«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության դաշտում որոշակի խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում։ Ամենայն հավանականությամբ, մի քանի բլոկ կձեւավորվի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Թեեւ ոչ ոք դեռ չգիտի, թե երբ կկայանան այդ ընտրությունները, բայց դրանք կարող են շատ անսպասելի հայտարարվել, եւ քաղաքական ուժերը կարող են պատրաստ չլինել դրան, ինչպես, մեծ հաշվով, եղավ 2018 թվականին։
17 կուսակցություններից միմյանց հետ ճանապարհ կգնան, հավանաբար, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը եւ քոչարյանական թեւը։ Ընդ որում, ՀՅԴ-ն՝ որպես ավանդական եւ ինստիտուցիոնալ կուսակցություն, հավակնում է առավել գերակշիռ դերակատարում։ Սակայն, որպես կանոն, ցուցակ կազմելու ժամանակ գործընկերները համաձայնության չեն գալիս, եւ հավանական դաշինքը, դեռ չստեղծված, քանդվում է։
Հանրապետականն ու ԲՀԿ-ն իրենց համարում են ամենակայացած եւ ընտրական մեծ փորձ ունեցող ուժեր, ուստի հակված են միայնակ գնալու։ Մյուսներից քիչ թե շատ միավորվելու շանսեր ունի Հրանտ Բագրատյանը՝ մի քանի մանր կուսակցությունների հետ։ Մի բլոկ էլ կարող է ձեւավորվել ակտիվ պրոռուսական ուժերից, որոնք նոր ՍՍՀՄ ձեւավորելու գաղափարի կողմնակիցն են։ Ամեն դեպքում, արդեն հստակ է, որ առաջիկա ընտրություններին մեծ թվով մասնակիցներ են լինելու՝ փոքր ձայներով, եւ հստակ առաջատար ու մեծամասնություն չի ձեւավորվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։