ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ անիշխանություն է տիրում, եւ դա տարբեր օրերին դրսեւորվում է տարբեր կերպ: Վերջին երեք դրվագներին ականատես եղանք երկու օրերի ընթացքում։ Նախ՝ փետրվարի 22-ին Հայաստանը խայտառակ կերպով ներկայացավ Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին: Մասնավորապես, հայկական ընկերությունների տաղավարներում բացակայել են հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, եւ եղել են միայն բուկլետներ, այնինչ կողքի տաղավարում Ադրբեջանը ներկայացրել էր լայն ռազմամթերքի նմուշներ: Եվ զավեշտալի է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե  լոգիստիկ խնդիրներ են եղել, եւ ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի: Համաձայնեք՝ ավելի զավեշտալի արդարացում հնարավոր չէր մտածել: Ու պետք է նկատենք, որ նման «լոգիստիկ խնդիրների» պատճառով էլ անկազմակերպ պատերազմ վարվեց, եւ պարտվեցինք։ Դա էլ դեռ չմարսած՝ երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտարարեց, թե հայկական ինքնաթիռ է անհետացել: Պարզվում է՝ ամերիկյան ինքնաթիռը Թեհրանում է, իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անգամ տեղյակ էլ չէ դրանից եւ փորձում է քննություն իրականացնել ու պարզել: Այսինքն՝ մեր երկրից ինքնաթիռ էր անհետացել, եւ դրա պատճառների ու փաստի մասին տեղեկացանք պետական նախկին պաշտոնյայից ու դարձյալ զավեշտալի պարզաբանումներ լսեցինք։

Այս ամենին զուգահեռ՝ երեկ վերջնականապես համոզվեցինք, որ Հայաստանի վարչապետն այլեւս չի կարողանալու Երեւանում ազատորեն շրջել, ինչպես անում էր նախկինում՝ հեծանիվով կամ ոտքով շրջելով եւ ուղիղ եթեր մտնելով։ Երեկ առավոտյան նրա այցը Շրջակա միջավայրի նախարարություն վերածվեց ֆիլմի: Հանրապետության հրապարակը չորս կողմից հսկում էին հարյուրավոր ոստիկաններ, շենքերի տանիքներին դիպուկահարներ էին, իսկ Փաշինյանի թիկնապահական շարասյունն էլ ուժեղացված էր: Բացի այդ, նա այդ կարճ ճանապարհն անցավ ցուցարարների վիրավորանքների ներքո, եւ սա արդեն երկրորդ դեպքն է. դեկտեմբերի 19-ին էլ Փաշինյանն այսկերպ մուտք գործեց Եռաբլուր: Իրավիճակը գնալով թեժանում է։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչեւ այս երբեւէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից։ Ավելին, Մարությանն անկեղծացել է իր շրջապատում ու հայտարարել, որ կառավարության անպատասխանատվության հետեւանքով է, որ ինքը մինչեւ այսօր չի կարողացել իր տված խոստումները կատարել՝ վերազինել տրանսպորտը, վերակառուցել վերելակները եւ այլն: Ըստ Մարությանի՝ ինքը երբ դիմել է կառավարություն ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի, խոստացել են, բայց չեն տվել: Եվ  Մարությանն ասել է, թե ինքն այդ հարցերում քաշքշուկների մեջ է հայտնվել։ Հիմա Մարությանը փորձում է ամեն գնով իրեն արդարացնել ու գոնե քաղաքապետարանում իր վարկանիշը վերականգնել: Տեղեկացնենք, որ մարտի 16-ին կայանալու է Երեւանի ավագանու հերթական նիստը:

 

 

 

2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաեւ իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը  տեղեկացավ, որ դրանց թիվը նվազել է: Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ինչպես նաեւ 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի եւ դրամական միջոցների վրա: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 700-ով: Արագածոտնի մարզում 200-ով է նվազել բնակչության թիվը, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 300-ով, Շիրակում՝ 400-ով: Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1300 բնակչի նվազումը մտահոգիչ է, որքան էլ որ նկատի ունենանք, որ արտագնա աշխատողներ են եղել նրանց մեջ։ Իսկ, ահա, Վայոց ձորի մարզում 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչների քանակը կազմել է 17 հազար 100, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 16 հազար 900. այս մարզում 200-ով է պակասել բնակիչների քանակը: Մյուս բացասական նորությունն այն է, որ սահմանամերձ Տավուշի մարզում բնակիչները պակասել են 800-ով:  Երեւանում հակառակ պատկերն է. մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է 8000-ով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակիչների քանակը կազմել է 1 մլն 84 հազար մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 1 մլն 92 հազար մարդ: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին եւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, բնակություն հաստատում մայրաքաղաքում։ Այս հարցում ձախողեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

 

 

 




Լրահոս