԸի 21054 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի հարեւանությամբ գործող, գազալցակայանը սնուցող գազախողովակներին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ արդյոք ապահովագրական ընկերությունը մեքենայի կամավոր ապահովագրության շրջանակներում մեքենայի առեւանգման դեպքում իրավունք ունի չվճարել ապահովագրական հատուցումը մինչեւ գործով նախաքննության ավարտը:
Հրայր Իսահակյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Իսահակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կնքված ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրողը պարտավորվում է ապահովագրավճարի դիմաց վճարել ապահովագրական հատուցում, եթե տեղի է ունենում պայմանագրով սահմանված իրադարձությունը: Եթե ապահովագրական ընկերության եւ հաճախորդի միջեւ կնքված պայմանագրով առեւանգումը նախատեսված է ապահովագրման ենթակա ռիսկերի շարքում, ապա առեւանգման փաստը արձանագրված լինելու ուժով ապահովագրական ընկերությունը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընկերությունը պարտավոր կլինի միայն այն դեպքում, երբ նման ձեւակերպում լինի պայմանագրում, հակառակ դեպքում կարող է նաեւ չտրամադրել։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ պարտավորություն ունի նպատակային ուսուցմամբ (պայմանագրային հիմունքներով գործուղված) ուսանողը:
Նելլի Սարուխանյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ նպատակային ուսուցմամբ ուսանող համարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:
Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: