ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը երկար ծիծաղել է «10 տոկոս պայթած» Իսկանդերի մասին Փաշինյանի հայտարարության վրա՝ հավելելով, որ նման բան հնարավոր չէ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել է լսելով հարցը, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը: